Լրահոս
Օրվա լրահոսը

Ցուցադրվել են աշխատանքներ՝ նվիրված ազատագրված տարածքների 44 ամրոցներին

Փետրվար 03,2020 23:03

Ազգային ժողովի նիստերի դահլիճին կից սրահում փետրվարի 3-ին բացված ցուցահանդեսում ներկայացվել են  Բակուր Կարապետյանի եւ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի կողմից Քարվաճառի շրջանում հայտնաբերված 44 ամրոցների վերատպությունները:

Ցուցահանդեսը, որը  կրում է «Արցախի ազատագրված տարածքների նորահայտ ամրոցները» խորագիրը,  նպատակ ունի պատգամավորներին առավել մանրամասն ներկայացնել հայտնաբերված  հուշարձանները, ինչպես նաեւ դրանց ուսումնասիրություններն ու պահպանությունն իրականացնելու համար ստանալ որոշակի աջակցություն:

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Արթուր Մանուկյանը, խոսելով ցուցադրության առնչությամբ,  կարեւորել է ոչ միայն Արցախի տարածքների ազատագրումը, այլ նաեւ դրանց նոր շունչ ու բովանդակություն  հաղորդելը, ինչը, ըստ նրա, հնարավոր է՝ ազատագրելով նաեւ պատմությունը:  Պատգամավորը շնորհակալություն է հայտնել աշխատանքներն իրականացրած անձանց՝ կարեւոր գործ կատարելու համար:

Ցուցահանդեսի համահեղինակ, արձակագիր եւ հրապարակախոս Բակուր Կարապետյանը հայտնել  է, որ ազատագրված տարածքների նորահայտ հուշարձանների ուսումնասիրություններն սկսվել են երեք տարի առաջ, Քարվաճառի եւ Քաշաթաղի շրջանների 44 ամրոցներից 30-ն արդեն  հետազոտվել են: Այդ աշխատանքներում նշանակալի մասնակցություն է ունեցել հնագետ-ազգագրագետ Գագիկ Սարգսյանը: Բակուր Կարապետյանի խոսքով՝ հետազոտական   աշխատանքները շարունակվում են, սակայն անհրաժեշտություն կա տարատեսակ աջակցության, մասնավորապես՝ ներդրումների տեսքով, ինչը կարող է նպաստել  տարածքների լիարժեք յուրացմանն  ու բնակեցմանը:

«Կա խնդիր. արյունով ազատագրված տարածքը լիարժեք չի յուրացվում, լիարժեք չի բնակեցվում: Քաշաթաղի շրջանում 14-15 հազար բնակչություն կար, այժմ այն նվազել է՝ հասնելով 12 հազարի»,-մտահոգություն  է հայտնել Բակուր Կարապետյանը:

Նա շնորհակալություն է հայտնել ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին եւ ԱԺ աշխատակազմին՝ ցուցադրությունը Հայաստանի  խորհրդարանում կազմակերպելու համար: Արձակագիրը նաեւ երախտիքի խոսքեր է հղել Արցախի այն կազմակերպություններին եւ պետական մարմիններին, որոնք  մշտապես  օժանդակել են  հետազոտական աշխատանքներում:

Հայաստանի Հանրապետությունում Արցախի մշտական  ներկայացուցչության մշտական ներկայացուցիչ Կառլեն Ավետիսյանը  Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի անունից ողջունել է միջոցառման անցկացումն ու Արցախի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար  Բակուր Կարապետյանին հանձնել «Վաչագան Բարեպաշտ» մեդալ:

Միջոցառման ավարտին ցուցադրվել է   «Ճեղքված եկեղեցու ճիչը» կարճամետրաժ ֆիլմը:

ՀՀ Ազգային ժողով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829