Այսօր նշում ենք Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի 85-ամյա հոբելյանը:
Իր գործունեության 85 տարիների ընթացքում ԵՊԼՀ-ն տվել է շուրջ 60000 շրջանավարտ՝ դառնալով սերունդների կրթության կարևոր երաշխավորներից մեկը մեր երկրում:
Ստեղծման օրվանից բուհը շարունակապես զարգացել և ընդլայնել է իր մասնագիտական ուղղությունները, ինչի ամենաթարմ վկայությունն է 2020թ. հունվարին հայաստանյան 4 այլ բուհերի հետ համատեղ Փոխըմբռնման հուշագրի կնքումը, որով նախատեսվում է ԵՊԼՀ-ում ներդնել «Ներգրավված քաղաքացի» դասընթացը: Տարիների ընթացքում բուհի ավանդական լեզվաբանական մասնագիտությունների շարքը համալրվել է նորերով, ինչպիսիք են, օրինակ՝ «Միջմշակութային հաղորդակցությունը», «Քաղաքագիտությունը», «Լրագրությունը», «Սերվիսը», «Հանրային հաղորդակցման տեխնոլոգիաները», «Եվրոպագիտությունը», «Միջազգային տուրիզմը», «Կառավարումը», «Հրատարակչական գործը», «Թվային հրատարակչությունը», «Լեզվաբանություն և տեղեկատվական տեխնոլոգիաները» և այլն:
Այսօր էլ բուհն աշխատում է արդի միջդիսցիպլինար մասնագիտությունների ներդրման ուղղությամբ, որոնք միավորում են լեզվաբանությունը, մշակույթը տեղեկատվական տեխնոլոգիաների հետ, օրինակ՝ «Հաշվողական լեզվաբանությունը»:
Կարդացեք նաև
Զարգացմանը զուգահեռ ԵՊԼՀ-ի անվանումը համապատասխանաբար կրել է բազում փոփոխություններ՝ մանկավարժականից դառնալով օտար լեզուների, այսօր արդեն՝ լեզվահասարակագիտական համալսարան։
1935 թվականին ծնունդ առնելով որպես երկամյա մանկավարժական ինստիտուտ՝ ռուսաց լեզվի մասնագետներ պատրաստելու համար, հենց ԵՊԼՀ-ն հիմք դրեց Հայաստանում օտար լեզվի դասավանդման մեթոդաբանությանը և դրա գործնական կիրառմանը:
Երկամյա մանկավարժական ինստիտուտի ստեղծման մասին առաջին պատմական փաստաթուղթը թվագրված է 1935թ. փետրվարի 4-ին՝ համաձայն Հայաստանի կոմունիստական կուսակցության կենտկոմի որոշման, որով էլ հենց նախատեսվում էր փետրվարի 15-ից Երևանում կազմակերպել երկամյա մանկավարժական ինստիտուտ:
Դեռևս 1963 թվականին բուհը որդեգրեց բազմալեզվականության քաղաքականություն՝ հավելելով երկրորդ, իսկ 2017 թվականից՝ երրորդ օտար լեզվի ուսուցումը և ընդլայնելով օտար լեզուների ուսուցման հնարավորությունը ինչպես ֆորմալ, այնպես էլ ոչ ֆորմալ կրթության շրջանակներում:
1962 թվականից համալսարանն իրապես դարձել է «Բրյուսովի համալսարան» «բրենդ»-ի կրողը՝ հավատարիմ մնալով ռուս ականավոր բանաստեղծ Վալերի Բրյուսովի անվամբ անվանակոչման պատվին:
Ծնունդդ շնորհավոր, սիրելի՛ համալսարան:
Մամուլի հաղորդագրություն