Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Ես սպանդանոցներից բան չեմ հասկանում, բայց գիտեմ՝ Օթելլոն հաստատ մորթելու է Դեզդեմոնային». Հանրային խորհուրդը քննարկեց սպանդանոցների հարցը

Փետրվար 04,2020 20:22

«Գյուղացին պետք է զբաղվի իր գործով, մնացածը պետությունը սպանդանոցների հետ թող լուծի այդ խնդիրները»,-այսօր Հանրային խորհրդում (ՀԽ) տեղի ունեցած արտահերթ նիստում ասաց ՀԽ անդամ Սմբատ Լպուտյանը:

Նա արձագանքեց Հանրային խորհրդի Գյուղատնտեսական հարցերով հանձնաժողովի նախագահ Վարդան Համբարձումյանին, երբ նա ներկայացրեց խորհրդի ուսումնասիրության արդյունքները, թե անասնաբույծների հետ հանդիպումներից ու սպանդանոցներ այցելություններից հետո ինչպիսի խնդիրներ են արձանագրել: Խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանն ասաց, որ դրանց վերաբերյալ փաստաթուղթ են կազմել, որտեղ նաեւ լուծումներ են առաջարկում կառավարությանը: Խորհրդի նիստում բոլոր անդամներն իրենց կարծիքը հայտնեցին սպանդանոցների շուրջ ստեղծված խնդրի վերաբերյալ:

Վարդան Համբարձումյանն ասաց, որ մորթը սպանդանոցներում ազգի առողջապահության հարցն է, սակայն դրանց գործարկման հետ միասին, անասնաբույծների համար, իսկապես,  առաջ են եկել այնպիսի խնդիրներ, որոնք նրանց փաստի առաջ են կանգնեցնում:

Հանդիպումների ժամանակ անասնաբույծները դժգոհել են, որ իրենց համար դժվար է հարյուր կիլիոյանոց անասուններին մեքենաներ բարձրացնել, որ սպանդանոցների մեքենաները վերասարքավորված չեն եւ անասուններին տեղափոխելու համար միայն վարորդն է գալիս: Բացի այդ, այդ եղանակով անասուններին տեղափոխելիս նրանք սթրեսից քաշ են գցում, վնասվում են եւ միսը դադարում է լինել բարձր կարգի: Անասնաբույծները նաեւ բողոքել են, անտեղի ժամանակի կորուստ են ունենում եւ ստիպված են լինում սպանդանոցներում 5-7 ժամ սպասել, մինչեւ որ իրենց անասունը մորթի կենթարկվի: Մեկ այլ անասնաբույծ էլ դժգոհել է սպանդանոցում ոչ թափանցիկ մորթի կազմակերպումից՝  նշելով, որ անասունը մի տեղից մտնում է, ապա, միսը մեկ այլ տեղից դուրս գալիս եւ ոչ ոք չգիտի դա ի՞ր անասունն է թե՝ ոչ:

Ուռուցքաբանության ազգային ինստիտուտի նախկին ղեկավար Հայրապետ Գալստյանը մտահոգություն հայտնեց, որ սպանդանոցներում հակասանիտարական վիճակ է, դրանց կողքով անցնելիս վատ հոտ է գալիս, թափոնների հարցը լուծված չէ, պարզ չէ՝ վարակներով անասուններին մորթում են թե՝ ոչ:
Կարծիք եղավ նաեւ, որ կոոպերատիվների սկզբունքով պետք է սպանդանոցները խթանել, որպեսզի գյուղացիները շահագրգռված լինեն այն իրենց համայնքում ունենալ:

Վարդան Համբարձումյանն ասաց, որ խորհրդի առաջարկություններից մեկը մսագործներին սուբսիդավորելն է:

Մանրամասները՝ տեսանյութում

Հանրային խորհրդի անդամ, Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ  Գագիկ Մակարյանը  սպանդանոցների համար առանձնացրեց երեք խնդիր՝ աշխատանքի անվտանգությունը, բնապահպանական խնդիրն ու սննդի անվտանգությունը:

Նա նաեւ առաջարկեց սպանդանոցների վճարած հարկերն ուղղել հենց մատնանշված սուբսիդիաներին: Պարոն Մակարյանը որոշ առումներով համամիտ չէր անասնաբույծների հայտնած մտահոգությունների հետ՝ նշելով, որ հնարավոր է նրանք ինչ-որ բաներ չափազանցնում են. «Այնպես չէ, որ բոլոր անասունները վնասվեցին, խեղդվեցին, ինչպես նրանք են ասում, մենք պետք է նաեւ օգնենք կառավարությանը, որպեսզի սպանդանոցներն անպայման ներդրվեն»:

Պարոն Մակարյանի դիտարկումները՝ տեսանյութում:

Վարդան Համբարձումյանի խոսքով, եթե այդ բոլոր հարցերը չլուծվեն, ապա հուլիսի մեկից էլ խնդիրը լուծված չի լինելու: Նա նաեւ խնդիր համարեց անասնաբույծների պասիվությունը, որոնք ստեղծված անորոշության պատճառով իրենց անասունների գլխաքանակը չեն համալրում, քանի որ չգիտեն իրենց ինչ է սպասվում:

Երբ սպանդանոցների վերաբերյալ կարծիք հայտնելու հերթը հասավ ՀԽ անդամ, դերասան, թատերական ռեժիսոր Արմեն Էլբակյանին, կատակեց՝ ես սպանդանոցներից բան չեմ հասկանում, բայց գիտեմ՝ Օթելլոն հաստատ մորթելու է Դեզդեմոնային, թե մորթը որտեղ կարվի, արդեն կապ չունի:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829