Լրահոս
Օրվա լրահոսը

«Որեւէ մեղադրանք չենք ընդունել, բայց պատրաստակամություն ենք հայտնում, որ մեղսագրվող գումարները հարազատների, ընկերների միջոցով վճարենք դեպոզիտ հաշիվ». Գագիկ Խաչատրյանի փաստաբան

Փետրվար 04,2020 21:01

Ֆինանսների նախկին նախարար, ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի կալանքը երկարացնելու վերաբերյալ դատարանի որոշման դեմ փաստաբանական խմբի բողոքի քննությունն էր Վերաքննիչ քրեական դատարանում:

Խաչատրյանների փաստաբան Երեմ Սարգսյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ բողոքում մի քանի խնդիր է բարձրացրել, ըստ որի, Եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտում է տեղի ունենում պետական իրավասու մարմնի կողմից, խոսքը վատ վերաբերմունքի մասին է: Հաջորդ խնդիրը հիմնավոր կասկածի բացակայության խնդիրն է, այն ապացույցները, որոնք ներկայացրել են, չի հիմնավորվում, կալանավորման հիմքերն են բացակայում:

Արդեն երկրորդ անգամ է, որ երկարացվում է Գագիկ Խաչատրյանի կալանքի ժամկետը եւ արդեն 6-րդ ամիսն է՝ նա կալանքի տակ է: Երեմ Սարգսյանն ասաց, որ վարույթն իրականացնող մարմինը պնդում է, թե կարող է թաքնվի, մինչդեռ Գագիկ Խաչատրյանը նման վարքագիծ չի կարող դրսեւորել. «Գագիկ Խաչատրյանը պարբերաբար բուժման մեջ է գտնվել Գերմանիայում, վիրահատությունների է ենթարկվել եւ 2018-ին, երբ ողնաշարի վիրահատության է ենթարկվել, պարտադիր վերականգնողական բուժում պետք է ստանար, սակայն քրգործ է հարուցվել ՀՀ-ում եւ ընդամենը  մեկ զանգով ընդհատել է Գագիկ Խաչատրյանն իր բուժումը, եկել է ներկայացել է վարույթն իրականացնող մարմնին՝ պայմանով, որ պետք է վերադառնա եւ շարունակի բուժումը: Եթե նա ներկայացել է, ինչո՞ւ պետք է ազատության մեջ հայտնվելով՝ թաքնվի: Երբ ասում են, որ կարող է  խոչընդոտի,  ցանկացած գործ, որը ընթացքի մեջ է, կարող են վերացականորեն ասել, որ գիտեք ինչ կա, քննություն է ընթանում, եթե ազատության մեջ լինի, կարող է ազդեցություն գործի, խոչընդոտի: Բայց Եվրոպական դատարանի կանոններն այնպես են, որ դրանք պետք է կոնկրետ փաստական տվյալներով հիմնավորվեն»:

Փաստաբանը հիշեցրեց, որ Գագիկ Խաչատրյանը, մեղավորի կարգավիճակ ունենալով, 5 ամիս ազատության մեջ է եղել, չի խոչընդոտել: Երեմ Սարգսյանն ասաց. «Մշտապես նախաքննական մարմինը եւ դատախազությունը պնդում են, որ այս գործով հարցաքննվում են Գագիկ Խաչատրյանի հարազատները, նրա նախկին աշխատակիցները: Երբ որ այդ անձանց 2019-ի փետրվարից հարցաքննում էին, բնականաբար, Գագիկ Խաչատրյանը գիտեր այդ մասին: Երբեւէ խոչընդոտե՞լ է, չի՛ խոչընդոտել, չկա փաստ այդ մասին: Հիմա նորից հարց է ծագում՝ լավ, ինչի՞ց ելնելով են հիմա ասում, որ երբ հայտնվեց ազատության մեջ, կարող է խոչընդոտի: Այսօր որեւէ մեկը կարող է կասկած ունենալ, որ Գագիկ Խաչատրյանը կարող է ԱԱԾ-ում քննվող գործով ինչ-որ պետական այլ մարմնի վրա ազդեցություն գործադրի՞: Ակնհայտ է, որ այսօր չի կարող նման բան լինել, բայց ձեւական ասում են»:

Փաստաբանը հիշեցրեց, որ Եվրոպական դատարանը այս հիմքերով որոշումներ ունի Հայաստանի դեմ:

Երեմ Սարգսյանը, խոսելով Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի մասին, հայտարարեց. «Այստեղ արդեն խոշտանգման, վատ վերաբերմունքի երեւույթներ կան: Ժամանակին բուժօգնություն չստանալով՝ հիմա առաջացել է կրկնակի վիրահատության կարիք, դա էլ թույլ չեն տալիս: Գագիկ Խաչատրյանի վիճակը ՔԿՀ-ում շատ խիստ վատացել էր, բժիշկներն այցելել էին ու արձանագրել խնդիրը, որից հետո նա տեղափոխվել էր «Աստղիկ» ԲԿ՝ հետազոտության համար: Բժշկական կոնսիլիումը՝ բարձրակարգ մասնագետների ներգրավմամբ, տվեց ցուցում ստացիոնար բժշկական պայմաններում բուժվելու վերաբերյալ: Բայց հենց նույն օրը Գագիկ Խաչատրյանը տեղափոխվեց «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ: Դրանից հետո գրավոր դիմումներով, պահանջներով դիմել ենք իրավասու մարմիններին, որ ապօրինությունը դադարեցվի եւ Գագիկ Խաչատրյանը տեղափոխվի բուժկենտրոն՝ իր միջոցներով բուժում ստանալու: Մինչեւ հիմա՝ արդեն 11 օր է, Գագիկ Խաչատրյանը չի տեղափոխվում: Հարց է առաջանում՝ պետական մարմիններն ի՞նչ շահ ունեն՝ անձի իրավունքները ոտնահարելու առումով: Պետությունը պարտավորություն ունի յուրաքանչյուր քաղաքացու համար առողջությունը պահպանելու: Բազմաթիվ վարկածներ կարող եմ ունենալ, թե ինչու: Չեմ ուզում այս պահին շտապել»: Ըստ փաստաբանի, եթե ապօրինությունը չվերացվի, անդառնալի հետեւանքներ կարող են լինել:

Հարցին՝ որեւէ դրվագով Գագիկ Խաչատրյանը մեղադրանքն ընդունո՞ւմ է, թե՞ ոչ՝ Երեմ Սարգսյանը պատասխանեց. «Որեւէ մեղադրանք չենք ընդունել, բայց պատրաստակամություն ենք հայտնում, որպեսզի այդ մեղսագրվող գումարները հարազատների, ընկերների միջոցով վճարենք դեպոզիտ հաշիվ, որպեսզի պետությունը եւս մեկ անգամ վստահ լինի, որ որեւէ կերպ քննությանը խոչընդոտելու միտում չկա: Գագիկ Խաչատրյանը Գերմանիայից վերադարձել է այն նպատակով, որ քննություն տեղի ունենա ու ամեն ինչ պարզվի: Նա հայտարարել է, որ եթե ապացուցվեց, որ ես մեղավորություն ունեմ, պատրաստ եմ դրանց համար պատասխան տալ»:

Այսօր դատավոր Սերգեյ Մարաբյանը որոշումը չի հրապարակել: Այն կհրապարակվի փետրվարի 6-ին, ժամը 11-ին:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829