Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովն այսօր հայտարարություն է տարածել Հայաստանի Հանրային հեռուստաընկերության «Լուրեր» լրատվական ծրագրի ընթացքում եթեր հեռարձակված` «ՀՔԾ-ն մանրամասներ է ներկայացրել Հրայր Թովմասյանի մեղադրանքից» վերտառությամբ տեսանյութի վերաբերյալ` նշելով, որ «կիսում է Մարդու իրավունքների պաշտպանի տեսակետն առ այն, որ տեսանյութում խախտվել է անմեղության կանխավարկածի սկզբունքը» և «արձանագրելով», որ նշված սկզբունքի խախտման պատասխանատուն առաջին հերթին ՀՔԾ-ն է։
Այս առնչությամբ հարկ ենք համարում նշել, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունը, հանդիսանալով քրեական հետապնդման մարմին և քրեական դատավարության օրենսդրության համաձայն` հանդես գալով մեղադրանքի կողմում, իրավասու է քրեական գործով տեղեկատվություն տրամադրել այն ծավալով, որ չափով որ անհրաժեշտ է համարում այս կամ այն քրեական գործի շրջանակներում` ելնելով գործի նկատմամբ հանրային հետաքրքրությունից և կարևորելով հասարակության կողմից օբյեկտիվ և անաչառ տեղեկատվություն ստանալու իրավունքը: Նման դիրքորոշումը բարձրաձայնելը որևէ կերպ չի կարող դիտվել որպես անմեղության կանխավարկածի սկզբունքի խախտում:
Նշենք նաև, որ համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 201-րդ հոդվածի` նախնական քննության տվյալները ենթական են հրապարակման միայն գործով վարույթն իրականացնող մարմնի թույլտվությամբ, ինչը տվյալ դեպքում առկա է:
Այսինքն` նախաքննական մարմնի կողմից լրատվամիջոցին ներկայացվել են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված ընթացակարգերի խստիվ պահպանմամբ ձեռք բերված ապացույցների բավարար համակցությամբ հիմնավորված փաստերի մասին վարույթն իրականացնող մարմնի հետևությունները, որոնց հիման վրա արդեն իսկ անձին մեղադրանք է առաջադրվել:
Կարդացեք նաև
Վերոգրյալը հաշվի առնելով և արձանագրելով, որ ՀՀ հատուկ քննչական ծառայության գործունեությանը գնահատական տալը գտնվում է Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի իրավասություններից դուրս, հորդորում ենք այսուհետ ձեռնպահ մնալ քրեական գործերի և, առհասարակ, ՀՔԾ գործունեության մասին սիրողական մակարդակի իրավական վերլուծություններ անելուց:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՏՈՒԿ ՔՆՆՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ