ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը հանդիպել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպանի հետ
Փետրվարի 3-ին ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հանդիպել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Լին Թրեյսիի հետ:
Դեսպանի խոսքով՝ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող թեմաները ավելացել են՝ հող նախապատրաստելով առավել արդյունավետ քննարկումների համար:
Առանձնացնելով հանձնաժողովի գործունեության հիմնական առաջնահերթությունները՝ Անդրանիկ Քոչարյանն ընդգծել է այն հիմնական կետերը, որոնց վերաբերյալ ՀՀ կառավարությունն ու Ազգային ժողովն առավելապես հետաքրքրված են:
Կարդացեք նաև
Անդրադառնալով 2019թ ԱՄՆ-ի կողմից Հայաստանին տրամադրվող ֆինանսական աջակցության 40%-ի չափով աճին՝ հանձնաժողովի նախագահը նշել է, որ այդ միջոցների մի մասն ուղղվելու է կոռուպցիայի դեմ պայքարին, մարդու իրավունքների պաշտպանությանն ու այլ կարեւոր հարցերի լուծմանը:
Այս համատեքստում նա կարեւորել է ԶՈՒ-ում բարեվարքության ամրապնդումը եւ զինծառայողների իրավունքների պաշտպանությունը:
Անդրադառնալով հանձնաժողովի փորձագիտական կարողություններին՝ Անդրանիկ Քոչարյանն օգտակար է համարել վերապատրաստման ծրագրերն ու փորձի փոխանակումը ԱՄՆ Կոնգրեսի մասնագետների հետ:
Լին Թրեյսին բարձր է գնահատել Հայաստանի ներդրումը միջազգային խաղաղապահ առաքելություններին՝ Աֆղանստանում, Կոսովոյում, Լիբանանում:
Անդրանիկ Քոչարյանը նշել է, որ Հայաստանը հավասարակշռված արտաքին քաղաքականություն է վարում՝ միաժամանակ լինելով ՀԱՊԿ-ի անդամ եւ ՆԱՏՕ-ի ասոցացված անդամ-պետություն, եւ ՀՀ ԶՈՒ բարեփոխումների ճանապարհին հետաքրքրված է հաջողված փորձով:
Կողմերը խոսել են նաեւ ռազմական որակյալ կրթության ապահովման խնդիրների մասին՝ համակարծիք լինելով, որ ԶՈՒ բարեփոխումների շեմին բարձր ինտելեկտուալ կարողությունների ներդրումը եւ ժամանակակից զինտեխնիկայի ձեռքբերումը հավասարապես կարեւոր են:
Դեսպան Թրեյսին, խոսելով 2016թ ապրիլին տեղի ունեցած մարտական գործողությունների հանգամանքները ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի գործունեության մասին, հետաքրքրվել է, թե հանձնաժողովը որոշակի եզրակացություններ արդեն ունի՞ պատրաստած:
Անդրանիկ Քոչարյանը նշել է, որ հանձնաժողովը 6 ամիս արդեն աշխատել է, ուսումնասիրել է մեծ ծավալի փաստաթղթեր, լսել բանակի նախկին եւ ներկա մի շարք պաշտոնատար անձանց: Գալիք ամիսների ընթացքում հանձնաժողովը կամփոփի աշխատանքը եւ հունիս ամսին հանդես կգա եզրակացությամբ: Դրա մի մասը հասանելի կլինի հասարակությանը, իսկ հրապարակման ոչ ենթակա հատվածը՝ գաղտնի կմնա:
Կողմերը համագործակցության պատրաստակամություն են հայտնել:
ՀՀ Ազգային ժողով