Լրահոս
Օրվա լրահոսը

Մարտի 1-ի գործով դատախազը՝ մամուլում հայտնվող ցուցմունքների եւ քրեական գործի նյութերի մասին

Փետրվար 03,2020 17:31

«Քննիչը պաշտպանին պատասխանել է՝ վերաբերելի ապացույցներն անջատվել են եւ կցվել քրեական գործին: Մեղադրանքի հիմքում ընկած ապացույցների մասին է խոսքը»,- լրագրողների հետ զրույցում այսօր անդրադառնալով հարցին, թե ինչ է քննիչը նախաքննության ընթացքում պատասխանել Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանին, երբ վերջինս պահանջել է տրամադրել Մարտի 1-ի մայր գործով բոլոր նյութերի հատորները, ասաց ՀՀ սահմանադրական կարգի տապալման համար մեղադրվող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով մեղադրանքը պաշտպանող դատախազ Պետրոս Պետրոսյանը (լուսանկարում): Հիշեցնենք՝ Վերաքննիչ քրեական դատարանն այսօր ավարտեց Քոչարյանի պաշտպաններին Մարտի 1-ի մայր գործի ամբողջական նյութերի տրամադրման դեմ ՀՀ դատախազության բողոքի քննությունը։

Որոշումը կհրապարակվի փետրվարի 6-ին՝ 10:30-ին։ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից  Հովհաննես Խուդոյանը դեռեւս նախաքննության ընթացքում միջնորդություն էր ներկայացրել՝ պահանջելով տրամադրել Մարտի 1-ի մայր գործով բոլոր նյութերը, քննիչը մերժել էր: Փաստաբանը բողոք էր ներկայացրել, եւ 2019 թ.-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Արման Հովհաննիսյանի նախագահությամբ, բավարարել էր այն՝ պարտավորեցնելով ՀՔԾ-ին Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններին տրամադրել Մարտի 1-ի մայր գործի նյութերն ամբողջությամբ: Դատախազությունն էլ բողոքարկել է այդ որոշումը՝ գտնելով, որ առաջին ատյանի դատարանը դատական սխալ է թույլ տվել:

Դատախազ Պետրոս Պետրոսյանը պարզաբանեց. «Նախաքննության տվյալներն այս փուլում գաղտնի են եւ հրապարակման ենթակա չեն: Իսկ առաջին ատյանի դատարանի որոշումը դուրս է դատական վերահսկողության սահմաններից: Մեր բողոքի էությունը կայանում է նրանում, որ դատարանը դուրս է եկել այդ սահմաններից»:

Լրագրողները նաեւ հետաքրքրվեցին, թե որքանով է պատշաճ վարույթն իրականացնող մարմնի վերահսկողությունը՝ Մարտի մեկի գործով նախաքննության պահպանման ուղղությամբ, քանի որ մամուլում պարբերաբար պաշտոնյաների նախաքննական ցուցմունքներ են հայտնվում: Պետրոս Պետրոսյանը պատասխանեց. «Մամուլում ցուցմունքներ հայտնվելու հետ կապված քրեական գործ կա հարուցված՝ նախաքննության գաղտնիքները հրապարակելու փաստով: Այդ գործի վերաբերյալ տեղեկություններ չեմ կարող ասել: Ինչ վերաբերում է մամուլում հայտնվելու հանգամանքներին, ապա դրանք քննության առարկա են, եւ չի կարող բացառվել՝ դրանք հրապարակվել են նախաքննության գաղտնիությա՞ն փուլում, թե դրանից հետո: Դա քննությամբ կհաստատվի»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829