Պահապան խորհրդի կողմից երկփուլ քննարկումներից յետոյ Մեջլիսի թեկնածուների վաւերականութիւնը հաստատւելով, կարելի է ասել, որ արդէն պաշտօնական փուլ են թեւակոխել խորհրդարանական առաջիկայ ընտրութիւնները:
Առջեւում էլ, ահա, քարոզչական փուլն է ու առաջադրւած թեկնածուները առաւել քան երբեւէ պարտաւորւած են լինելու մեծ ջանքերի ներդրմամբ՝ շահագրգռել ու ներգրաւել ժողովրդական ընտրազանգւածներին, ապահովելու համար վերջիններիս լայն մասնակցութիւնը:
Պարտաւորւած՝ քանզի հիասթափւած ու դժգոհ ընտրազանգւածների առկայութեան մասին մինչեւ իսկ օրէնսդիրի՝ Մեջլիսի ամբիոնից պատգամաւորների ելոյթներն են վկայում, բարձրաձայնելով ժողովրդի մօտ կուտակւած իշխանութիւնների նկատմամբ անվստահութեան իրողութիւնը…
Աւելին, նոյնինքն Հանրապետութեան նախագահն ակնարկելով նոյն այդ անվստահութեանը, ուղղակիօրէն դիմելով դժգոհ զանգւածներին՝ խնդրում է, որ ժողովուրդը «չխռովի քւէատուփերի հետ»:
Կարդացեք նաև
Ճիշտ է, երկրի նկատմամբ արտաքին տնտեսական ու քաղաքական ծանրագոյն պատժամիջոցներին զուգակցւող հակաիրան քարոզչութիւնը ներգործում է հասարակայնութեան շարքերում բացասական մթնոլորտի ձեւաւորմանը: Բայցեւայնպէս՝ հէնց եռեակ իշխանութիւնների՝ գործադիր, օրէնսդիր եւ դատական ատեաններին է վերապահւած ներքին, ասել է թէ՝ նոյնինքն ժողովրդի մէջ վերականգնելու ապագայի նկատմամբ յոյսի, հաւատքի եւ արդար գոյավիճակի հեռանկարը, ժողովրդանւէր ու պետականանպաստ որոշումներով, քայլերով ու քաղաքականութեամբ:
Տայ Աստւած, որ գալիք եւ ըստ էութեան վճռորոշ ընտրական ասպարէզը կը դառնայ նպատակայարմար այն հարթակը, որտեղ առանցքային դերակատար համարւող ժողովուրդը լիարժէքօրէն վերականգնւած տեսնի իր խամրած վստահութիւնը իր իսկ քւէին, ի՛ր ընտրութեանն ու տւեալ դէպքում ի՛ր կողմից ընտրւած օրէնսդիր մարմնի հանդէպ…:
ԴԵՐԵՆԻԿ ՄԵԼԻՔԵԱՆ
«ԱԼԻՔ» ՕՐԱԹԵՐԹԻ ԳԼԽԱՒՈՐ ԽՄԲԱԳԻՐ
իսլամական Իրանի կողմնորոշումը հանդեպ ՀՀ բխում է իրենց շահերից. Ընդհանրապես Իրանի մոտեցումը ռազմավարական է անկախ ներկայիս իշխանությունների իսլամական թէ ապագա ժողովրդավարական էությունից. Հաջորդ ընտրությունները հավանաբար կներկայացնեն իսլամական Իրանի բնակիչների միայն 15%ը , իսլամական պահպանողական ռեժիմը ոչ մի ջանք չի խնայի գալիք ընտրությունները կամ ավելի լավ ասած նշանակումները օգտագործելու իր մենաշնորհ դիրքերը պաշտպանելու համար. Ցանկացած իշխող ուժ իրանում կձգտի ունենալ լավագոյն դրացիական հարաբերություններ ՀՀ ի հետ.