Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«80-ականների զենքը շատ նորմալ զենք է, եթե ժամանակին արդիականացվում, վերանորոգվում է». Կարեն Վրթանեսյան

Փետրվար 03,2020 17:39

«Ռազմինֆո» մասնագիտացված կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանը «Հայելի» ակումբում լրագրողների հետ զրույցում նշեց, որ երկար տարիներ որոշ մարդիկ բանակում կորուստների թեման թեժացնում են, և դա ունի հակաքարոզչության բնույթ:

Այս առիթով նա մանրամասնեց. «Դա ըստ էության վերածվել է հակաբանակային քարոզչության: Կորուստների թեման մարդկանց, զորակոչիկների մոտ, ծառայողների ծնողների մոտ օգտագործվում է ինչ-որ վախ ստեղծելու համար: Կարծես վախի մթնոլորտ են ուզում ստեղծել. դա իրականում նաև վարկաբեկելու գործողություն է, թիրախում նաև սպայակազմն է»:

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը,  թե «ՀՀ կառավարությունը փակել է 80-ականների զենքերի ամոթալի էջը», Կարեն Վրթանեսյանն արձագանքեց. «Նոյեմբերին Փարիզում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ աննախադեպ զենքի գնումներ են տեսանելի ժամանակաշրջանում իրականացնելու: Որոշ ժամանակ անց նշեց, որ այդ աննախադեպ գնումները շատ են: Հետո Կապանի հայտնի ասուլիսի ժամանակ վերջերս նաև հայտարարեց, որ 80-ականների զենքի ամոթալի էջը կարող են համարել փակված»:

Խոսելով իր բնութագրմամբ իրականության մասին՝ Կարեն Վրթանեսյանն ասաց. «Այդ թեզը, որ ծնվեց ապրիլյան պատերազմի օրերին, երկար ժամանակ այն ժամանակվա ընդդիմության կողմից շրջանառվում էր և եկավ մեր օրեր: 80-ականների զենքի մեջ ամոթալի բան չկա: Չկա աշխարհում որևէ բանակ, որը չունենա ութսունականների զենք՝ նորմալ աշխատող: Թե՛ ամերիկյան, թե՛ ռուսական, թե՛ իսրայելական բանակում կան ոչ միայն 80-ականների, այլև անգամ 50-ականների զենքեր: Երբ հայտարարում ենք, որ 80-ականների զենքի էջը փակված է արդյոք նշանակում է, որ ՀՀ-ն D20, D30 հրանոթներ չի՞ օգտագործելու, որոնք 50-60-ականների հրացաններ են: 80-ականների զենքը շատ նորմալ զենք է, եթե ժամանակին արդիականացվում, վերանորոգվում է»:

Խոսելով Նիկոլ Փաշինյանի հայտարարած՝ զենքի աննախադեպ գնումների մասին՝ նա ասաց. «Այդ գնումների մեջ կար նաև OSA, AK հակաօդային պաշտպանության համակարգ: Հենց այդ մոդիֆիկացիան AK, 1975 թվականին է արտադրության դրվել: Եթե հայտարարվում է, որ ՀՀ-ն փակում է 80-ականների էջը, ընդամենն այդ հայտարարությունից մեկ շաբաթ առաջ Նիկոլ Փաշինյանը լուսանկարվել է այդ համակարգերի ֆոնին, դրանք կան վարչապետի պաշտոնական կայքում, հետևաբար ի՞նչ էջը փակելու մասին կարող է խոսք լինել: Զենքի՝ հին ու նոր լինելը որոշվում է ոչ թե դրա արտադրության թվականով, այլ թե ինչքանով է այն համապատասխանում, ինչքանով է կարող լուծել այն խնդիրները, որոնք իր առաջ դրվում են: Նույն SU 30 ինքնաթիռները, որոնք գնել ենք, հուսով եմ՝ կշարունակվեն, դրանք ինչ-որ ժամանակ շարժիչների վերանորոգում են պահանջելու, դա նորմալ երևույթ է: ԱՄՆ ռազմավարական ավիացիան օգտագործում է 50-ականների արտադրության ռմբակոծիչներ: Դա լրիվ նորմալ երևույթ է: Չեմ հասկանում՝ ինչ կարիք կա այդ քարոզչական թեզը շրջանառելու: Ոչ մի օգտակար բան այդ քարոզչությունը կրկնելուց: Բազմաթիվ մարդիկ համոզված են, որ այն թնդանոթը, որ հայկական բանակն օգտագործում է, 60-ականների է և պարզ է, որ ըստ նրանց՝ դա նշանակում է, որ բանակն իր խնդիրները չի՞ կարողանում կատարել»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829