Լրահոս
Տնկվել է շուրջ 2500 ծառ
Օրվա լրահոսը

Դատարանը եթե չդադարեցներ քրեական հետապնդումը, կխախտվեր կրկին դատվելու անթույլատրելիության սկզբունքը

Փետրվար 04,2020 12:30

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արման Հովհաննիսյանի վարույթում գտնվող Մուրադ Մովսեսյանի գործն ավարտվել է:

Մուրադ Մովսեսյանը մեղադրվել էր 2018 թվականի օգոստոսի 17-ին գիշերվա ժամը 23:30-ի սահմաններում կատարվածի` խուլիգանության համար: Ըստ մեղադրանքի, նա ալկոհոլի ազդեցության տակ Երևանի Շարուրի փողոցի բազմաբնակարան շենքերից մեկի մոտ «գործով դեռևս ինքնությունը չպարզված» տաքսու վարորդի հետ զրուցելու ժամանակ բարձրաձայն սեռական բնույթի հայհոյանքներ է հնչեցրել: Հայհոյանքները տևել են 15-20 րոպե:

Շենքի բնակիչ Նվեր Բաղդասարյանը լսելով բակում հայհոյանքները՝ դիտողություն է արել նրան, փորձել կարգի հրավիրել: Մ. Մովսեսյանը վիճել է Ն.Բաղդասարյանի հետ, ըստ մեղադրանքի՝ բռնություն գործադրել, այն է` ձեռքերով բազմաթիվ հարվածներ է հասցրել Նվերի գլխին, մարմնին՝  պատճառելով առողջության թեթև վնասի հատկանիշներ չպարունակող ճակատի շրջանի արյունազեղման, արմնկահոդերի, սրունքի շրջանների քերծվածքների ձևով մարմնական վնասվածքներ:

Ըստ գործի նյութերի,  շենքի բնակիչները նույնպես դիտողություն էին արել, իսկ  ամբաստանյալը գարեջրի ապակե շշով փորձել է հարվածել իրեն դիտողություն կատարած Նվերի աղջկան, թքել է մեկ այլ հարեւանի վրա, չի  ենթարկվել բնակիչների հորդորներին:

Դատական քննության ժամանակ պաշտպան Լիպարիտ Սիմոնյանը միջնորդել է Շենգավիթ վարչական շրջանի դատախազ Գ.Գևորգյանի 2019 թվականի փետրվարի 15-ի որոշումը ճանաչել անօրինական և վերացնել, որպես հետևանք՝ Մուրադ Մովսեսյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով իրականացվող քրեական հետապնդումը դադարեցնել, գործի վարույթը կարճել: Պաշտպանը հայտնել էր, որ քրեական գործի փաստական տվյալներում կա մեկ այլ կարեւոր հանգամանք, մասնավորապես, 2018 թվականի օգոստոսի 18-ի ՀՀ ոստիկանության Շենգավիթի բաժնի ՀՈԲ տեսուչ Գ. Մարգարյանը զեկուցագիր է ներկայացրել, որ նույն օրը՝ ժամը 01:00-ի սահմաններում, ոստիկանության Շենգավիթի բաժնի Չարբախի բաժանմունք է այցելել Մուրադ Մովսեսյանը և հայտնել, որ Շարուրի փողոցի շենքերից մեկի մոտ մի տղամարդ հարվածել է իրեն և պատճառել մարմնական վնասվածք:

«Առավոտի» հետ զրույցում Լ.Սիմոնյանն ասաց, թե իր պաշտպանյալը, որը Մեղրրից եկել էր Երեւան, իր վարձով բնակարան, ստացել է այդ ժամանակ ծանր մարմնական վնասվածք, եւ այդ կապակցությամբ հարուցվել էր քրեական գործ:

ՀՀ քննչական կոմիտեի Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնի ավագ քննիչ Հ. Քյասինյանի 2018 թվականի դեկտեմբերի 7-ի որոշմամբ Մուրադ Մովսեսյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասով իրականացվող քրեական հետապնդումը դադարեցվել է՝ «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին Հանրապետության անկախության հռչակման 100- ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» 2018 թվականի նոյեմբերի 1-ի ՀՀ օրենքի ընդունման հիմքով:

Երևան քաղաքի դատարանի որոշմամբ էլ, Մուրադ Մովսեսյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասով քրեական հետապնդումը դադարեցնելու մասին ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնի ավագ քննիչ Հ. Քյասինյանի որոշումը վերացվել է:

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը բողոքարկվել էր ՀՀ վերաքննիչ քրեական դատարան: 2019 թվականի հոկտեմբերի 11-ի վերաքննիչ դատարանի որոշմամբ Մ. Մովսեսյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, իսկ ընդհանուր իրավասության դատարանի որոշումը թողնվել է օրինական ուժի մեջ՝ վերաքննիչ դատարանի պատճառաբանություններով:

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանն արձանագրել էր, որ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին քննիչի որոշումը վերացնելու վերաբերյալ դատախազի որոշումն ինքնին չի կարող հանդիսանալ մինչդատական վարույթում դատական վերահսկողության առարկա, քանի որ դրա բողոքարկումը նախատեսված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով, բացի այդ, դրա բողոքարկումը հնարավոր է մեկ այլ փուլում՝ «դատարանում գործն ըստ էության քննելիս, և այն չի հանգեցնի անձի իրավունքների և օրինական շահերի անհամարժեք սահմանափակման»:

Շենգավիթ վարչական շրջանի դատախազ Գ. Գևորգյանի կողմից Մուրադ Մովսեսյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասով քրեական հետապնդումը դադարեցնելու մասին ավագ քննիչ Հ. Քյասինյանի 2018 թվականի դեկտեմբերի 7-ի որոշումը վերացվել է դրանից 2 ամիս 8 օր անց՝ 2019 թվականի փետրվարի 15-ին, որի իրավունքը, համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 21-րդ հոդվածի 4-րդ մասի՝ բացակայում է:

Այսինքն,  ստացվում է, որ որոշումը հսկողություն իրականացնող դատախազի կողմից ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 21-րդ հոդվածով սահմանված 7-օրյա ժամկետում չի վերացվել և ստացել է օրինական ուժ:

Ըստ Երեւան քաղաքի դատավոր Ա.Հովհաննիսյանի որոշման իրավական դիրքորոշման. «Քրեական հետապնդում չիրականացնելու մասին որոշումը կարող էր վերացվել մեկ անգամ և միայն գլխավոր դատախազի կողմից՝ այդպիսի որոշում կայացնելուց հետո վեց ամսվա ժամկետում:

Թե նախկինում ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասով առաջադրված մեղադրանքի և թե հետագայում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով առաջադրված մեղադրանքի հիմքում ընկած փաստական տվյալները նույնն են, դատախազի կողմից  Մ. Մովսեսյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշումը վերացնելուց հետո, վերջինին ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշում կայացնելու ընթացքում որևէ նոր ապացույց ձեռք չի բերվել: Առաջադրված մեղադրանքը փոփոխելու համար ըստ էության հիմք է հանդիսացել դատախազի որոշումը: Ուստի նման պայմաններում խախտվում է նաև կրկին անգամ դատվելու անթույլատրելիության սկզբունքը»:

Ըստ էության, Շենգավիթ վարչական շրջանի դատախազ Գ.Գևորգյանի 2019 թվականի փետրվարի 15-ի որոշումն օրինական չի եղել, եւ պաշտպանական կողմի գնահատմամբ,  ենթակա էր վերացման: Դատարանը վերջերս բավարարել է պաշտպան Լ.Սիմոնյանի միջնորդությունը:

Քրեական հետապնդումը համարել է դադարեցված, քրեական գործի վարույթը կարճել է, իսկ Մուրադ Մովսեսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը՝ ստորագրությունը չհեռանալու մասին, վերացրել է:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
18.01.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829