Գերմանական լեգենդար Ռամշտայն ռոք խմբի մենակատար Թիլ Լինդեմանը շրջագայության է մեկնելու առանց խմբի, բայց ոչ մենակ: Լինդեմանը իր շվեդացի գործընկեր, Hypocrisy ռոք խմբի մենակատար Փիթեր Թեթգրենի հետ մարտին համերգներ կունենա Ռուսաստանում, Բելառուսում և Ուկրաինայում:
Համերգներն անցկացվելու են ոչ թե մարզահամալիրներում, որտեղ սովորաբար ելույթ է ունենում Ռամշտայն խումբը, այլ համերգասրահներում: Բացի այդ Լինդեմանը և Թեթգրենը համերգներ կունենան Ստոկհոլմում, Հելսինկիում, Պրահայում, Վիենայում, Ցյուրիխում, Փարիզում և Լոնդոնում: Համերգների ժամանակացույցի վերաբերյալ տեղեկություն կարելի է ստանալ շրջագայութան կայքից:
Լինդեմանի և Թեթգրենի համագործակցությունը սկսվել է 2015թ., երբ երաժիշտները թողարկեցին Skills in Pills համատեղ ալբոմը: Լինդեմանը երգել է անգլերեն, այս կերպ երաժիշտները ցանկացել են խուսափել Ռամշտայն խմբի հետ համեմատվելուց: Քննադատների և երկրպագուների կարծիքով՝ դա նրանց հաջողվել է, քանի որ ալբոմը շատ արագ գլխավորեց գերմանական հիթ-շքերթները:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ