Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանն այսօր լրագրողներին տեղեկացրեց, որ «Գլենդել Հիլզ» շինարարական կազմակերպության կողմից 200 միլիոն դրամից ավելի չարաշահումներ կատարելու կասկածանքով հարուցվել է քրեական գործ։ Այս քրգործը, ըստ դատախազի, հարուցվել է մոտ 20 օր առաջ և գտնվում է նախաքննության փուլում։
Հիշեցնենք, որ «Գլենդել Հիլզ» շինկազմակերպությունը Գյումրու «Մուշ 2» թաղամասում անօթևանների համար բազմաբնակարան շենքեր էր կառուցում։
Քրգործը հարուցվել է Շիրակի նախկին բարձրաստիճան պաշտոնյաներից մեկի՝ Արտաշես Սարգսյանի, «1Լուրեր»-ին տված հարցազրույցից հետո։ Նա, այդ ժամանակահատվածում զբաղեցնելով Քաղաքաշինության նախարարության քաղաքաշինական տեսչության պետի տեղակալի պաշտոնը, պնդում է, որ «Գլենդել Հիլզ»-ը 72 միլիարդից մոտ 20 միլիարդ յուրացում է կատարել։
«Այդ քրեական գործով արդեն իսկ հարցաքննվել են բազմաթիվ անձինք, նաև այն անձը, ով հեռուստատեսությամբ հայտնել է այդ բնույթի չարաշահումների մասին և մեր կողմից համապատասխան գերատեսչություններից պահանջվել են փաստաթղթեր»,- ասաց դատախազը։
Կարդացեք նաև
Լրագրողների դիտարկմանը, թե Արտաշես Սարգսյանի հայտարարությունը 20 միլիարդի յուրացման մասին է, դատախազն ասաց, որ նախնական տվյալները վկայում են 200 միլիոնի մասին, եթե քննությամբ պարզվի, որ դրանից ավել է, իրենք համապատասխան գնահատական կտան։
Լրագրողների դիտարկմանը, թե «Գլենդել Հիլզ»-ը կապվում է Սերժ Սարգսյանի եղբոր՝ Սաշիկ Սարգսյանի անվան հետ, նրան հարցաքննելո՞ւ են այս գործով, Կարեն Գաբրիելյանն ասաց․ «Անհրաժեշտության դեպքում բոլորը հարցաքննվելու են, այդ թվում նաև Սերժ Սարգսյանի եղբայրը, եթե քննության ընթացքում կպարզվի, որ որևիցե մեկը թույլ է տվել չարաշահումներ, կառաջադրվի մեղադրանք՝ կապ չունի, թե ում եղբայրն է, այդ թվում՝ եթե կպարզվի, որ Սերժ Սարգսյանի եղբայրն է կատարել չարաշահումներ»,-հայտարարեց Կարեն Գաբրիելյանը։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ