Լրահոս
Օրվա լրահոսը

Մարդկային իմացության վախճանը

Փետրվար 04,2020 13:00

Ես վախենում եմ, որ կգա այն օրը, երբ տեխնոլոգիաները կհաղթահարեն սովորական մարդկային հաղորդակցությունը,
և մենք կստանանք հիմարների սերունդ:
Ալբերտ Այնշտայն

Ես հավատում եմ, որ ժամանակակից մարդկությունը կկարողանա զսպել իր կրքերը և ինքնակամ չի հրահրի համաշխարհային պատերազմ, այնպես, ինչպես եղել է նախկին երկու պատերազմների ժամանակ: Դրա համար բավարար է մարդկային բանականությունը (ճիշտ է, քաղաքակրթությունը հոգեկան հիվանդ է, բայց ոչ այն աստիճան, որ թույլ տա կործանել իրեն և մոլորակը. դա ոչ ոքի ձեռնտու չէ):

Սակայն, այդուհանդերձ, համաշխարհային պատերազմ հնարավոր է: Եթե այն, այնուամենայնիվ, լինի, որի հարցում չեն կասկածում շատերը, դրանց թվում նաև մեծ մտածող և գիտնական Ալբերտ Այնշտայնը, դա տեղի կունենա քաղաքակրթության մի շատ լուրջ թշնամու շնորհիվ և պատճառով: Դա համակարգիչն է և տարբեր մեքենայված տեխնոլոգիաները: Համակարգչից և համացանցից, տեխնոլոգիական նվաճումներից կախվածությունը մարդկանց վարակում է ավելի ու ավելի:

Մի առիթով երբ Բիլ Գեյթսին հարցրին, թե մարդկանց ամեն օր տրամադրելով համակարգիչների նորանոր կատարելագործված նմուշներ, ինչ է նա թողնում հոգու համար, Գեյթսը պատասխանեց. «Իսկ ձեր ինչի՞ն է պետք հոգին։ Ես կուղարկեմ ձեզ նոր ծրագիր, և թող ձեր հոգու փոխարեն աշխատի համակարգիչը` տարեցտարի, տարեցտարի»։

Ընդհանրապես ժամանակակից քաղաքակրթությունը հոգին փոխարինող բազմաթիվ ձևեր և մեթոդներ ունի: Դրանց թվում համակարգիչը իր տարատեսակներով (պլանշետ, նոթբուք, սմարտֆոն և այլն), իր բազմաթիվ հնարավորություններով և մոգական աշխարհներով առաջին տեղն է գրավում:

Իհարկե, հոգին մարդու մեջ շարունակում է մնալ և, զրկված լինելով սնունդից, ինչ-որ կերպ գոյությունը պահպանել, բայց դառնում է անկենդան, թուլակամ, հոգևոր փնտրումներից զրկված, մարդկային հաղորդակցությունից հեռացած, ինչ-որ տեղ նմանվում է թմրամոլի: Համակարգիչը և համացանցը իրենց դրական հատկությունները ևս ունեն, նրանք թեթևացնում են մարդու աշխատանքը համատարած վազքի մեջ, արագ ռիթմի, ինֆորմացիայի ընդունման, մշակման և փոխանցման մեջ:

Առանց համակարգչի հիմա ոչ ոք չի կարող իր տեղը գտնել հասարակության մեջ, նույնիսկ աշխատանք չի կարող գտնել՝ առանց համակարգչին տիրապետելու: Ուզես, թե չուզես, պետք է հաշվի նստես ժամանակի պահանջների հետ, այլապես կյանքը քեզ գործունեության սահմաններից այն կողմ կշպրտի, դու կհայտնվես սոցիալական վակուումի մեջ:

Ինչո՞ւ է համակարգչի մոգական աշխարհի՝ համացանցի մեջ հոգին կորցնում իր սնունդը։ Որովհետև համացանցը կլանում է գիտակցության ողջ ուշադրությունը, այն կազինոյից, թմրանյութից, խմիչքից կախվածության նման մի բան է։ Սակայն, ի տարբերություն կազինոյի, թմրանյութի կամ խմիչքի, համացանցով վարակված է մարդկության 95 տոկոսից ավելին (համենայնդեպս, զարգացած երկրներում)։

Համացանցի շնորհիվ արժեզրկվել են թատրոնը, գրականությունը, երաժշտությունը, գիտության բազմաթիվ բնագավառներ։ Համացանցի շնորհիվ խաթարվել են հարաբերությունները ընտանիքում, ընկերների և բարեկամների մեջ։

Կյանքը դարձել է նեղ օղակ՝ մի մութ սենյակ, որտեղ մարդը, նստած համակարգչի առաջ, ողջ էությամբ խրվել է դիսփլեյի պատկերների և կախարդության մեջ, և չի նկատում, թե ինչպես է ապրում իր կյանքը։ Ըստ էության՝ ինքն իրեն դատապարտել է մենության։ Այդ որոշակի տրանսֆորմացիան օբյեկտների լայն աշխարհից նեղ, սահմանափակ աշխարհ խաթարում է հոգու բնականոն զարգացումը, հիվանդացնում այն:

Բնության հետ կապը, կապը լռության, մարդկանց հետ հանդիպումները պարզապես շփման համար, հաղորդակցման համար, գիրք ընթերցելը, մանավանդ գեղարվեստական գրականություն, թատրոն գնալը, դասական և հոգևոր երաժշտություն լսելը /ընդ որում` նաև համերգային դահլիճներում/ և նման տարբեր բաներ, որոնցով ապրել և շնչել է մարդը դարերի ընթացքում, այս ամենը շատ կարևոր է հոգու առողջ զարգացման և հասունացման համար: Զուր չէ, որ մեր ժամանակներում շատացել է հոգեկան հիվանդություններով տառապողների թիվը:

Իմ քահանայական ծառայությունից էլ դա գիտեմ: 2005 թվականին, երբ ես դեռ նորաօծ քահանա էի, ինձ մոտ ամսվա մեջ աղոթքի գալիս էր երևի մեկ հոգեկան հիվանդ կամ գիտակցությամբ խախտված մարդ: Հիմա ամեն շաբաթ երկու կամ երեք հոգի են գալիս:

Եթե մարդը եկեղեցի է գնում, աղոթքով դիմում է Աստծուն նաև օրվա ընթացքում, խնդրում է նրա կամքը իր և իր հարազատների կյանքի մեջ, բնականաբար կարողանում է գոնե դիմակայել համակարգչի գայթակղություններին: Հավատը, եկեղեցին հոգևոր սնունդ են, դեր են, օգնում են անխաթար պահել գիտակցությունը, կամքը, հոգին, այլապես մարդը դառնում է անգիտակից, կառավարելի, որին հեշտորեն կարելի է ուղղություն տալ և կործանել:

Մարդիկ աշխարհի կործանման մասին բազմաթիվ վարկածներ են ստեղծել: Ես հավատում եմ այն վարկածին, որ ներկայացրել է ամերիկյան «Տերմինատոր» ֆիլմը: Ռոբոտների կատարյալ նմուշներ ստեղծած, տեխնոլոգիական հզոր նվաճումներ ձեռք բերած քաղաքակրթությունը այդ ֆիլմում, առանց հասկանալու, առանց գիտակցելու, որ ինքը դարձել է չարի կամակատարը, գործարկում է մի համակարգչային ծրագիր, որի նպատակը մարդկությունը ոչնչացնելն է: Մինչև մարդկանց գլխի ընկնելը, ծրագիրն արդեն գործածության մեջ է. աշխատացրած ռոբոտները սկսում են ոչնչացնել մարդկանց:

Այդպես ֆիլմում սկսվում է համաշխարհային պատերազմը մարդկանց և ռոբոտների միջև: Համակարգիչը նաև սխալ ինֆորմացիա է հայտնում միջազգային քաղաքական վիճակի մասին, արդյունքում Ռուսաստանն ու ԱՄՆ-ն պատերազմ են սկսում իրար դեմ: Եվ «Տերմինատորը», և աշխարհի կործանման մասին ուրիշ ֆիլմեր և գրքեր առայժմ միայն ուտոպիա են: Բայց մի՞թե այդ ամենը իրագործելի չէ։

Ահա թե ինչ է ասում 20-րդ դարի հայտնի փիլիսոփա Նիկոլայ Բերդյաևը. «Ուտոպիաները փաստորեն ավելի իրագործելի դարձան, քան ժամանակին թվում էին: Եվ հիմա կա ուրիշ տանջալից հարց` ինչպես խուսափել նրանց վերջնական իրագործումից: Ուտոպիաները իրագործելի են: Կյանքը շարժվում է դեպի ուտոպիաները: Եվ գուցե բացվում է մտավորականության և մշակութային խավի երազանքների նոր հարյուրամյակ այն մասին՝ ինչպես խուսափել ուտոպիաներից, ինչպես վերադառնալ անուտոպիական հասարակարգին, ավելի քիչ «կատարյալ» և ավելի ազատ հասարակարգին»:

Ըստ Բերդյաևի` կգա ժամանակ, երբ մարդկանց համար կարևոր կլինի ոչ թե իմացությունը (ես կիսում եմ այդ տեսակետը), ոչ թե գիտության զարգացումը և նվաճումները, այլ հոգու պարզությունը, բնության հետ կապը, հաղորդակցությունը բնության հետ: Շատ հնարավոր է, որ մարդկությունը հրաժարվի իր տեխնիկական նվաճումներից: Դրա համար նա պետք է գտնի մի հզոր փոխարինող: Եվ դա Աստված է, կենդանի Աստված: Այդ ամենը տեղի կունենա Քրիստոսի երկրորդ գալստյան ժամանակ, այսինքն` դատաստանի ժամանակ, որի մեջ մենք արդեն քանի տարի է, ինչ գտնվում ենք:

Կա, օրինակ, կարծիք, որ Ատլանտիդայի քաղաքակրթությունը, որի շենքերի, քաղաքների մնացորդները կան Ատլանտյան օվկիանոսի հատակում Գրենլանդիայից մինչև Բրազիլիա, կործանվել է այն պատճառով, որ տարվեց գիտության և տեխնիկայի նվաճումներով, Աստծու հետ կապը փոխարինեց տեխնոլոգիաների հետ կապով, հենց այդ պատճառով էլ կործանվեց, իսկ նա հզոր և զարգացած քաղաքակրթություն էր, ավելի զարգացած, քան մերը:

Աստված ջնջեց նրա մարդկային իմացությունը, որպեսզի մարդկային հոգին լցնի Իր հետ կապով: Կենդանի մնացած մարդկությունը /(գուցեև դա Նոյի սերունդն էր) վերադարձավ իր ակունքներին` Աստծու և բնության հետ կապին: Հիմա էլ կենդանի մնացած, մաքրված մարդկությունը կվերադառնա դեպի բնությունը, դեպի սեփական հոգու ճանաչումը, դեպի սերը և մանկությունը:

Այդպես եղել է սկզբում` Ադամի դրախտում, այդպես կլինի և վերջում, քանի որ ժամանակները վերադառնում են, և Աստված իր կորցրածն է փնտրում /Ժողովող 3:15/: Որևէ բան կմնա՞ մարդկային իմացությունից, ի՞նչը կմնա՝ մենք չգիտենք։

Ես հավատում եմ՝ այնքան շատ կլինի սերը և Աստծո լույսը մաքրված աշխարհում, որ կարևոր չի լինի այդ։ Սիրահարված մարդուն բացարձակ չի հետաքրքրում որևէ բան, որի մեջ չկա իր սիրո արտացոլումը։ Նա ամեն բան, որի մեջ սեր չկա, որպես հնացած ձորձ, կայրի դատաստանի խարույկի մեջ։ Այդպես կլինի նոր մարդու և նոր քաղաքակրթության ժամանակ։

ԹՈՎՄԱ քահանա ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
18.01.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829