Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«30 միլիոնը վերցրել ու մտել են դատարան: Խորհուրդ կտամ ձեռք քաշել սեւազգեստ մայրերից». Մարգարիտա Խաչատրյան

Փետրվար 04,2020 13:43

Մարտի 1-ի գործով տուժողների որոշ իրավահաջորդներ, այդ թվում Սարգիս Քլոյանը՝ մատյան իրադարձությունների ժամանակ զոհված Գոռ Քլոյանի հայրը, դատական հայց են ներկայացրել սևազգեստ մայրերի՝ «Զինվորի մայր» հ/կ նախագահ Մարգարիտա Խաչատրյանի եւ «Ինձ բացակա չդնեք» հ/կ նախագահ Սաթիկ Խլղաթյանի դեմ՝ պատիվն ու արժանապատվությունը վիրավորելու համար պահանջելով նյութական փոխհատուցում եւ հրապարակային ներողություն: Այս մասին այսօր «Հայելի» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը նշեց Խաչատրյանի եւ Խլղաթյանի շահերի պաշտպան, փաստաբան Ալեքսանդր Կոչուբաեւը: Նա տեղեկացրեց՝ հայցի հիմքում Մարգարիտա Խաչատրյանի արտահայտություններն են այն մասին, թե ինչու զոհված զինծառայողների կամ «Սասնա ծռեր»-ի գործողություններից զոհվածների ընտանիքներին կառավարությունը փոխհատուցում չի տրամադրում, իսկ մարտյան իրադարձությունների զոհերի ընտանիքներին տրամադրում է 30 միլիոն դրամի աջակցություն:

«Նման բովանդակության արտահայտություն արել է նաեւ տիկին Սաթիկը: Մարտի մեկի տուժողները սա վերագրել են իրենց եւ գտնում են, որ ոտնահարվել է իրենց պատիվն ու արժանապատվությունը: Մայրերն այս հայցից պաշտպանվելու խնդիր չունեն, սա եւս մեկ հարթակ է բարձրաձայնելու կարեւոր սոցիալական խնդիրները եւ Մարտի մեկի վրա իրական լույս սփռելու»,-համոզմունք հայտնեց մայրերի շահերի պաշտպան Կոչուբաեւը: Նրա խոսքով՝ մայրերը կարծում են, որ Մարտի 1-ի գործողությունները թալան են եղել. «Ըստ ուժի մեջ մտած դատավճիռներից մեկի՝ թալանի հետեւանքով ոստիկանությանը պատճառվել է 25, Երեւան համայնքին՝ 69, իրավաբանական անձանց՝ 33 միլիոն դրամի վնաս»:

«Զինվորի մայր» ՀԿ նախագահ Մարգարիտա Խաչատրյանն էլ իր հերթին հիշեցրեց՝ ամիսներ առաջ կառավարությանն առաջարկել է հայրենիքի պաշտպանության համար զոհվածների ընտանիքներին տրամադրվելիք 30 000 դրամ ամսական պարգեւավճարը բարձրացնել. «Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունում հանդիպում ունեցանք փոխնախարարի եւ վարչության պետի հետ: Գրություն ուղարկեցին, որ ելնելով կառավարության բյուջեի սուղ լինելուց՝ ակնկալում են մեր ներողամտությունը, որովհետեւ պարգեւավճարը բարձրացնելու միջոցներ չկան: Հետո վարչապետն ասաց, որ ֆինանսի խնդիր երկիրը չունի: Ցավում եմ, կարող է 300 միլիոն էլ տային, բայց որոշ մարդիկ զոհված զինվորների ընտանիքների համար գումար չունեն, իսկ մարտի մեկի զոհերի ընտանիքների համար՝ ունե՞ն: Հիմա էլ դիմել են դատարան, որ իրենցից ներողություն խնդրենք: Մարտի մեկի գործով մեղադրյալը նրանց արդեն տրամադրել է 30 միլիոն, իսկ տիկին Մարգարիտան երբեք իր որդիներին փողոց չի հանել, խանութ ջարդել չի տվել, մեքենա այրել չի տվել: 30 միլիոնը վերցնելով՝ մտել են դատարան, եւ եթե իրենց նպատակն է երկրորդ նախագահին դատապարտելը, խորհուրդ կտամ ձեռքերը քաշել սեւազգեստ մայրերից»:

https://www.facebook.com/aravot.am/videos/1110151659335864/

Մարգարիտա Խաչատրյանը շեշտեց, որ զինվորների մայրերը պատշաճ հարգանքի են արժանի. «Ոմանք վարկաբեկիչ բաներ են ասում իմ եւ տղայիս հասցեին, որը երկու տարի յոթ օր ծառայել է Ջաբրայիլում եւ չի վերադարձել: Ոմանց համար ես Իտալիայում «դաչաներ» ունեմ: Ես գումարի կարիք չունեմ, եւ որեւէ անգամ նրանց պատվի եւ արժանապատվության հանդեպ ոտնձգություն չեմ կատարել: Վարչապետն այն նույն չափորոշիչը, որը կիրառել է մարտի մեկի դեպքերի զոհերի հետ կապված, որոնք աթոռակռվի համար իրենց կյանքը տվեցին, նույնը պետք է կիրառի հայրենիքի պաշտպանության համար զոհված տղաների ընտանիքների համար»:

Տիկին Խաչատրյանը կարծում է, որ քանի դեռ Մարտի 1-ի դատավարությունը չի պատասխանել, թե ով է եղել կրակողը, այդ օգնությունը զոհվածների ընտանիքներին չպետք է տրամադրվեր. «Ինչո՞ւ վարչապետը սկուտեղի վրա մատուցեց 30 միլիոն դոլար, որովհետեւ մարտի մեկի հրահրողներն իրենց արածը քողարկել են»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829