Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԵԿ նախագահի արձագանքը՝ իմքայլական պատգամավորին, թե մեզ ընտրել են, հանրությունը մենք ենք. «Մի ընտրող էլ ես եմ, ես չեմ ուզում, որ այդ տեղեկատվությանը դուք հասանելիություն ունենաք»

Փետրվար 04,2020 14:07

ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովի այսօրվա նիստում քննարկվեց 2019-ի պետական բյուջեի առաջին 9 ամիսների հաշվետվությունը:

Քննարկում ծավալվեց այն հարցի շուրջ, որ պետք է հարկային գաղտնիք պարունակող տեղեկատվությունը որոշակի բացել ու հրապարակել: ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը հորդորեց տնտեսվարողներին դիմել, եթե նրանք համաձայն են՝ կտրամադրեն տեղեկատվությունը, եթե ոչ՝ չի կարող:

«Իմ քայլի» պատգամավոր Եղիշե Սողոմոնյանն ասաց. «ՊԵԿ-ը տիրապետում է կազմակերպության ֆինանսական թվերին: Պարոն Անանյան, դուք նշում եք, որ հարկային գաղտնիքը նուրբ հարց է ու երբ հրապարակվի, կիրականացվի ծառայողական քննություն: Դեպքեր են լինում, օրինակ, հեռուստատեսությամբ հրապարակվում են: Օրինակ, «Սուր անկյուն» հաղորդաշարով ես հիշում եմ, որ Ավանի աղի հանքի հիմնադիրը ներկայացնում էր, թե որ ընկերությունն ինչքան աղ է Հայաստան ներմուծել, ինչ մաքսային արժեքներով, այդ մասով ի՞նչ ծառայողական քննություն է իրականացվել»:

Դավիթ Անանյանը պատասխանեց. «Չեմ կարծում, որ ծառայողական քննություն իրականացնելու գործառույթով օժտված է անձը, եթե անձը, որը դա հրապարակում է, հարկային մարմնից չէ: Այն անձը, որը տեղեկատվություն է բացահայտել, կարող է այդ տեղեկատվությունը ձեռք բերած լինի հարցումների միջոցով: Մենք պետք է առնվազն ունենանք ողջամիտ կասկած, որ այդպիսի տեղեկատվությունը փոխանցվել է հարկային ծառայողի կողմից»:

ՊԵԿ նախագահն ասաց, որ եթե պարզվի, որ հարկային աշխատողի կողմից է այդ տեղեկատվությունը տրամադրվել, ընդհուպ՝ աշխատանքից կազատեն:

Եղիշե Սողոմոնյանն ասաց, որ պետք է այնպես անեն, որ «Հարկատու 3» ծրագիրն իրենց՝ պատգամավորների համար հասանելի դառնա: Դավիթ Անանյանն արձագանքեց՝ ասելով, որ իրենք անգամ հարկային աշխատողների «դոստուպի նկատմամբ ֆիլտրեր» են դրել. «Ամեն մեկն ունի իր User կոդը, եթե ամիսը մի քանի անգամ մտնում, դիտումներ է անում, կասկածելի՞ է այդ վարքագիծը, բնականաբար, ինչ-որ գործառույթ իրականացնելու բան ունի»:

Դավիթ Անանյանը չբացառեց, որ կարող է հարկային գաղտնիքի արտահոսք լինի, 2000-ից ավելի հարկային աշխատողներ ունեն, բայց ասել, որ այդ տեղեկատվությունը պետք է նաեւ պատգամավորներին հասանելի լինի, ուրեմն պատգամավորներն էլ պետք է վերահսկվեն ՊԵԿ-ի կողմից: Սողոմոնյանը հիշեցրեց, որ պատգամավորները պետական գաղտնիքի կրող են անգամ: Ի պատասխան՝ Դավիթ Անանյանն ասաց. «Գիտեմ, բայց կարծում եմ, պետական գաղտնիքն ու հարկային գաղտնի տեղեկատվությունը տարբեր բաներ են: Մենք իրար հետ չպիտի որոշենք՝ այդ տեղեկատվությունը դուք պե՞տք է ունենաք, թե՞ ոչ, հանրության հետ պետք է խոսենք, հանրությունը համաձա՞յն է, որ այդ տեղեկատվության տիրապետողների շրջանակը մեծացնենք»:

Ի պատասխան՝ իմքայլական պատգամավորն ասաց, թե հանրությունը մենք ենք, մեզ է ընտրել հանրությունը: Դավիթ Անանյանի արձագանքն այսպիսին էր. «Մի ընտրող էլ ես եմ, ես չեմ ուզում, որ այդ տեղեկատվությանը դուք հասանելիություն ունենաք»:

Ըստ ՊԵԿ նախագահի, առնվազն հանրային քննարկման կարիք կա, հարկային գաղտնիքը առեւտրային գաղտնիք է:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829