Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Տնտեսվարող սուբյեկտների կողմից 1 կգ գազի իրացման նույն գնի կիրառումը կարող է ենթադրել տնտեսվարող սուբյեկտների միջև առկա գնային հնարավոր համաձայնեցման մասին. ՏՄՊՊՀ

Փետրվար 04,2020 18:24

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն ամփոփել և հրապարակել է նաև «Սեղմված գազ» ապրանքային շուկայում իրականացված ուսում­նասիրության  արդյունքները: Ուսումնասիրության հիմնական նպատակն էր ստանալ այս ապրանքային շուկայի արդի վիճակի ամբողջական պատկերը, գնահատել մրցակցային միջավայրը հաշվե­տու ժամանակահատվածի համար, ի հայտ բերել մրցակցությունը սահմանափակող հնարավոր խոչընդոտները և ներկայացնել լուծման ուղիներ մրցակցային միջավայրը բարելավելու նպատակով։

Հանձնաժողովն արձանագրել է, որ սեղմված գազի իրացումը ՀՀ-ում իրականացվում է 2 փուլով՝

Մեծածախ վաճառք, որն իրականացվում է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի միջոցով և հանդիսանում է բնական մենաշնորհ:
Մանրածախ վաճառք, որն իրականացվում է շուրջ 344 տնտեսվարող սուբյեկտների կողմից, որոնք շահագործում են 357 ավտոգազալիցքավորման ճնշակայաններ (ԱԳԼՃԿ):

Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ԱԳԼՃԿ-ների ոլորտ մուտք գործելու և գործունեություն իրականացնելու համար օրենսդրական դաշտի առումով խոչընդոտներ առկա չեն: Սպառողների, ինչպես նաև ԱԳԼՃԿ-ների շահերի պաշտպանության տեսանկյունից խնդիր է նաև այլընտրանքային լաբորատորիայի բացակայությունը:

Քաղաք Երևանում և Հայաստանի Հանրապետության մարզերում գործող ԱԳԼՃԿ-ների գործունեության ուսումնասիրության արդյունքները փաստում են, որ

Երևան քաղաքում խորանարդ մետրից կիլոգրամի անցման դեպքում որոշ տնտեսվարող սուբյեկտներ վարել են միանման գնային քաղաքականություն այն դեպքում, երբ վերջիններս ունեցել են իրարից տարբերվող ինքնարժեք կազմող ծախսային բաղադրիչներ: Տնտեսվարող սուբյեկտների կողմից 1 կգ գազի իրացման նույն գնի կիրառումը կարող է ենթադրել տնտեսվարող սուբյեկտների միջև առկա գնային հնարավոր համաձայնեցման մասին:

ՀՀ մարզերում գործող ԱԳԼՃԿ-ների գործունեության ուսումնասիրության արդյունքները կարող են վկայել 2 խումբ խնդիրների մասին: Նախ՝ որոշ մարզերում տնտեսվարող սուբյեկտների կողմից վարվում է միանման գնային քաղաքականություն և երկրորդ՝ որոշ մարզերում սեղմված գազը երբեմն իրացվում է էական ցածր գներով, ինչը կարող է որոշակի ռիսկեր պարունակել: Սակայն հաշվի առնելով, որ ոլորտում չկան գերիշխող դիրք ունեցող ընկերություններ՝ հանձնաժողովն առավել խորը ուսումնասիրություն չի իրականացրել:

Քաղաք Երևանում և մարզերում խորանարդ մետրով վաճառքի ժամանակ որոշ տնտեսվարող սուբյեկտների մոտ առկա է եղել բացասական շահութաբերություն, որը հետագայում` կիլոգրամի անցնելիս, հիմնականում փոխվել է:  Նշված երևույթը կարող է վկայել խորանարդ մետրով իրացման ժամանակ որոշ գազալցակայաններում առկա ստվերային շրջանառության մասին:

Ուսումնասիրության արդյունքները փոխանցվել են նաև համապատասխան իրավասու այլ գերատեսչություններին:

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության

պետական հանձնաժողով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829