Լրահոս
Օրվա լրահոսը

«Սպիտակ մազերիցդ ամաչի, մանկավաճառ». մայրերը՝ Ռազմիկ Աբրահամյանին

Փետրվար 03,2020 17:07

Դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ այսօր առաջին ատյանի դատարանում ՀՀ առողջապահության նախկին փոխնախարար Արսեն Դավթյանի (պաշտոնից ազատվել է 2019թ.-ին) եւ «Հանրապետական ծննդատան» տնօրեն Ռազմիկ Աբրահամյանի կաշառքի գործով հերթական դատական նիստն էր, որի ժամանակ հետազոտվեցին ապացույցները, մասնավորապես՝ Ազգային անվտանգության ծառայության օպերատիվ հետախուզական միջոցառման տեսանյութը, որի արդյունքում փոխնախարարը բերման էր ենթարկվել: Նա մեղադրվում է հովանավորչության նպատակով Ռազմիկ Աբրահամյանից կաշառք ստանալու, վերջինս էլ՝ կաշառք տալու համար:

Իրավապահների ներկայությամբ նկարահանված տեսանյութի դիտումից հետո մեղադրյալի պաշտպանները դատարանի ուշադրությունը հրավիրեցին այն հանգամանքի վրա, որ Արսեն Դավթյանը, նրանց խոսքով, չի իմացել, թե Ռազմիկ Աբրահամյանի տված փակ ծրարում ինչ կա. «Երբ հարցնում են, նա պատասխանում է՝ «չգիտեմ», ասում են՝ «հաշվի», նորից պատասխանում է, որ չգիտի: Նա բացել է, որ տեսնի՝ մեջը ի՞նչ կա: Արսեն Դավթյանը տեղեկություն չուներ, թե որքան գումար է դա կազմում, սակայն այս մասին հիշատակումն արձանագրության մեջ չկա: Մենք, համենայն դեպս, չենք ֆիքսել դա»: Տեսանյութում լսվեց «3000 ԱՄՆ դոլար» արտահայտությունը:

Նիստն այսքանով ավարտվեց: Ռազմիկ Աբրահամյանը լրագրողների հարցերին պատասխանել խուսափեց:

Նրան փորձեցին մոտենալ «Հանրապետական ծննդատանը» տարբեր տարիներին երեխա ունեցած, սակայն այդպես էլ նրանց չտեսած մայրերը, որոնք պաստառներով բողոքի գործողություն էին իրականացնում: Հիշեցնենք, որ Ռազմիկ Աբրահամյանը մեղադրյալ է նաեւ երեխաների ապօրինի որդեգրման գործով: «Սպիտակ մազերիցդ ամաչի, մանկավաճառ»,-բղավում էր կանանցից մեկը:

«Ո՞վ է ձեզ վարձել»,-բողոքող կանանց հարցրեց Ռազմիկ Աբրահամյանին ուղեկցող մի տղամարդ:

https://www.facebook.com/aravot.am/videos/179359056807071/

2019թ.-ին «Հանրապետական ծննդատանը» երեխա ունեցած եւ նրան չտեսած Հայկուհի Խաչատրյանը, որը «Հայոց մայրեր» շարժումն է նախաձեռնել, լրագրողներին տեղեկացրեց, որ իրենց միացել են սփյուռքի 90 հայ կանայք, ստորագրություններ ուղարկել ի պաշտպանություն մայրերի: Խաչատրյանի խոսքով՝ սփյուռքի մայրերն էլ են գրություններով հայտնել, որ Ռազմիկ Աբրահամյանի ծննդատանը իրենց երեխաներին որպես մահացած են ներկայացրել:

Հայկուհի Խաչատրյանն անդրադարձավ նաեւ հանգամանքին, որ Ռազմիկ Աբրահամյանին սատարող գինեկոլոգները մտավախություն են հայտնել, որ անկախ նրանից, թե որ ծննդատանն է երեխան մահացած ծնվել, մայրն այսօր բարձրաձայնում է, թե նորածնին գողացել են:

«Եթե մահացած է, թող ապացուցեն, մայրերը տարիներ շարունակ կասկածը սրտում ապրել են, պարզապես հիմա են այդ մասին բարձրաձայնում: Հնարավոր է նաեւ, որ երեխան մահացել է, իրավապահները թող պարզեն՝ դա ճշմարտությո՞ւն է: Պետք է, չէ՞, ի վերջո այս ամոթալի էջը փակվի»,-նշեց Հայկուհի Խաչատրյանը:

Հավելենք, որ հաջորդ նիստում՝ փետրվարի 21-ին, 15:00-ին, դատարանը նախատեսում է հարցաքննել այս գործով վկաներ Արթուր Հովսեփյանին, Ծաղիկ Վարդանյանին եւ Գարուշ Այվազյանին:

Դատարանի որոշմամբ ԶԼՄ-ների տեսանկարահանումները դեռեւս արգելված են:

 Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829