Այսօր լրագրողները Շիրակի դատախազ Կարեն Գաբրիելյանին խնդրեցին մանրամասնել Վարդան Ղուկասյանի կողմից Գյումրու կենտրոնական Գորկու այգում գտնվող սպասարկման օբյեկտների օրինականության ու շենք-շինությունները օտարելու հետ կապված հարուցված քրեական գործերը։
«Նշված գործերից մեկը հարուցվել է «Թումո» կենտրոնի ղեկավար անձնակազմի կողմից ներկայացրած հաղորդման հիման վրա, որտեղ վիճարկվում է այն փաստը, որ կան տարածքներ, կան շինություններ, որոնք ապօրինի կերպով, նախկինում, խոսքը ձեր կողմից նշված քաղաքապետի կողմից օտարվել է այլ անձանց։ Այդ կապակցությամբ հարուցված է քրեական գործ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 308 և 314 հոդվածների հատկանիշներով։ Այսինքն` պաշտոնական դիրքը չարաշահելու և պաշտոնական կեղծիք կատարելու փաստով։
Մենք իրականում պարզել ենք, որ այնտեղ կան շինություններ, որոնք ժամանակին նշված քաղաքապետի կողմից օտարվել են տարբեր անձանց, նաև պարզել ենք, որ այդ շինությունները գտնվել են «Կումայրի»-ի արգելոցում և դրա հատկացման իրավաչափությունը, հիմնավորվածությունը պարզելու համար մենք նշանակել ենք համալիր դատաշինարարատեխնիկական, դատաապրանքագիտական փորձաքննություններ, որպեսզի պարզենք, թե արդյոք նրանք իրավասո՞ւ էին այդ շինությունները օտարել, թե՞ ոչ, և արդյոք օտարված շինությունների գինը համապատասխանո՞ւմ է տվյալ տարում գործող շուկայական արժեքին։
Խոսքը տարբեր շինությունների մասին, է նաև «Օազիս» սրճարանի մասին է (սա պատկանում է Վարդան Ղուկասյանի ընտանիքին, հեղ․), նշված այգում գտնվող այլ կառույցների մասին է, բազմաթիվ են։
Կարդացեք նաև
Այգու տարածքում գտնվող բոլոր շինությունները ֆիքսվել են մեր կողմից, բոլոր շինություններին վերաբերող փաստաթղթերը վերցվել են և՛ քաղաքապետարանից, և՛ կադաստրից։ Բոլոր փաստաթղթերը ներկայացնելով փորձագետներին՝ մեր կողմից տրվել են համապատասխան հարցադրումները։
Ես առերևույթ տեսել եմ խախտումներ նշված փաստերի կապակցությամբ, դրա համար հարուցվել է քրգործ, բայց վերջնական գնահատական ստանալու համար մենք կստանանք փորձագիտական եզրակացությունը և կորոշենք անձանց մեղադրանք առաջադրելու հարցը», -ասաց դատախազը։
Դատախազը նշեց, որ Վարդան Ղուկասյանը դեռ չի հարցաքննվել, բայց իրենք նրան կհրավիրեն հարցաքննության։
Նշենք, կենտրոնական զբոսայգում գտնվող հին թատրոնի շենքը, որտեղ 1912 թվականին առաջին անգամ բեմադրվել է Արմեն Տիգրանյանի «Անուշ» օպերան, տրամադրվել է «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնին։ Շենքը «Կումայրի»-ի պատմամշակութային կառույցներից մեկն է, այն վերանորոգման ընթացքի մեջ է։
Գորկու այգուն ու այնտեղ գտնվող օբյեկտներին տարեվերջյան ասուլիսին անդրադարձ էր կատարել նաև Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը, որը հերքել էր այն տեղեկությունը, թե այգու տարածքը 99 տարով հանձնված է Վարդան Ղուկասյանին։ Քաղաքապետը պնդել էր, որ այդ մասին չկա ավագանու որոշում։
Հարցին՝ վիճաբանության առկայության պայմաններում Ղուկասյանների «Օազիս» սրճարանը կշարունակի մնա՞լ այգու տարածքում, քաղաքապետ Բալասանյանը պատասխանել էր, որ ինքը չի կարող պատասխանել այդ հարցին։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Լուսանկարը՝ https://visitgyumri.com/ էջից