Լրահոս
Օրվա լրահոսը

«Միանշանակ կիսում եմ համազեկուցողների հայտարարությունները, որ ՀՀ-ում երկու ինստիտուտների՝ ՍԴ-ի և վարչապետի աշխատակազմի միջև կա մեծ լարվածություն». Ռուբեն Ռուբինյան

Փետրվար 04,2020 16:48

«Միանշանակ կիսում եմ համազեկուցողների հայտարարությունները, որ ՀՀ-ում երկու ինստիտուտների՝ ՍԴ-ի և վարչապետի աշխատակազմի միջև կա մեծ լարվածություն»,- ՀՀ ԱԺ-ում հրավիրված ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության մամուլի ասուլիսին, անդրադառնալով ԵԽԽՎ Հայաստանի հարցով համազեկուցողներ Անդրեյ Շիրցելի և Կիմո Կիլունենի հայտարարությանը, այսպիսի կարծիք հայտնեց ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը:

Ըստ Ռուբեն Ռուբինյանի՝ սա նորմալ չէ և արդյունքն է նրա, որ ՍԴ նախագահն արել է բազմաթիվ քաղաքական հայտարարություններ և դրանք կրում են ընդդիմադիր բնույթ. «ՍԴ նախագահը, որը չպետք է զբաղվի քաղաքականությամբ, փաստացի անում է քաղաքական հայտարարություն: Կարևոր եմ համարում, որ ԵԽԽՎ համազեկուցողներն իրենց մեկնաբանության մեջ ֆիքսում են, որ ՀՀ-ում դատական համակարգի նկատմամբ վստահությունը շատ ցածր է: ԱԺ-ն և կառավարությունն իրավիճակը փորձել են հանգուցալուծել իրավական ընթացակարգերի պահպանմամբ: Նշել են նաև, որ դատավորների կամավոր վաղ կենսաթոշակի մեխանիզմը ստացել է Վենետիկի հանձնաժողովի դրական եզրակացությունը և հետևելու են դրա իրագործման ընթացքին: Նրանք նշում են, որ կամավոր վաղ կենսաթոշակի մեխանիզմի ներդրման նպատակն այն է, որ 2015-ին ընդունված Սահմանադրության ոգին պահպանելն արդարացված է»:

Ըստ Ռուբեն Ռուբինյանի՝ այս երեք արձանագրումներից բխում է այն, որ կառավարությունը և ԱԺ-ն փաստորեն գործել են իրավական ընթացակարգերի պահպանմամբ, փաստորեն կառավարության և ԱԺ-ի նպատակը 2015-ի սահմանադրության ոգու պահպանումն է, ինչն իր կարծիքով՝ նշանակում է, որ այդ ոգին աղճատված է: Ռուբեն Ռուբինյանն ասաց, որ վստահ է՝ ՍԴ-ի շուրջ ստեղծված խնդիրը շուտափույթ կլուծվի:

Անդրադառնալով Վենետիկի հանձնաժողովի՝ ԵԽԽՎ զեկուցողների հայտարարության մեկնաբանությանը՝ Ռուբեն Ռուբինյանն ասաց. «Ջիանի Բուքիքիոն ևս մտահոգություն է հայտնում այս լարվածության հետ կապված, ես էլ կիսում եմ: Կարծում եմ Հրայր Թովմասյանի՝ իմ ՝ արդեն նշած գործունեության արդյունքում է այս իրավիճակն առաջացել և նաև պարոն Բուքիքիոն վկայակոչում է Վենետիկի հանձնաժողովի կարծիքն առ այն, որ վաղ կենսաթոշակային մեխանիզմը պետք է լինի իրապես կամավոր, և դատավորները պետք է զերծ լինեն քաղաքական և անձնական ճնշումներից: Սա կարևոր է, քանի որ այս հայտարարությունից առաջ ՀՀ արդարադատության նախարարը հայտարարել էր, որ տարբեր շրջանակներ տարատեսակ ճնշումների են դիմում, որ այն դատավորներին, որոնք կարող են օգտվել վաղ կենսաթոշակային համակարգից, հետ պահեն այս մտքից»:

Լրագրողները հարցրին, իսկ ի՞նչ կասի իշխանության կողմից ՍԴ դատավորների նկատմամբ իրականացվող ճնշումների մասին, Ռուբեն Ռուբինյանը հորդորեց մի քանի օրինակներ բերել, լրագրողները նշեցին Հրայր Թովմասյանի տան հետախուզումը և նրա նկատմամբ կատարվողը: Նաև Ռուբեն Ռուբինյանին հորդորեցին ինքն էլ նշի, թե ինչ քաղաքական հայտարարություններ է Հրայր Թովմասյանն արել: Ռուբեն Ռուբինյանը պատասխանեց. «Քաղաքական հայտարարություն է, երբ ՍԴ նախագահն ասում է, որ ինքը խրամատ պահող է, այսինքն՝ ակնարկում է, որ կա խրամատ, և հայտնի չէ, թե ովքեր են դիմացի խրամատում: Երբ ասում է, որ իր՝ ՍԴ նախագահ լինելուց կախված է, թե ՀՀ-ն կապրի՞ իր ավանդական արժեքներով, թե խեղաթյուրված, երբ ՍԴ նախագահն ասում է իր՝ ՍԴ նախագահ լինելուց է կախված՝ Արցախի հարցում կլինեն այս կամ այն զարգացումները, թե ոչ, երբ նա անդրադառնում է ԱԺ-ում կարգապահական վարույթ հարուցելուն նվիրված քննարկումներին, ներողություն է խնդրում երեք խմբակցություններից մեկից՝ ԱԺ չներկայանալու համար, սրանք բոլորն ակնհայտ քաղաքական ենթատեքստ և իմաստ ունեցող հայտարարություններ են, և սա անհնար է հերքել»:

Լրագրողները Ռուբեն Ռուբինյանին հիշեցրին՝ հայտարարության տեքստում նաև խոսվում է անմեղության կանխավարկածի մասին, և բոլորս էլ գիտենք, որ խոսքը Հրայր Թովմասյանի մասին է, Ռուբեն Ռուբինյանն արձագանքեց լրագրողին. «Ձեր հարցի ժամանակ զերծ մնացեք որակումներից, քանի որ բոլորս չգիտենք, գիտեք Դուք, քանի որ Դուք աշխատում եք «Հինգերորդ ալիքում»: Ակնհայտ և անհերքելի ճշմարտություն է, որ անմեղության կանխավարկածը պիտի հարգվի»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829