«Իշխող ուժի ներկայացրած նախագծերն ակնհայտ հակասահմանադրական բնույթի են»,-«Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց սահմանադրագետ, Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնի գործադիր տնօրեն Գոհար Մելոյանը:
Ըստ նրա՝ ստացվում է, որ ԱԺ-ի մի խմբակցություն, ունենալով որակյալ մեծամասնություն և ակնհայտորեն կոնսենսուսի չգնալով ընդդիմադիր ուժերի հետ, իրեն թույլ է տալիս այնպիսի նախագիծ ներկայացնել, որով շրջանցում է ՀՀ նախագահին և ՍԴ-ին: Ըստ նրա՝ հատկանշական էր այն, որ գրեթե նույն օրը հրապարակվեց ԵԽԽՎ համազեկուցողների հայտարարությունը, որտեղ հատկապես ընդգծված էր զսպումների և հակակշիռների մեխանիզմը:
Սահմանադրագետի մեկնաբանմամբ՝ «Իմ քայլը» խմբակցության ներկայացրած նախագծերի նպատակն է իշխող ուժի կողմից ՍԴ շուրջ արհեստական ճգնաժամի խնդիրը լուծելը:
Նա նշեց. «Ինչու եմ թույլ տալիս արհեստական որակել, քանի որ որևէ սահմանադրական մարմնի՝ ճգնաժամի առկայությունը վկայում է տվյալ մարմնի կողմից իր լիազորությունների կատարման անհնարինությունը: Այս պարագայում տեսնում ենք, թե ինչպես է ՍԴ-ն արդյունավետորեն, պրոֆեսիոնալիզմ դրսևորելով իրականացնում իր լիազորությունները, նաև արդյունավետ համագործակցությանն ենք ականատես եղել գործադիր, օրենսդիր մարմինների, նախագահի ինստիտուտի հետ և քաղաքացիների հայտերի հիման վրա աշխատանքը:
Կարդացեք նաև
Ակնհայտորեն սա վկայում է, որ տվյալ մարմնում ճգնաժամային իրավիճակ առկա չէ: Ներկայումս Սահմանադրության 168-րդ հոդվածը սահմանում է, որ ՍԴ-ն ՍԴ-ի մասին օրենքով՝ սահմանադրական կարգով Սահմանադրության փոփոխությունների նախագծի հանրաքվեի իրականացման վերաբերյալ ակտիվ որոշում է դրանց՝սահմանադրության համապատասխանության հարցը: Որևէ կերպ, եթե մեր երկրում տեղի է ունենում Սահմանադրության փոփոխություն կամ հանրաքվե, անպայման ՍԴ-ի դրական դիրքորոշումն է անհրաժեշտ: ԱԺ-ն սահմանադրական փոփոխությունների իրականացման հարցով պարտավոր է դիմել ՍԴ-ին, քանի որ նշված է՝ ԱԺ-ն դիմում է ՍԴ սահմանադրական փոփոխությունների նախագծի և հանրաքվեի՝ սահմանադրության համապատասխանության հարցերով: Ուստի այս հոդվածներից բխում է, որ սահմանադրականությունը բխում է Սահմանադրական դատարանի դիրքորոշումից: Դա սահմանադրական պարտադիր պահանջ է և դա բխում է աշխարհում տեղի ունեցող իրավակիրառ պրակտիկայից»:
Գոհար Մելոյանը տեղեկացրեց՝ ՀՀ ԱԺ կանոնակարգ, ՍԴ մասին սահմանադրական օրենքի, հանրաքվեի մասին սահմանադրական օրենքներում փոփոխություններ, լրացումներ կատարելու վերաբերյալ նախագծերով նախ առաջարկվում է Սահմանադրությունից բխող կարգերը, որ այս օրենքներում իմպլեմենտացված են, համաձայն որոնց՝ պարտավորություն կար ՍԴ դիմելու, դառնան ոչ պարտադիր բնույթի: Այսինքն՝ ընթացակարգ են սահմանում, որ ընդամենը ԱԺ-ն դնելու է քվեարկության ՍԴ դիմելու հարցը: Եթե անհրաժեշտ ձայներ չստացան, իրենք չեն դիմում ՍԴ: Այսինքն՝ ակնհայտորեն փորձ է արվում շրջանցել ՍԴ դիմելու պարտականությունը, ինչն ուղղակիորեն հակասում է մեր Սահմանադրության պահանջներին»:
Գոհար Մելոյանն ասաց, որ փորձ է արվում նաև շրջանցել նախագահի ինստիտուտը. «Եթե ներկայումս որոշում ընդունելուց հետո սահմանադրական փոփոխություններ կատարելու մասին կանոնակարգ օրենքում պարտադիր պահանջ կա դիմելու ՀՀ նախագահին, որը 21-օրյա ժամկետում ստորագրում և հրապարակում է որոշումը, այժմ այդ պահանջը նախագծերով հանվում է, և ընդամենը ԱԺ նախագահը որոշումն ընդունելուց հետո ստորագրում և հրապարակում է այն: Այս նախագծերը բավականին վտանգավոր քայլ են, քանի որ իրավական և ժողովրդավարական պետության հիմնարար սկզբունքները ոտնահարվում են»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ