Լրագրողները Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանից հետաքրքրվեցին, թե պարզվե՞լ է Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղի նախկին տնօրեն Կարինե Ավդալյանի գործողություններից տուժած անձանց թիվը։ Հիշեցնենք, որ նրան մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափերով յուրացման, խարդախության և փաստաթղթեր կեղծելու համար։ Գործի քննությամբ պարզվել էր, որ նա ԱՄՆ մեկնելու ցանկություն հայտնած մի շարք անձանցից խարդախությամբ հափշտակել է առանձնապես խոշոր չափերի գումարներ, ոստիկանությունը նույնիսկ հայտարարություն էր տարածել՝ այս գործողություններից տուժած անձանց հորդորելով դիմել իրենց։
Շիրակի դատախազն ասաց․ «Կարինե Ավդալյանի նկատմամբ հարուցված քրեական գործով հայտնեմ հետևյալը․ մենք ունենք հարուցված քրեական գործ նախկինում յուրացման և կաշառք ստանալու փաստով, ընդամենը մեկ դրվագ, բայց քրեական գործի նախաքննության ընթացքում կոնկրետ դատախազության կողմից ձեռնարկված համապատասխան միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ ձեռք բերվեցին, որ նույն անձը տարբեր մարդկանց, խոսքը մոտ 100 մարդու մասին է, հանրապետության տարբեր վայրերում գտնվող անձանցից վերցրել է խոշոր և առանձնապես խոշոր չափերի գումարներ, խոստացել է այդ անձանց տեղափոխել ԱՄՆ, հոգալ նրանց ծախսերը, օժանդակել նրանց մասնակցելու որոշակի մշակութային միջոցառումների, պարզվեց, որ այդ ամենը եղել է խաբեության արդյունքում։
Հիմա մենք ունենք հարցաքննված բազմաթիվ անձինք, տուժողները 100-ից ավելի անձինք են, ընդ որում տուժողները հանդիսանում են ոչ Գյումրի քաղաքի բնակիչներ։ 30-40 տուժողներ Արցախի Հանրապետության բնակիչներ են, գերակշիռ մասը Երևանից են, նույնիսկ տուժողների մեջ կան լրագրողներ Երևանից։
Ունենք դրվագներ, երբ Գյումրիում խաբելով անձանց՝ նրանց տներն է գրավադրել, ոսկեղեն է վերցրել, այդ մարդկանց տուժող ենք ճանաչել, որպեսզի բանկը նրանց նկատմամբ համապատասխան գործիքակազմ չկիրառի։ Մենք քննության ընթացքում պարզել ենք, որ այդ մարդիկ դարձել են խաբեության զոհ։ Այդ դրվագներով դարձյալ հարուցվել են քրեական գործեր։ Այդ անձինք արդեն ունեն տուժողի դատավարական կարգավիճակներ, իսկ ովքեր չունեն, հաստատ կունենան նշված դատավարական կարգավիճակը»։
Կարդացեք նաև
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ