Տնտեսագետ Վարդան Բոստանջյանը 7,8 տոկոս տնտեսական աճը լավ ցուցանիշ է համարում, սակայն գտնում է, որ ամեն մի փռշտոց չի կարելի աննախադեպ համարել:
Հիշեցնենք, այդ ցուցանիշը հրապարակել էր Նիկոլ Փաշինյանը հունվարի 31-ին ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ հանդիպման ընթացքում:
«Ստացվում է, որ նախկինում ոչինչ գոյություն չի ունեցել: Տնտեսական ակտիվության ցուցանիշում «սիզիփոսյան աշխատանք» կար, այսինքն՝ անօգուտ աշխատանք կար։ Հայաստանում այդ առումով դեռեւս հաջողություն գրանցված չէ, անկախ այն հանգամանքից, որ արդյունաբերությունում 9 տոկոս աճ ունենք, բայց բոլոր դեպքում մեր տնտեսական կառուցվածքում որակական աճ չկա»,-ասաց Վարդան Բոստանջյանը:
Տնտեսագետ Թադեւոս Ավետիսյանը լուրջ խնդիր համարեց անցյալ տարի մեծ չափերի հասած ավտոներկրումները, որոնք նրա կարծիքով, լուրջ սոցիալական խնդիրներ են առաջացնելու. «Այս հարցին հավուր պատշաճի վերաբերմունք չցուցաբերվեց, այդ թվում եւ պետության կողմից եւ կարգավորում այդպես էլ չեղավ։ Շատերն իրենց տներն են գրավադրել եւ վարկային ռեսուրսներով են իրենց մեքենաները ներկրել, եւ վարկային ռեսուրսներով ներկրելու պարագայում որոշակի շահույթ կարող է ունենային, որպեսզի կարողանային, եթե գոնե ոչ մեծ շահույթներ, ապա գոնե իրենց վիճակը ավելի չվատանար: Փաստն այն է, որ այդ վարկային բեռը տեղափոխվում է բանկային ոլորտ եւ ռիսկայնությունն ավելացվում է»:
Անդրադառնալով 7,8 տոկոս տնտեսական ցուցանիշին՝ Թադեւոս Ավետիսյանը նշեց, որ դրանից 2 տոկոսը ստվերային բացահայտման արդյունք է, այսինքն` սա իրական ցուցանիշ չէ: Նրա վստահեցմամբ, մինչ իշխանափոխությունը Հայաստանում ստվերը մոտ 40 տոկոսով ավելի ինտենսիվ է կրճատվել, քան ներկայումս է.«Շատ կարևոր խնդիրներ կան, որոնք չեն արտաբերվում․ գյուղատնտեսությունը կրճատվել է, որը երկրի զարգացման կարևոր ճյուղն է»:
Կարդացեք նաև
Մանրամասները՝ տեսանյութում
Վարդան Բոստանջյանը նույնպես խնդիր համարեց 2019-ին, բիզնեսի նպատակով մեքենաների աննախադեպ հոսքը դեպի մեր երկիր:
«Մեքենաների ներկրման բիզնեսի տեսակը 2020 թ. ընդհանրապես չի լինի, ավելին՝ ներկրված մեքենաներն այնքան խոցելի են դարձել, որ կարող է այս բիզնեսն ընդհանրապես շատ վատ անդրադառնա տնտեսության վրա»: Տնտեսագետը գտնում է, որ 2019 թվականին եվրոպական երկրներից ներմուծված մեքենաների համար վճարված մաքսատուրքը տարեվերջին ներկայացվեց որպես տնտեսական ցուցանիշ, ինչը սխալ եւ ոչ ճիշտ տնտեսական քաղաքականության հետեւանք է:
Վարդան Բոստանջյանի խոսքով, ներկայիս իշխանության կադրերում կան կարողունակ մարդիկ, որոնք սակայն, այս պայմաններում, մեծ դժվարությամբ են աշխատում։ Նրա խոսքով՝ ՀՀ-ում թեկուզ փոքր շարժը տնտեսական մեծ թիվ կարող է բերել: Նա օրինակ բերեց Թեղուտի չաշխատելն ու կրկին վերագործարկվելը, որը 25 տոկոս ավելացրեց տնտեսական ցուցանիշները:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ