Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՀՖՖ նախկին գործադիր տնօրենը բացառում է, որ Ռուբեն Հայրապետյանը ֆեդերացիայում չարաշահումներ է կատարել

Փետրվար 04,2020 21:15

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանին ՀՀ ոստիկանության շենքի առջեւ աջակցողների մեջ էր նաեւ ՀՖՖ նախկին գործադիր տնօրեն Արմեն Մինասյանը: Հենց տեղեկացել է, որ Ռուբեն Հայրապետյանը բերման է ենթարկվել, եկել է ոստիկանության շենքի մոտ: Նա այդ մասին ասաց Aravot.am-ին: Մեր զրույցի ընթացքում անդրադարձ եղավ նաեւ շրջանառվող այն լուրերին, թե Ռուբեն Հայրապետյանի պաշտոնավարման ժամանակ ՀՖՖ-ում չարաշահումներ են եղել:

«Միանշանակ բացառում եմ: Այդ լուրերն, ըստ երևույթին, տարածվում են քաղաքական նպատակներով: Մի բան պարզ է, որ իրականությունը ճիշտ հակառակն է: Պարոն Հայրապետյանի ղեկավարման տարիներին արվել է ավելի շատ բան, քան ֆեդերացիան միջոցներ է հատկացրել: Ռուբեն Հայրապետյանը իր ընտանիքի բյուջեից տասնյակ միլիոնավոր դոլար է ներդրել ֆեդերացիայի աշխատանքներն ավելի արդյունավետ կազմակերպելու համար: Այնպես որ, չարաշահումների կամ ինչ-որ յուրացումների մասին խոսելն անիմաստ է: Ո՞վ կարող է տրամաբանված բացատրել, թե ինչպե՞ս հնարավոր է, որ մարդն իր անձնական միջոցներից միլիարդավոր դրամներ ներդնի ու հետո ցանկանա այդ գումարներից յուրացումներ անել: Հենա չէր ներդնի, չէր տրամադրի: ինչի՞ մասին է խոսքը՝ չեմ հասկանում»: Հարցին, թե ինչո՞ւ ՀՖՖ նախկին եւ ներկա աշխատակիցները, որոնք աշխատել են Ռուբեն Հայրապետյանի հետ, հիմա այստեղ չեն, Արմեն Մինասյանը պատասխանեց. «Նրանց փոխարեն ոչինչ ասել չեմ կարող: Գուցե, տեղյակ չեն, այլապես գալ ցանկացողներ, կարծում եմ, կլինեին: Կամ էլ՝ այսօրվա լարված մթնոլորտի առկայության պայմաններում գերադասել են մի կողմ քաշված մնալ»:

Ռուբեն Հայրապետյանի ծավալած գործունեության մասին արտահայտվել ցանկացավ նաեւ մայրաքաղաքի Ավանի նախկին թաղապետի տեղակալ Սամվել Ղումաշյանը: «Ռուբեն Հայրապետյանը իր անձնական միջոցներով Ավան թաղամասում խաղահրապարակներ է կառուցել, որոնք հիմա էլ տեղում են,  ֆինանսական աջակցություն է ցույց տվել անապահով ընտանիքներին՝ ժողովուրդը դա կփաստի: Էլի շատ լավ գործեր է արել: Եվ ոչ միայն Ավան թաղամասի համար, որտեղ ինքը ապրում էր: Իմ իմանալով, եթե նրան դիմել են, օգնել է նաեւ այլ թաղամասերի բնակիչներին»,-ասաց նա:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829