Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Հայ ժողովրդի բարեկամ» և «Ադրբեջանի թշնամի»

Փետրվար 03,2020 17:23

Սոլեյմանին՝ ադրբեջանական քարոզչամեքենայի առանցքում

Հունվարի 3-ին Բաղդադի միջազգային օդանավակայանի մոտ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կարգադրությամբ ամերիկյան օդուժի կողմից սպանվեց Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) «Ղոդս» ստորաբաժանման հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ղասեմ Սոլեյմանին:

Իրանագետ Արտյոմ Տոնոյանի խոսքով՝ թեև սպանությունից մեկ օր անց՝ հունվարի 4-ին, Ադրբեջանական Հանրապետության արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը հեռախոսազրույց ունեցավ իր իրանցի գործընկերոջ՝ Մոհամմադ-Ջավադ Զարիֆի հետ և իր ցավակցությունը հայտնեց տեղի ունեցածի առնչությամբ, սակայն ադրբեջանական մամուլում առ այսօր չեն դադարում թեմայի առնչությամբ սուր հակաիրանական հրապարակումները, որոնցում փորձ է արվում սևացնել Ղասեմ Սոլեյմանիին և ներկայացնել վերջինիս որպես «հայ ժողովրդի բարեկամ» և «Ադրբեջանի թշնամի»:

«Առավոտ»-ի հետ զրույցում Արտյոմ Տոնոյանը, անդրադառնալով Ղասեմ Սոլեյմանիի մասին ադրբեջանական մամուլի վերջին օրերի հրապարակումներին, ընդգծեց, որ ադրբեջանական իշխանությունների՝ Ղասեմ Սոլեյմանիին սեփական հանրությանը բացասական լույսի տակ ներկայացնելու հիմնական պատճառը նրա սիրված լինելն է ադրբեջանական հասարակության ջերմեռանդ շիաների շրջանում և վախը, որ Ադրբեջանի շիա հոգևորականների կողմից հնչող հակաամերիկյան և հակաիսրայելական հայտարարությունները և վրեժխնդրության կոչերը կարող են ի վերջո հանգեցնել գործողությունների, որոնք կարող են խաթարել առանց այն էլ խախուտ կայունությունն այդ երկրի տարածքում:

«Ղասեմ Սոլեյմանիի սպանությունից հետո Ադրբեջանում հեղինակավոր շիա հոգևորականների կողմից հնչող կոչերում կարմիր թելի պես անցնում է վրեժի գաղափարը, որը չի կարող չանհանգստացնել ադրբեջանական իշխանություններին՝ հաշվի առնելով Բաքվում ԱՄՆ և Իսրայելի դեսպանատների գոյությունը, և, առհասարակ, ադրբեջանցի շիաների ակտիվացումը որոշակի վտանգներ է պարունակում նաև հենց Ադրբեջանի գործող իշխանությունների համար, որոնք վերջին տարիների ընթացքում տարբեր բռնի գործողություններով, հոգևորականների ձերբակալություններով և անհիմն սպանություններով, դավանանքի և խղճի ազատության մասին օրենքում փոփոխություններ մտցնելով՝ փորձել են ճնշված վիճակում պահել երկրի ակտիվ շիայական հատվածին»,-նշում է Արտյոմ Տոնոյանը:

Նա անդրադառնում է հարցին, թե արդյոք դա՞ է պատճառը, որ Ադրբեջանում հայտարարում են, որ Ղասեմ Սոլեյմանին մասնակցություն է ունեցել նաև արցախյան հակամարտությանը՝ հօգուտ հայկական կողմի: «Ամենևին բացառված չէ, որ նմանօրինակ լուրերի տարածումը միտված է հենց Ադրբեջանի շիաների շրջանում Ղասեմ Սոլեյմանիին վարկաբեկելուն և հեղինակազրկելուն։ Բնականաբար, պատճառներից մեկը կարող է լինել հենց շիաների ակտիվացման գործընթացի կանխարգելումը։ Բայց կա մի հանգամանք, որը կարող է կասկածի տակ դնել տարածված տեղեկատվության զուտ միայն քարոզչական հնարք լինելու հավանականությունը և խոսել այդ տեղեկատվության՝ իրականության հետ որոշակի աղերսներ ունենալու մասին։

Խոսքը, մասնավորապես, վերաբերում է այն հանգամանքին, որ Ղասեմ Սոլեյմանիի սպանությունից անմիջապես հետո նրա՝ Արցախյան հակամարտության ժամանակ հօգուտ հայերի հանդես գալու և ռազմական գործողությունների տարբեր վայրերից հետախուզական բնույթի տվյալների հավաքման և հայկական կողմին փոխանցելու մասին «ֆեյսբուքյան» գրառում կատարեց Ադրբեջանի Ներքին զորքերի նախկին հրամանատար, 1994-2004թթ. դատապարտյալի կարգավիճակով ադրբեջանական տարբեր կալանավայրերում անցկացրած և այժմ էլ Ադրբեջանից դուրս բնակվող Ֆահմին Հաջիևը, որին պետք է որ ամենևին չհետաքրքրեր և չանհանգստացներ Ադրբեջանի տարածքում շիաների ակտիվացման հարցը։ Առավել ևս, հաշվի առնելով գրառման հեղինակի կենսագրությունը, թվում է, որ վերջինս առերևույթ չունի որևէ շահագրգռվածություն այդ տեղեկատվության տարածմամբ որևէ կերպ աջակցելու ադրբեջանական իշխանություններին։ Այլ է խնդիրը, որ ադրբեջանական իշխանությունները շատ արագ օգտագործեցին նաև այս գրառումը՝ Ղասեմ Սոլեյմանիին սեփական հասարակության շրջանում վարկաբեկելու համար»,-շեշտեց մեր զրուցակիցը:

Իրանագետի խոսքով՝ մյուս հետաքրքիր պահը, որ պետք էր նկատել այս օրերին, այն էր, որ ադրբեջանական իշխանություններից ոչ պակաս ջանասիրությամբ էին հակաիրանական հայտարարություններ անում և փորձում ցեխ շպրտել Ղասեմ Սոլեյմանիի հեղինակության վրա այն ընդդիմադիր քաղաքական ուժերի ներկայացուցիչները, որոնք ունեն ակնհայտ թուրքամետ դիրքորոշումներ և հաճախ են քաղաքական խորհրդակցությունների մեկնում հենց Անկարա. «Կարծում եմ՝ սա խոսում է այն մասին, որ թուրքական իշխանություններին անհանգստացրել է այս օրերին ԱՀ տարածքում իրանամետ ուժերի ակտիվացումը և առհասարակ իրանական ազդեցության ուժեղացումը»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
18.01.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829