12-13 տարի անց Նոր Հայաստանում կարդում ենք ԵԽԽՎ համազեկուցողների շատ կոշտ տեքստը, որտեղ ասվում է. «Անհանգստացած ենք այն լարմամբ, որ կա վարչապետի աշխատակազմի եւ ՍԴ նախագահության միջեւ»։ Խոսվում է այն մասին, որ «զսպումներն ու հակակշիռները կենսական դեր ունեն ցանկացած ժողովրդավարական համակարգում» եւ այլն։
ԵԽԽՎ այդ տարիների դիրեկտիվներն արդեն պատմություն են, բայց եթե հիշողությունս չի դավաճանում, անգամ այս «դժնդակ» ժամանակներում եվրոպացիները շատ բան այսքան պարզ, ուղիղ եւ ճակատային չէին ասում ու գերադասում էին երկրի ներսում կատարվողի մասին իրենց իրազեկվածությունը վկայել տողատակերով ու ակնարկներով՝ խուսափելով մեր ներքին գործերին խառնվելուց։ Միակ բացառությունը «քաղբանտարկյալներ» եզրույթն էր։ Երկու գումարումների ԵԽԽՎ-ում հայաստանյան խորհրդարանական պատվիրակության անդամ Զարուհի Փոստանջյանն ասում է. «Նման բան ուղղակի ասել, որ կա գործադիր իշխանության ու դատական իշխանության լարվածություն, նման ձեւակերպմամբ հանդես չեն եկել։ Ինչ վերաբերում է նրան, որ Ձեր հարցում հիշատակեցիք այլ դրվագներ, ապա կարող եմ ասել, որ այս դեպքում արդեն ոչ թե մասնավոր մի դեպքի են իրենք գնահատական տվել, այլ արդեն համակարգային տրամաբանության ներքո են գնահատական տվել։ Այսինքն՝ նրանք գտնում են, որ սա համակարգի հետ կապված խնդիր է, որ իշխանության մի ճյուղը ցանկանում է իշխանության մեկ այլ ճյուղին ճնշել։ Նման հակասություններ, նաեւ՝ արտահայտված, մենք չենք ունեցել, ունեցել ենք ընդդիմության եւ իշխանության հետ առճակատում, որի հետեւանքով ունեցել ենք քաղաքական հալածյալներ»։
Թե ինչով է այս ամենը հղի, Զարուհի Փոստանջյանը հավելում է՝ մենք արդեն իսկ ունենք Եվրոպայի խորհրդի կարծիքը, կունենանք նաեւ կարծիք ՄԻԵԴ-ի կողմից՝ դատական համակարգի հետ կապված։ «Ամեն դեպքում, ես կարծում եմ՝ կունենանք նման որոշումներ, որովհետեւ դատարան շրջափակելը, դատարան շրջափակելու առաջարկի հեղինակ լինելը գործադիր իշխանության առաջին դեմքի ու օրենսդիր իշխանության նույն թեւի կողմից, դրական երեւույթներ չեն, որոնք արդեն սկսել են ունենալ իրենց արտացոլումը։ Մենք արդեն իսկ ունենք մի կարծիք այդ դատավորներին վաղաժամ թոշակի ուղարկելու հետ կապված՝ որ սա պետք է լինի միայն կամավոր։ Բայց, մյուս կողմից, երբ ըստ գործադիր իշխանության առաջին դեմքի՝ այդ մարդը «չպետք է աշխատի Սահմանադրական դատարանի դատավոր», եւ եթե նա «չպետք է աշխատի», եւ նրան նախապես ճանաչում է մեղադրյալ, ապա ինչո՞ւ է իր կողմից ղեկավարվող քաղաքական ուժը նման արտոնություն շնորհում տվյալ դատավորին, որպեսզի նա օգտվի չաշխատած՝ չվաստակած թոշակից»։
Անուշ ԴԱՇՏԵՆՑ
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում