Լրահոս
Ալիեւը «շիրա էր տալիս»
Օրվա լրահոսը

Փայլանը դիմել է թուրք նախարարին՝ պարզաբանելու հայերից խլված անշարժ գույքի շուրջ ծավալվող զարգացումները

Փետրվար 04,2020 22:44

Նախկինում հայ համայնքին պատկանած, սակայն հանրապետական շրջանում պետության կողմից բռնագրավված «Սանասարյան հան» (Սանասարյան տուն) անշարժ գույքի շուրջ զարգացումները շարունակվում են:

Ներկայում Թուրքիայի Հիմնադրամների գլխավոր վարչության հաշվեկշռում գտնվող պատմական շենքը հունվարի 28-ին մրցույթային կարգով 35 տարի ժամկետով վարձակալության է տրվել մի մասնավոր ընկերության՝ չնայած այն բանի, որ «Սանասարյան հան» սեփականության հարցը Պոլսի հայոց պատրիարքարանը վիճարկում է Թուրքիայի Սահմանադրական դատարանում:

Տեղի ունեցածի կապակցությամբ Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) հայ պատգամավոր Կարո Փայլանը գրավոր հարցումապնդում է հղել Թուրքիայի մշակույթի և տուրիզմի նախարար Մեհմեթ Նուրի Էրսոյին:

Մեջլիսի հայ պատգամավորը հարցադիմումի մեջ նախ իր մտահոգություններն է հայտնել հայկական շենքի շուրջ տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ, մասնավորապես շեշտելով, որ շենքը մասնավոր մի կասկածելի ընկերության հյուրանոց դարձնելու նպատակով վարձակալության է տրվել այն պայմաններում, որ  շենքի սեփականության իրավունքը վիճարկվում է Թուրքիայի ՍԴ-ում: Ապա` հիշեցրել, որ հասարակության մեջ հիմնավոր մտահոգություններ կան առ այն, որ պատմական շենքի համար կարող է անդառնալի հետևանքներ ունենալ այն վերանորոգումը, որը պետք է արվի «Սանասարյան հան»-ը հյուրանոց դարձնելու համար:

Փայլանը հետաքրքրվել է, թուրք նախարարից, թե արդյոք նրա ղեկավարած գերատեսչությունը հաստատելու է շենքի վարձակայությունը՝ հաշվի առնելով ընթացքի մեջ գտնվող իրավական գործընթացը:

Փայլանը Էրսոյին հարցեր է ուղղել նաև վարձակալության մրցույթը մամուլի համար փակ անցկացնելու պատճառների, մրցույթում հաղթող ճանաչված ընկերության առաջարկած պայմանների, ինչպես նաև այն մասին, թե ինչ իրավական հարաբերություններ կարող են ունենալ պատրիարքարանը և վարձակալության մրցույթը շահած կազմակերպությունը այն դեպքում, եթե դատարանը պատրիարքարանին հետ վերադարձնի «Սանասարյան հան»-ի նկատմամբ սեփականության իրավունքները:

Աղբյուր`  

Ermenihaber.am/ Bianet

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829