Լրահոս
Օրվա լրահոսը

Վահագն Սահակյան. «ՌԴ-ում հայկական պետահամարանիշերով մեքենաները 15 օրից ավելի չեն ապահովագրում. սա մեսիջ էր, որ շուտով էդ մեքենաների հոսքի դեմն առնելու են»

Փետրվար 04,2020 18:40

Ավտոներկրողները պատրաստվում են բողոքի ցույցի, մեծ քանակությամբ ներկրված մեքենաներ չեն կարողանում վաճառել: Հիմնական գնորդը Ղազախստանի քաղաքացիներն էին, որոնք այլեւս չեն կարողանում Հայաստանից գնված մեքենաներն իրացնել իրենց երկրում:

Տաքսի ծառայությունների գործատուների ճյուղային միության նախագահ Վահագն Սահակյանն Aravot.am-ի հետ զրույցում ասում է՝ ինչի՞ համար են բողոքում ավտոներկրողները՝ դա մեր պետության գործառույթը չէ, նրանք բողոքում են, որ իրենց մեքենաները չեն վաճառվում Ղազախստանում, այս դեպքում ի՞նչ կարող է անել մեր պետությունը:

Բայց Սահակյանը մտահոգություն ունի՝ նրանք ՀՀ քաղաքացիներն են, այդ փողերը, որ կորում են, մեր պետության հարստությունն են: «Պետությունը ժամանակին քայլեր չի ձեռնարկել այդ մարդկանց իրազեկելու, որ իրենց ինչ է սպասվում: Մաքսային միության պետությունները երբեք թույլ չէին տա, որ հայերը օգտվելով ինչ-որ անորոշ ճանապարհներից՝ գումար աշխատեն: Ես էլ եմ ուզում, որ մեր քաղաքացիները գումար աշխատեն, բայց դրա համար գրագիտություն է պետք, եւ հարկավոր էր օրենքն ամբողջությամբ ուսումնասիրել»,-ասաց Սահակյանը:

Մինչ 2020 թվականը ՀՀ քաղաքացիները մեծ քանակությամբ տրանսպորտային միջոցներ ներկրեցին 3-րդ երկրներից: Ղազախստանի քաղաքացիները Հայաստանում ժամանակավոր հաշվառվում էին, ձեռք էին բերում 3-րդ երկրից ներմուծված ավտոմեքենա, ստանում հայկական պետհամարանիշ ու այդ համարներով իրենց երկրում վաճառում մեքենան: Իսկ որպեսզի իրենց երկրի պետահամարանիշով հաշվառեն տվյալ մեքենան, պետք է բարձր մաքսատուրք վճարեն: Մինչդեռ Հայաստանում 2015 թվականից 5 տարով արտոնյալ ժամկետ էր, ԵԱՏՄ բարձր մաքսատուրքերը հետաձգվել էին: Այս տարի այլեւս չկան այդ արտոնությունները:

Ղազախստանի կառավարությունը հայտարարել է՝ հայկական կամ ղրղզական պետհամարանիշերով ավտոմեքենաները, որոնք գտնվում են երկրի տարածքում մեկ տարուց ավելի եւ գրանցված չեն՝ դուրս կհանվեն երկրից: Բանն այն է, որ այս երկրի իրավապահները վստահեցրել են՝ արտասահմանյանին պետհամարանիշերով ավտոմեքենաներով կատարված հանցագործությունների թվի աճ կա: Ղազախստանցիները, որոնք ՀՀ-ից ավտոմեքենաներ են ձեռք բերել, բողոքի ցույցեր են անում, պահանջում են նվազեցնել մեքենաների վերագրանցման արժեքը, նրանք նաեւ հայտարարում են, թե Ղազախստանի կառավարությունը նման սահմանափակում է դնում՝ երկրում ավտոմեքենաների ներկրմամբ զբաղվող բարձրաստիճան պաշտոնյայի բիզնեսի շահույթն ապահովելու համար:

Վահագն Սահակյանն ասում է՝ հայկական պետհամարանիշերով մեքենաների շահագործումն այդ երկրի տնտեսության համար ձեռնտու չէ, նրանք քայլեր են ձեռնարկում դրա դեմն առնելու. «Օրինակ՝ դեկտեմբերի կեսերից Ռուսաստանում ապահովագրական ընկերությունները հայկական պետահամարանիշերով ավտոմեքենաները 15 օրից ավելի չեն ապահովագրում: Սա լուրջ մեսիջ էր մարդկանց, որ շուտով էդ մեքենաների հոսքի դեմն առնելու են: Հիմա ՀՀ մտած այդքան մեքենան ի՞նչ են անելու, չգիտենք: Դեռ տասնյակ հազարավոր մեքենաներ էլ ճանապարհին են: Երբ նման մեծ գումարների ներդրում են անում, ինչի՞ վրա են հույս դնում, որ ցույց կանեն ժամկետ երկարացնեն, օրե՞նք փոխեն: Իսկ այն մարդիկ, ովքեր ենթարկվել են օրենքին, բա իրենց վիճակն ի՞նչ է լինելու: Ի՞նչ է ստացվում, այս երկրում օրենքը պետք է հաշվի չառնե՞ն»:

Սահակյանը մեկ այլ խնդրի վրա էլ է ուշադրություն հրավիրում.«Մեր երկրում կա տրանսպորտային միջոցների համար գույքահարկ, օրենքն ասում է՝ անկախ նրանից՝ շահագործում ես, թե՝ ոչ, եթե քո անունով հաշվառված է՝ պարտավոր ես գույքահարկ վճարել: Այս հարցը բաց է: Ղազախստանի քաղաքացիները մեր երկրում հաշվառվում էին, թեկուզ ավտովաճառողի հասցեում, իրենց անունով գրանցում են տրանսպորտային միջոցը, Հայաստանում կանգնեցնում հաշվառման ու այդ պետհամարանիշով տանում են իրենց երկիր շահագործման: Հիմա գույքահարկն ո՞վ է վճարելու, ու եթե ղազախստանցին չի վճարում՝ ի՞նչ օրենքներ կան, որ Ղազախստանի ռեզիդենտից գույքահարկ ուզի, չի կարող: Նույնը բալային համակարգում է: Օրինակ՝ ՌԴ քաղաքացին եկել Հայաստան, իմ մեքենան վարում է, տուգանքները ես կվճարեմ, իսկ բալերն ումի՞ց են հանելու, եթե ՀՀ քաղաքացի չի, ինչպես են զրկելու վարորդական իրավունքից»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829