Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոն Հայաստանի Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ հանդես է եկել հայտարարությամբ՝ կոչ անելով բոլոր կողմերին զսպվածություն ցուցաբերել և թուլացնել լարվածությունը՝ հանուն Սահմանադրության բնականոն աշխատանքի:
«Ի հաջորդիվ 2019թ. հոկտեմբերի 29-ի հայտարարության՝ ես մտահոգված եմ մնում Հայաստանի Սահմանադրական դատարանի մասնակցությամբ ակնհայտ վեճի կապակցությամբ: Ես կիսում եմ ԵԽԽՎ համազեկուցողների մտահոգություններն այս կապակցությամբ:
Ցանկանում եմ հիշեցնել 2019թ. հոկտեմբերին Վենետիկի հանձնաժողովի կողմից արված առաջարկներն առ այն, որ Սահմանադրական դատարանում վաղ թոշակի անցնելու ցանկացած սխեմա պետք է մնա իսկապես կամավոր, բացառի ցանկացած անհարկի քաղաքական կամ անձնական ճնշում ներգրավված դատավորների վրա և պետք է այնպես կառուցվի, որպեսզի ազդեցություն չունենա ընթացիկ գործերի ելքի վրա:
Վերջին հանրային հայտարարություններն ու գործողությունները չեն համապատասխանում այս չափանիշներին և նպաստավոր չեն լինի իրավիճակի թուլացման համար:
Կարդացեք նաև
Ժողովրդավարական մշակույթն ու հասունությունը պահանջում են ինստիտուցիոնալ զսպվածություն, բարեխղճություն և փոխադարձ հարգանք պետական ինստիտուտների միջև:
Ես կրկին կոչ եմ անում բոլոր կողմերին ցուցաբերել զսպվածություն և թուլացնել լարվածությունն այս մտահոգիչ իրավիճակի շուրջ՝ ապահովելու Հայաստանի սահմանադրության բնականոն աշխատանքը»,- ասվում է Բուքիքիոյի հայտարարության մեջ:
Ավելի վաղ նմանատիպ զսպվածության կոչ էին արել ԵԽԽՎ Հայաստանի հարցով համազեկուցողները:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ