«Փաստացի արդեն կարող ենք ֆիքսել, որ բանակցությունների փուլի մեջ ենք»,- «Հայելի» ակումբում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով վերջին օրերին բանակցություններին՝ այսպիսի կարծիք հայտնեց ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան: Ըստ նրա, եթե մինչ օրս կողմերը նախապատրաստական, քննարկումների փուլում էին, հիմա փաստացի ունենք բանակցային փուլ, որը ծավալվում է ինչ-որ փաստաթղթի շուրջ:
Անդրադառնալով հայկական կողմի հայտարարությանը՝ Անժելա Էլիբեգովան փաստեց՝ դրանում ֆիքսվում է ժամանակացույց և օրակարգ և պարզաբանեց. «Հետևաբար մենք մտնում ենք ավելի ինտենսիվ բանակցային գործընթացի մեջ: 2020-ին կարելի է ակնկալել, որ գործընթացն ավելի արագանալու է և համանախագահների պրեսսինգը կողմերի վրա ավելի ուժգնանալու է: Մինսկի խմբի համանախագահները կոչ արեցին, որ կողմերը լինեն կրեատիվ, որ խաղաղասիրական ակցիաների իմիտացիա լինի հասարակության համար: Երկրորդը կոնֆիդենցիալությունն էր: Վաղուց չեմ հիշում, որ բանակցողները նման նկատողություն ստանային: Այսինքն՝ 2020-ին էլ ավելի քիչ ինֆորմացիա ենք ունենալու այդտեղ կատարվողի մասին, գնալով բանակցային գործընթացն ավելի փակվելու է և գնալով ավելի քիչ հնարավորություն ենք ունենալու եզրակացություններ անել»:
Ըստ ադրբեջանագետի՝ խոսել այն մասին, որ սեղանին չկա փաստաթուղթ, հնարավոր չէ: Ըստ նրա՝ երեք օր է արդեն ընթանում են բանակցությունները, և արդեն պարզ է, որ դա ընդամենը խաղաղասիրական ակցիաների մասին խոսակցություններ չեն, այլ բուն բովանդակության մասին է խոսքը, և 2020-ին մեզ սպասվում է բանակցային գործընթացի բավականին լարված շրջան:
Անժելա Էլիբեգովան կանխատեսում է, որ երբ Ադրբեջանում և Արցախում ավարտվեն ընտրությունները՝ մի երկու ամսից կսկսվի «բոյը». «Համանախագահները ֆիքսեին, որ հարցը պետք է լուծվի փոխզիջումների միջոցով, իսկ դա երկու կողմի համար էլ ցավոտ է, քանի որ գոհ չի մնա ոչ մեկ: Ադրբեջանական կողմն իր քարտերը բացեց, հայկականը՝ իրը, հիմա ինչքանով հասկանում եմ՝ փորձում են մոդիֆիկացված՝ նոր փաստաթուղթ հնարել: Արդյոք այն ավելի շատ է բխելու մեր շահերից, վստահ չեմ: Մենք, ըստ էության, այդ փաստաթուղթը կտեսնենք այն պահին, երբ կվերաջանա աշխատանքը դրա վրա: Եթե ադրբեջանական կողմը մտել է այդ գործընթացի մեջ, ուրեմն ինքն էլ ակնկալիքներ ունի, որ հօգուտ իրեն է այդ փաստաթուղթը շրջել: Հիմա բանակցությունների սեղանի շուրջ այդ դիվանագիտական բոյն է գնալու: Ադրբեջանը հստակ բանաձև ունի, եթե բանակցությունների սեղանի շուրջ իմ ուզածով չգնաց գործընթացը, ես սկսելու եմ կրակել, ինքը դա ապացուցել է նաև գործով՝ 2016-ի ապրիլին»:
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ