Լրահոս
Օրվա լրահոսը

«Պարզ չէ, թե իմքայլականները ինչ հանդիպումներ են ունեցել Եվրախորհրդարանում, բայց դա որևէ արդյունք չի տվել այս բանաձում ավելի լավ ձևակերպումներ ունենալու առումով»

Փետրվար 04,2020 12:00

ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ՀՀ ԱԺ-ի աշխատանքը խորհրդարանական դիվանագիտության հարթակում գնահատում է ոչ բավարար:

«Առավոտի» հետ զրույցում Եվրախորհրդարանի՝ օրերս ընդունած բանաձևը Էդմոն Մարուքյանը գնահատեց ոչ արտառոց, միևնույն ժամանակ նշեց, որ դրանից առաջ ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության այցը չնպաստեց, որ այդ բանաձևում ավելի լավ ձևակերպումներ լինեն:

Հիշեցնենք՝ Եվրախորհրդարանն օրերս ընդունեց բանաձև, որով սատարում է Արևելյան գործընկերության երկրների տարածքային ամբողջականությանը, ինքնիշխանությանը և այդ երկրներում ուժի և ուժի սպառնալիքի չկիրառմանը:

«Առավոտի» հարցին՝ ինչպե՞ս կգնահատեք Եվրախորհրդարանի ընդունած բանաձևը, Էդմոն Մարուքյանը պատասխանեց. «Եվրախորհրդարանն այդ բանաձևով ըստ էության որևէ նոր բան չի ասել, քանի որ այնպես չէ, որ այդ տարածքների հակամարտող պետությունները, որոնք դե ֆակտո պետություններ են կամ ինքնահռչակ, Եվրախորհրդարանը ճանաչել է: Հետևաբար նրանք շարունակում են այն գիծը, որ իրենք ճանաչում են տարածքային ամբողջականությունը, բայց մեզ համար միակ դրական բանն այն է, որ ուժ չպետք է կիրառվի և ուժի սպառնալիք չպետք է լինի»:

Էդմոն Մարուքյանը հիշեց՝ Հանրապետականի իշխանության օրոք իշխանություններն ուրախանում էին, որ նման դրույթ կա բանաձևում և ցույց տալիս, թե, տեսեք, մեր աշխատանքի շնորհիվ է: Անդրադառնալով այսօրվա իշխանությունների վարքագծին՝ պատգամավորը նկատեց. «Այսօրվա իշխանությունն էլ է այդ գծի մեջ, որ դա այդքան էլ վատ բանաձև չէ: Իմ կարծիքով ՝պետք է առաջ շարժվել և չբավարարվել ուժի չկիրառման կամ դրա սպառնալիքի արգելման դրույթներով և ուրախանալ, քանի որ մեզ ավելին է պետք: Այս առումով, բնականաբար, շատ անելիք կա»:

Նշենք, որ ադրբեջանական մամուլում այս զեկույցի ընդունումը ներկայացվում է հօգուտ Ադրբեջանի, ավելին, Ադրբեջանի ԱԳՆ-ն այս զեկույցի առնչությամբ տարածել է հայտարարություն, որում վստահություն է հայտնում, որ Եվրախորհրդարանում ընդունված բանաձևը պարտադիր բնույթ է կրում:

Հետաքրքրվեցինք՝ Ձեզ չի՞ անհանգստացնում այն փաստը, որ ադրբեջանական մամուլում այս բանաձևի ընդունումը մեկնաբանվում է որպես ադրբեջանական կողմի հաղթանակ և չե՞ք կարծում, որ տեղեկատվական դաշտում մենք այս առումով ունենք բացթողում, Էդմոն Մարուքյանը պատասխանեց. «Ադրբեջանական մամուլը հօգուտ իրեն պետք է ներկայացնի, բնականաբար, տարածքային ամբողջականության սկզբունքի պահպանման և Եվրախորհրդարանի բարձր մակարդակում դա արձանագրման առումով, ինչը բնական է: Այսինքն՝ հօգուտ իրենց բան է ընդունվել, իրենք պետք է լավ լուսաբանեն, քարոզեն, ասեն, տեսեք մեր կողմն են: Այստեղ զարմանալի բան չկա, զարմանալին այն է, որ հայկական սոցիալական ցանցերում մարդիկ տարածում են ադրբեջանական կայքերի կիսախեղված նյութերը, որն աբսուրդ է»:

Հիշեցրինք՝ հայ խորհրդարանականների ընդդիմախոսների կարծիքով՝ այդ բանաձևի ընդունման և դրա շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ հայ պատգամավորները կամ լավ տեղեկացված չեն, կամ համապատասխան քարոզչական գործողությունները չեն կիրառում և հարցրինք՝ համամի՞տ է այս պնդումներին և արդյոք դրանք արդարացվա՞ծ են, օրինակ՝ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն ասում է, որ եթե լավ տեղեկացված են հայ խորհրդարանականները ու գործողություններ չեն իրականացրել, այդ թվում նաև տեղեկատվական դաշտում, ապա քանի՞ կոպեկ արժե այդ՝ ծանոթ լինելու հանգամանքը:

Այս առիթով Էդմոն Մարուքյանը հիշեցրեց, որ Եվրոպական խորհրդրանի վերջին ընտրություններից հետո խորհրդարանական այց տեղի չի ունեցել այդ կառույց և մտահոգություն հայտնեց, որ միայն իմքայլական պատգամավորներն են այցելել. «Ռուբեն Ռուբինյանը, Գայանե Աբրահամյանն ու էլի «Իմ քայլ» խմբակցությունից մեկ պատգամավոր է այցելել Եվրախորհրդարան, ինչը ես քննադատել էի և պնդել, որ չի կարելի խորհրդարանից պատվիրակություն մեկնի և այնտեղ ներգրավված չլինեն խորհրդարանական ուժերը: Պարզ չէ, թե ինչ հանդիպումներ են եղել, ինչ են արել այդտեղ, բայց այդ այցից հետո է, որ նման բանաձև կա: Այսինքն՝ այդ այցը որևէ արդյունք չի տվել այս բանաձում ավելի լավ ձևակերպումներ ունենալու առումով:

Ինչ վերաբերում է Արմեն Աշոտյանի հայտարարություններին, ապա այնպես չէ, որ երբ ինքն ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահն էր, Եվրախորհրդարանը ԼՂ անկախությունը ճանաչում էր: Այսինքն՝ ինչ ունենք, դա էլ ունենք, իներցիայով շարունակվում է: Եվրոպական խորհրդարանի ուղղությամբ ակտիվ խորհրդարանական աշխատանք ես դեռևս չեմ տեսնում, ինչի մասին ասել եմ նաև արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահին: Խորհրդարանական բազմակուսակցական այց է պետք կազմակերպել Եվրախորհրդարան, ոչ թե իրենց կուսակցությունով, որ գնացել էին:

Ակնհայտ մի բան կա, որ այսօրվա Եվրախորհրդարանում մեր կուսակցությունը ALDE խմբի անդամ է, և մենք լավ կապեր ունենք այնտեղ, բայց այդ կապերը հիմա պետական մակարդակում մենք որքանով կարողանում ենք, օգտագործում են, բայց, եթե առանց մեզ այց է արվում Եվրախորհրդարան, մենք մեր այդ կապերը ո՞նց օգտագործենք, եթե այդ մարդկանց իրենք հանդիպել չեն կարող, եթե իրենք գնացել են և որևէ խմբի անդամ չեն: Նման խնդիրներ կան, որ ըստ էության չեն ակտիվացնում մեր աշխատանքներն այս առումով»:

Իսկ պատգամավորների՝ այս հարցերում տեղեկացված լինել-չլինելու հետ կապված հարցին Էդմոն Մարուքյանն այսպես արձագանքեց. «Պատգամավորները տեղեկացված են, թե ոչ, ասել չեմ կարող, քանի որ հիմա պատգամավորներն ավելի շատ զբաղված են այլ բաներով՝ սոցիալական հարթակներում կռիվներ անելով, ինչ որ պատերազմներ վարելով, ատելության խոսք տարածելով, կամ այդ խոսքի դեմ հայտարարություններ անելով, քան թե այն լուրջ աշխատանքով, որը խորհրդարանական դիվանագիտության բնագավառում պետք է արվի: Այս առումով ես խորհրդարանի աշխատանքները գնահատում եմ ոչ բավարար»:

Էդմոն Մարուքյանը հայտնեց, որ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունով ցանկանում են այց կատարել դեպի Եվրախորհրդարան, սակայն դա ֆինանսական խնդիրների հետ է կապված:

ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
18.01.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել