Լրահոս
Օրվա լրահոսը

Անե՞ծք, թե սպառնալիք. Մարտի 1-ի տուժողի իրավահաջորդի արտահայտությունն ու Քոչարյանի պաշտպանների բոյկոտի պատճառը

Փետրվար 04,2020 14:10

Մարտի 1-ի գործի շրջանակում ՀՀ սահմանադրական կարգի տապալման համար մեղադրվող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուս նախկին պաշտոնյաների  գործով հերթական դատական նիստում այսօր դատավոր Աննա Դանիբեկյանն արձանագրեց՝ նախորդ նիստը չէր կայացել մեղադրյալներ Ռոբերտ Քոչարյանի եւ Արմեն Գեւորգյանի պաշտպանների չներկայանալու պատճառով, ուստի դատարանը պետք է անցնի նրանց վարքագծի եւ կարգապահական սանկցիա կիրառելու քննարկմանը՝ լսելով նրանց մեկնաբանությունները: Հիշեցնենք՝ մեղադրյալների պաշտպանները գտնում են, որ դատարանը պատշաճ չի արձագանքել նախորդ նիստերից մեկում Մարտի մեկի տուժողներից մեկի իրավահաջորդ Էդիկ Հարությունյանի այն  հայտարարությանը, թե՝ «հարգեք Մարտի մեկը, այլապես դուք էլ կընկնեք մեր օրին»: Պաշտպանները դա իրենց հասցեին հղված սպառնալիք են համարում, մինչդեռ դատավոր Աննա Դանիբեկյանը դրա հետ համաձայն չէր:

Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը, դիմելով դատավորին, նախորդ նիստում չներկայանալն այսպես պարզաբանեց. «Դա իմ կարծիքի արտահայտման միակ ձեւն է, որը դուք ինձ թողել եք: Դատական նիստերից մեկում տուժողի իրավահաջորդ Էդիկ Հարությունյանի կողմից հնչեց արտահայտություն, որի իմաստը չհասկանալով՝ ես առաջարկեցի պարզություն մտցնել: Դուք՝ դատարանը, պարտավոր լինելով ապահովել դատավարության ընթացքը, փոխանակ ինքներդ պարզեիք, որոշեիք՝ դա սպառնալիք եւ ատելության խոսք է, թե չէ, չարձագանքեցինք, ինչից հետո դիտողություն արեցիք պաշտպանական եւ մեղադրող կողմերին՝ այն բանի համար, որ փորձում էինք պարզել: Երկու շաբաթ հետո նոր հասկացաք, որ դա պետք է պարզել: Չեկա դատական նիստին, որ ձեր մոտ գոնե ցանկություն առաջանա դատավարությունն անցկացնելու այնպես, ինչպես պարտավոր եք անցկացնել: Դուք ոչ միայն նկատողություն անելու իրավունք ունեք, այլեւ պարտականություններ… երկու շաբաթ ուշացմամբ հասկացաք, որ մենք ճիշտ էինք, դուք՝ սխալ»:

https://www.facebook.com/aravot.am/videos/181037219670991/

Քոչարյանի պաշտպաններից Արամ Օրբելյանն էլ բացատրեց՝ նիստին չի եկել իր անվտանգությունն ապահովելու անհրաժեշտությունից ելնելով. «Հնչել է սպառնալիք, որը միջանցքում վերարտադրվել է լրագրողներին տրված հարցազրույցներում»: Ըստ Արամ Օրբելյանի՝ այդ հարցազրույցներում հնչել է նաեւ «աստված կպատժի» արտահայտությունը, ինչն անեծք է, սակայն պաշտպանը չուզեցավ դրան անդրադառնալ, նաեւ՝ պարզաբանել, թե Հայ առաքելական եկեղեցու համար անեծքն ինչ մեկնաբանություն ունի. «Իմ միակ մտածելու հարցը պետք է լինեն իրավական եւ փաստական հանգամանքները»: Քոչարյանի մեկ այլ պաշտպան Արամ Վարդեւանյանն էլ դատավոր Աննա Դանիբեկյանի ուշադրությունը հրավիրեց այն հանգամանքի վրա, որ բոյկոտն իրենց իրավունքն է, որը նախկինում իրացվել է այլ փաստաբանների կողմից եւս, եւ եթե դատարանն այդ իրավունքն օգտագործելու է իրենց կարգապահական տույժի ենթարկելու համար, պաշտպաններն իրենց հերթին գործողություններ կձեռնարկեն՝ այդ թվում Բարձրագույն դատական խորհուրդ դիմելու տեսքով:

Լսելով պաշտպանների պարզաբանումները՝ դատավոր Աննա Դանիբեկյանն արձանագրեց, որ պաշտպանների վարքագիծը միտված է եղել նիստի բնականոն ընթացքը խոչընդոտելուն. «Նրանց դիքորոշումներից ակնհայտ էր, որ չկար դատարան չներկայանալու հարգելի պատճառ: Նրանք Չարամտորեն չեն իրականացրել իրենց դատավարական պարտականությունը, ինչն արտահայտվել է հունվարի 21-ի նիստին չներկայանալով: Դատարանը որոշում է նկատողության տեսքով դատական սանկցիա կիրառել պաշտպաններ Վարդգես Գեւորգյանի, Հովհաննես Խուդոյանի,Արամ Օրբելյանի, Ռուբեն Սահակյանի,  Հայկ Ալումյանի, Էրիկ Ալեքսանյանի եւ Արամ Օրբելյանի նկատմամբ»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829