Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանն այսօր հանդես եկավ հաշվետու մամուլի ասուլիսով՝ տեղեկացնելով, որ արձանագրել են մի շարք հանցագործությունների թվի աճ, որոշ հանցագործությունների էլ թվի նվազում։
«2019 թվականին արձանագրվել է 1422 դեպք, իսկ 2018 թվականին 1309-ը, այսինքն` 113 դեպքով ավելացել է։ Կոնկրետ վերլուծության եմ ենթարկել ծանր, առանձնապես ծանր, միջին ծանրության հանցագործությունների դեպքերը։ Միջին ծանրության հանցագործությունների թվի աճ կա, իսկ աճին նպաստել են մեքենաներից կատարված գողությունները։ Իսկ դա պայմանավորված էր նրանով, որ 2019 թվականին ավտոմեքենաների մաքսազերծումը կատարվեց Գյումրիում և նշված ֆոնին ավտոմեքենաներից կատարված գողությունների կտրուկ աճ ունեցանք։
Բացի այդ, միջին ծանրության հանցագործությունների աճը պայմանավորված է կոռուպցիոն բնույթի հանցագործությունների առումով․ մի շարք հանցագործություններ որակվում են այնպիսի հանցակազմերով, որոնք Քրեական օրենսգրքով հանդիսանում են միջին ծանրության հանցագործություններ։ Որպես այդպիսին՝ կարող եմ թվարկել պաշտոնական դիրքի չարաշահում, պաշտոնական լիազորությունների անցում, կաշառք ստանալ, ապօրինի վարձատրություն ստանալ զգալի չափերով և այլն»,- ասաց դատախազը։
2019 թվականին Շիրակի մարզում արձանագրվել է սպանության երկու դեպք․2018 թվականին միայն մեկ սպանություն է տեղի ունեցել։
Կարդացեք նաև
Սպանություններից մեկը, ըստ դատախազի, մոր կողմից փոքրիկ երեխային սպանելու դեպքն է։ Հիշեցնենք, որ այս դեպքը շոկի մեջ էր գցել գյումրեցիներին․ այն տեղի էր ունեցել սեպտեմբերին, աղբանոցում հայտնաբերված մեկ տարեկան աղջկան սպանելու կասկածանքով կալանավորվել էր նրա 20-ամյա մայրը՝ Ա․Մ-ն։ Երեխային հայտնաբերել էին կպչուն ժապավենով կապած ու կիսաշրջազգեստը պարանոցին կապած վիճակում։ Գործն արդեն ուղարկվել է դատարան, երկու օրից կլինի առաջին դատական նիստը։
Հաջորդ դեպքը Ախուրյանում որդու կողմից մորը սպանելու դեպքն էր։
«Պարզվել է, որ նշված անձը տառապում է հոգեկան հիվանդությամբ և նշված արարքը կատարելու պահին գտնվել է անմեղսունակության վիճակում։ Մենք հարուցել ենք բժշկական բնույթի հարկադրանքի միջոցներ և այդ գործը դարձյալ ուղարկել ենք դատարան։ Գործի քննության ընթացքում մենք պարզեցինք, որ տվյալ անձը դեռևս 2003 թվականից գտնվել է հաշվառման մեջ Ախուրյանի պոլիկլինիկայի համապատասխան բաժնում՝ հոգեբուժական կաբինետում։ Նաև պարզվել է, որ դրանից հետո դեղորայքի փոփոխություն կամ ստացիոնար բուժում տևական ժամանակ չի կատարվել։
Այդ հանգամանքը հաշվի առնելով՝ իմ կողմից միջնորդագիր ներկայացվեց առողջապահության նախարարին, որով անհրաժեշտություն համարվեց, այսուհետ եթե անձը տառապում է նման հիվանդություններով, որոնց թվում է շիզոֆրենիան, հատուկ հսկողություն կիրառել նաև այն դեպքերում, երբ անձը գտնվում է ամբուլատոր բուժօգնության պայմաններում։ Այստեղ օրենքի հետ կապված կարգավորումներ ունենք, նշված հարցը իմ կողմից բարձրացվել է նաև ՀՀ գլխավոր դատախազին և գտնում եմ, որ օրենքի կարգավորումներ կմտցվեն, համապատասխան փոփոխություններ կկատարվեն և այս հարցին կունենանք լուծում», -ասաց դատախազը։
Նա տեղեկացրեց, որ 2019 թվականին սպանության երեք փորձ է արձանագրվել, մեկը քրեակատարողական հիմնարկում կատարված սպանության փորձն է, այս գործը դարձյալ ուղարկվել է դատարան, մյուսը՝ Ախուրյանի տարածքում քրոջը և քրոջ որդուն սպանելու փորձն էր, որը նույնպես ուղարկվել է դատարան։ Երրորդը՝ նախաքննության փուլում է․ Գյումրու «Ջավախք» խանութի դիմաց տեղի ունեցած միջադեպն է․ կենցաղային հարցով երկու անձինք վիճաբանել են, մեկը կյանքից զրկելու դիտավորությամբ դանակահարել մյուսին, բժշկական միջամտության շնորհիվ տուժողը փրկվել էր մեռնելուց։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ