Դեռեւս 2018թ օգոստոսյան խորհրդակցության ժամանակ նախկին ԿԳ, այժմ արդեն` ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը հայտարարում էր, թե քաղաքականությունը եւ քաղաքական ուժերի առկայությունը դպրոցներում պետք է լինի զրո, քանի որ ե’ւ քաղաքապետարանը ե’ւ նախարարությունը թույլ չեն տա, որ նման որեւէ ազդեցություն դպրոց թափանցի: Սակայն, այսօր ինչպես բուհերի, այնպես էլ դպրոցների խորհուրդներում բազմաթիվ ՔՊ-ականներ ու «Իմ քայլի» ներկայացուցիչներ են:
Հունվարի 24-ին ԱԺ ամբիոնից ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը մեղադրեց իշխանություններին, որ կառավարման խորհուրդները կուսակցականացված են ու «Իմ քայլը» խորը արմատներ է գցել: Նա նաեւ 168.am-ին տրամադրել այդ դպրոցների ցանկը, որոնց թվում են Երևանի Վ. Համբարձումյանի անվան հ. 17 , Դ. Դեմիրճյանի անվան հ. 27, Հովհ. Թումանյանի անվան հ. 32, Վ. Բելինսկու անվան հ. 38, Ա. Շավարշյանի անվան հ. 40, Խ. Սամուելյանի անվան հ. 47 եւ մի շարք այլ դպրոցներ:
Aravot.am-ի հետ զրույցում, հ. 100 դպրոցի տնօրեն Անուշ Աբելյանն ասաց, թե տեղյակ չէ, որ իրենց կառավարման խորհրդի անդամ Էռնեստ Ավանեսովը Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ է: Նշեց, թե գիտի միայն, որ նա, ինչպես եւս 3 անդամ` լիազոր մարմնի կողմից է ընտրված: «Թե այդ 4 անդամները քաղաքական ինչ պատկանելություն ունեն, մեզ չի առնչվում եւ չի անհանգստացնում»,-հավելեց տնօրենը, որն Ավանեսովին կրթության մարդ որակեց, ու նշեց, թե իրենց բախտն այդ առումով բերել է:
Հարցրինք նաեւ նախկին կառավարման խորհրդում այլ կուսակցությունների ներկայացուցիչների մասին: Անուշ Աբելյանն ասաց, որ նախկինում էլ եղել են քաղաքապետարանի ներկայացուցիչներ եւ ակնհայտ կուսակցական պատկանելությունն ի ցույց չեն դրել:
Կարդացեք նաև
Երևանի ավագանու «Իմ քայլը խմբակցության անդամ» Սաթենիկ Մկրտչյանը միանգամից երկու`111 և 126 դպրոցների կառավարման խորհուրդներում է: 111 դպրոցի տնօրեն Անդրանիկ Քեհեյանի ձեւակերպմամբ, ինքը թունավոր բաներ չի տեսել ոչ նախկին իշխանությունների օրոք եղած կուսակցական խորհրդի անդամների պարագայում, ոչ էլ հիմա: Մեր հարցին` «Իմ քայլ»-ական Սաթենիկ Մկրտչյանի ներկայությունը խորհրդում ինչ կերպ է անդրադառնում դպրոցի եւ խորհրդի վրա, պարոն Քեհեյանը այսպես պատասխանեց. «Նույն հարցը կարելի է տալ նաեւ խորհրդի մյուս անդամների մասին: Խորհուրդն իր գործառույթներն ունի, եւ եթե այդ խորհրդում կան մանկավարժական խորհրդից անդամներ, ծնողներ, նախարարի ու քաղաքապետի կողմից նշանակված անդամներ, բոլորը հավասար մարդիկ են, ամեն մեկը գիտի իր գործառույթը, որը եւ կատարում է»:
136 դպրոցի տնօրեն Լիլյա Դավթյանն ասաց, որ տեղյակ չի եղել, թե իրենց դպրոցի խորհրդի անդամ Նաիրի Փեթակչյանը ՔՊ ակտիվիստ է, գիտի միայն, որ նա ԿԳՄՍՆ նախարարության ներկայացուցիչն է: «Նաիրի Փեթակչյանն ունի ճկուն ուղեղ, դպրոցի կառավարման խորհրդում հետաքրքիր առաջարկություններ է ներկայացնում»,-ասաց Դավթյանը: Խնդրեցինք, որեւէ հետաքրքիր առաջարկության օրինակ բերել, որ ներկայացրել է ՔՊ-ական ակտիվիստ խորհրդի անդամը: «Թույլ տվեք չպատասխանել ձեր հարցին»,- ասաց դպրոցի տնօրենը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ