Ոստիկանությունից հայտնում են, որ ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանին բերման են ենթարկել ապօրինի զենք-զինամթերք կրելու կասկածանքով:
Ինչպես հայտնել ենք, Հայրապետյանին բերման են ենթարկել՝ առանց պարզաբանելու, թե ինչի համար ու որ գործի շրջանակներում:
Ոստիկանության մոտ են ՀՀԿ-ականներ, «Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանը որդու ՝ Շահեն Հարությունյանի հետ: Էդուարդ Շարմազանովն ասաց, որ նման «մասկի շոուներին» միշտ մասնակցում է, երբ լինում է քաղաքում. «Ես առհասարակ, երբ լինում են նման աղմկահարույց, ըստ իս՝ ապօրինի մասկի շոուներ, գործողություններ, ես անպայման գալիս եմ: Ես եկել եմ, երբ Ռոբերտ Քոչարյանի դատն է եղել, երբ Հրայր Թովմասյանի հորը եւ դուստրերին են ԱԱԾ հրավիրել: Այստեղ եմ, որովհետեւ իմ կուսակցական ընկերոջը եւ ընկերոջն են բերման ենթարկել: Ակնհայտ է, որ սա «մասկի շոու կամպանիայի» հերթական սերիան է: Ակնհայտ է, որ իշխանությունը՝ Փաշինյանի գլխավորությամբ, խուճապի մեջ է, վախերն ահագնանում են եւ յուրաքանչյուր ֆիասկոյից հետո նա նոր «մասկի շոու» է փորձում բեմադրել: Ճտիկով գրիչից հետո նա փորձեց Նարեկին, ընկերներին ձերբակալել, Արցախում ՀԴՄ-ի խայտառակ պատմությունից հետո փորձում է Ռուբեն Հայրապետյանին բերման ենթարկելով… մանավանդ իմ համար ակնհայտ զավեշտալի է այս բերման ենթարկումը, երբ Ռուբեն Հայրապետյանը մի քանի անգամ հայտարարել է՝ եթե կա խնդիր ինձ ոստիկանություն, ԱԱԾ հրավիրելու, բենզին, վառելիք, ջանքեր, մեքենայի անիվ մի ծախսեք, ինձ զանգեք՝ ես կգամ: Ակնհայտ է, որ սրա նպատակը վախի մթնոլորտ սերմանելն է, ցույց տալն է, որ մենք բոլորի հետեւից կգանք: Մենք այստեղ ենք, ոչ մեկից չենք վախենում, Նիկոլ Փաշինյանից՝ առավել եւս»:
Ըստ Շարմազանովի, ցանկացածին կարող են ապօրինի զենք-զինամթերքի պատրվակով ձերբակալել, հետո ասել՝ վայ, կներեք, չկա:
Կարդացեք նաև
Հարցին՝ վստա՞հ եք, որ Ռուբեն Հայրապետյանի մոտ զենք-զինամթերք չեն կարող գտնել՝ Շարմազանովը պատասխանեց. «Կարող է գտնեն, բայց՝ օրինական, անրինական բաներ չեն գտնի: Եթե տուն են գնացել, փնտրել են՝ չեն գտել, վստահ եմ, որ սա մասկի շոու է»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ