Լրահոս
Օրվա լրահոսը

Դեռ չնշանակած՝ պաշտոնազրկեցին․ Շիրակի մարզպետարանը՝ դարձյալ առանց առողջապահության վարչության պետի

Փետրվար 04,2020 17:55

Ինչպես տեղեկացրել ենք, ընդամենը մի քանի օր առաջ՝ հունվարի 23-ին Սուսաննա Հովհաննիսյանը նշանակվել էր Շիրակի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար։ Այդ պաշտոնի համար դիմել էին երկու հոգի՝ Արման Աղաքարյանն ու Սուսաննա Հովհաննիսյանը, պայմանագիր կնքվել է վերջինիս հետ։ Սակայն պարզ դարձավ, որ 4 օր առաջ նրան ազատել են պաշտոնից։

Սա հարուցել է առողջապահական ոլորտի աշխատակիցների զարմանքը, թե ինչպես եղավ, որ դեռ չնշանակած՝ ազատել են պաշտոնից։

Մեզ Շիրակի մարզպետարանից ուղարկել են հետևյալ պարզաբանումը․ «Շիրակի մարզպետարանի քաղաքացիական ծառայության պաշտոններն ամբողջությամբ ենթարկվել են նոր դասակարգման, և հաստատվել է Շիրակի մարզպետարանի քաղաքացիական ծառայության պաշտոնների անվանացանկը:

2020 թվականի հունվարի 23-ին վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակ է ներկայացվել Շիրակի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար 2020 թվականի հունվարի 22-ին կնքված N 1 ժամկետային աշխատանքային պայմանագիրը և դրա կնքման համար հիմք հանդիսացած փաստաթղթերի փաթեթը:

Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ վերոնշյալ ժամկետային աշխատանքային պայմանագիրը կնքվել է նոր չափանիշներով գնահատված և դասակարգված Շիրակի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար, որի վերաբերյալ հայտարարությունը հրապարակվել է 2020 թվականի հունվարի 13-ին:

Նոր չափանիշներով գնահատված և դասակարգված քաղաքացիական ծառայության պաշտոնների ամբողջական անվանացանկը հաստատելուց հետո թափուր պաշտոնը համալրվելու է մրցույթով՝ առանց ժամկետային աշխատանքային պայմանագիր կնքելու:

Հաշվի առնելով մրցութային կարգով զբաղեցված չլինելը՝ վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակը միջնորդել է լուծել 2020 թվականի հունվարի 22-ին կնքված N 1 ժամկետային աշխատանքային պայմանագիրը»:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829