Լրահոս
Օրվա լրահոսը

Որպեսզի նոր «սպի» չառաջանա

Փետրվար 04,2020 10:00

Մոտ ժամանակներս սպասվում է «Հրայր Թովմասյանից ազատվելու» իշխանական օպերացիայի հերթական արարը: Այս անգամ Ազգային ժողովը փոխելու է Սահմանադրության անցումային դրույթները, որոնք, այո, երկիմաստ են շարադրված եւ որոշակի մեկնության դեպքում հնարավորություն են տալիս Թովմասյանին՝ ՍԴ նախագահ մնալու եւս երկար ժամանակ:

Եթե հնարավոր էր այդ պաշտոնյայից ազատվել ԱԺ որոշմամբ, ապա չարժեր մի քանի ամիս տանջվել այդ խնդրի լուծման վրա՝ դատավոր-անդամ բառախաղով, ՍԴ դատավորներին վաղաժամկետ բարձր թոշակ առաջարկելով, քավոր-սանիկներով, նվիրած գրիչով եւ անգամ Թովմասյանի հոր տան տանիքը բարձրանալով: Անհրաժեշտ էր դիմել պարզ կոմբինացիայի՝ ԱԺ պատգամավորների 3/5-ով (որն իշխանությունն ունի) փոխել ՍԴ-ին վերաբերող Հիմնական օրենքի անցումային դրույթները: Բայց քանի որ խորհրդարանը դա չէր անում այս երկարուձիգ ամիսների ընթացքում, կարելի է ենթադրել, որ իշխանության մեջ կամ դրա կողքին կան մարդիկ, որոնք խորհուրդ էին տալիս այդ քայլին չդիմել:

Մակերեսի վրա գտնվող պատճառն այն է, որ այդ սահմանադրական փոփոխությունների նախագիծը պետք է ուղարկվի Սահմանադրական դատարան՝ եզրակացություն ստանալու՝ արդյո՞ք այն համապատասխանում է Սահմանադրությանը: Բայց քանի որ նածագիծն ուղղված է հենց ՍԴ-ի դեմ, այն, ամենայն հավանականությամբ, չի ուղարկվելու: Չէ՞ որ պարզ է, որ ՍԴ-ն, որքան էլ նախագիծը հրաշալի լինի, միեւնույն է, այն կհամարի հակասահմանադրական՝ ո՞վ կհամաձայնի կտրել ճյուղը, որի վրա նստած է: Այս պահիս իշխանության այս քայլը ոչ մի խնդիր չի առաջացնի. հասարակական կարծիքի տեսանկյունից «հակաժողովրդական», «անօրինական» եւ «թալանչի» ՍԴ-ին ամեն ինչ հասնում է, թող շնորհակալ լինեն, որ չեն գնդակահարել: Իսկ իշխանամետ իրավաբանները հաստատ մի սողանցք կգտնեն, թե ինչու այդ նախագիծը պետք չէ ուղարկել ՍԴ:

Բայց, քանի որ ես իմ գործով վաղուց եմ զբաղվում, ինձ թույլ տամ խնդրին նայել մի փոքր ավելի լայն հեռանկարով: Բոլոր հարցերում, եւ հատկապես օրենքները փոխելիս, իշխանությունը պետք է մտածի ոչ միայն իր այսօրվա մտասեւեռումների մասին, այլեւ այն մասին, թե ինչ տեղի կունենա այն ժամանակ, երբ իրենք այլեւս «գահին» չեն լինի: (Որովհետեւ փորձս ցույց է տալիս՝ որքան էլ ներկայիս status quo-ն հավերժ թվա, բացառված է, որ դա այդպես լինի):

1995-ին Սահմանադրությունն ընդունվել է, իսկ 2005-ին եւ 2015-ին փոխվել է կեղծիքներով: Ընդ որում՝ վերջին անգամ Հիմնական օրենքը փոխվեց՝ այն ժամանակվա նախագահի իշխանությունը երկարաձգելու հստակ նպատակով: Թվում է, թե ի՞նչ է պատահել՝ մի խումբ մարդիկ ինչ-որ բան խախտել են, հետագայում ուրիշները փորձում են «ուղղել»: Բայց իրականում դա «սպի» է պետության մարմնի վրա, որը շատ երկար ժամանակ չի ամոքվում: Այնպես չանենք, որ հաջորդ իշխանությունը ստիպված լինի այսօր թույլ տրված խախտումների վրա նոր  «վիրակապեր» դնել:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. henri says:

    Հարց կու տամ,
    Այս ՛՛Հրայր Թովմասեան՛՛ կոչուած հայ մարդը կաթիլ մը հայրենասիրութիւն և արժանապատւութիւն չունի ՚ որ
    վերջ տայ այս անիմաստ ժամավաճառութեան և քաշուի
    մէկդի … և իր պատճառով նոր պառակտումներ չստեղծուին երկրին մէջ , որ ՛՛հակառակորդներու՛՛ աղբիւրին Ջուր տանի ՞

  2. Հ.Շ. says:

    բզկտուած մարմնի մը վրայ, յաւելեալ սպի մը նշանակութիւն չունի

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829