Լրահոս
Օրվա լրահոսը

Նազիկ Ամիրյանի պաշտպանները դատավոր Մնացական Մարտիրոսյանին ինքնաբացարկի միջնորդություն կներկայացնեն

Փետրվար 04,2020 13:48

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում այսօր շարունակվում է ԵԿՄ նախկին նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի կնոջ՝ Նազիկ Ամիրյանի գործով դատական նիստը։ Նախորդ նիստերից մեկում դատավորը որոշել էր Նազիկ Ամիրյանի եւ Մանվել Գրիգորյանի գործերն առանձնացնել: Հիշեցնենք նաեւ, որ Նազիկ Ամիրյանին մեղադրանք է առաջադրվել՝ ապօրինի կերպով՝ «Զենքի մասին» ՀՀ օրենքով նախատեսված սահմանափակումների շրջանցմամբ: Ըստ մեղադրանքի, վերջինս ամուսնու՝ Մանվել Գրիգորյանի որդու՝ Արման Գրիգորյանի և քննությամբ չպարզված այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ, ապօրինի կերպով ձեռք են բերել, փոխադրել և իրենց պատկանող երեք տներում ապօրինի կերպով պահել հրազեն, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր, ինչպես նաև կատարել է տարբեր տեսակի հափշտակություններ։ Նազիկ Ամիրյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին։

Առանձնացված մասով գործի, ըստ էության, քննությունը դեռ չի սկսվել: Նիստերը հետաձգվել են՝ պաշտպանական կողմին գործի նյութերին ծանոթանալու հնարավորություն տալու համար: Այսօր էլ Նազիկ Ամիրյանի պաշտպանները՝ Լեւոն Բաղդասարյանը եւ Գուրգեն Գրիգորյանը հայտարարեցին, որ գործի առանձնացված մասով նյութերը պաշտպանական կողմին չեն տրամադրվել: Քրեական գործի նյութերը՝ թե ամբողջական գործի մասով, թե անջատված մասով, պաշտպանների պնդմամբ, իրենց տրամադրվել են պատճենահանված տարբերակով, որոնք անընթեռնելի են: Այսօր էլ պաշտպանական կողմը միջնորդեց՝ հետաձգել նիստը եւ իրենց տրամադրել անջատված մասով գործի նյութերը՝ նորմալ պատճենահանմամբ:

Նախագահող դատավոր Մնացական Մարտիրոսյանը չընդունեց պաշտպանների փաստարկները, նա պնդում էր, որ գործի քննությունն ըստ էության պետք է շարունակել եւ անցնել ապացույցների հետազոտման փուլին: «Այն ապացույցը, որը մեղադրողը կներկայացնի եւ դա կլինի անընթեռնելի՝ կասեք, որ սա չենք տեսնում, որովհետեւ նկարը չի երեւում»,- ասաց դատավորը՝ պնդելով, որ ընթեռնելի հատվածներին վերաբերվող առանձին դրվագների մասով քրեական դատավարության օրենսգրքով սահմանված ընթացակարգերով լուծումները կտրվեն:

«Եթե անընթեռնելի է՝ ի՞նչ իմանանք՝ դատախազը դա ներկայացնո՞ւմ է, բա՞ց է թողնում, ինչպե՞ս տարբերակենք»,- իր վրդովմունքը հայտնեց Գուրգեն Գրիգորյանը: Թեեւ պաշտպանը նաեւ դատախազին եւ դատավորին ցույց տվեց պատճենահանված տարբերակը եւ նրանք ընդունեցին, որ այն հիմնականում անընթեռնելի է, միեւնույն է, դատախազը պնդեց, որ գործի նյութերի հետ կապված կողմի բերած փաստարկները հիմնավոր չեն: Ավելին, մեղադրող դատախազը պնդեց, որ պաշտպանական կողմը չարաշահում է իր իրավունքները՝ նիստերը ձգձգելու համար:

Պաշտպանների միջնորդությունը մերժվեց: «Դուք կարող է սրանից հետո վեց ամիս էլ գաք՝ ասեք չենք ծանոթացել: Դա ձեր գործն է»,- ասաց դատավորը՝ հավելելով, որ պաշտպանական կողմը, ամբաստանյալը քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով հնարավորություն ունեն ծանոթանալ գործի նյութերին, իսկ գործի նյութերը պատճենահանել եւ կողմի «օֆիս» տանելը դատարանի պարտականությունների մեջ չի մտնում:

Պաշտպանները առարկեցին՝ իրենք իրավունք ունենք ծանոթանալու գործի նյութերին, իսկ դատարանի պարտավորությունն է ապահովել, որ կողմը ստանա դրանք, մինչդեռ իրենք չեն ստացել:

Պաշտպանական կողմը հայտարարեց դատավորին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնելու մասին: Միջնորդությունն ի մի բերելու եւ ներկայացնելու համար մեկ ժամ ընդմիջում հայտարարվեց: Պաշտպանները դատարանի դահլիճից հեռացան վրդովված եւ բարկացած:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829