Aravot.am-ը ԿԳՄՍ նախարարության Պատմության ու մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության Երեւանի տարածքային բաժնի պետ Հրանտ Հովսեփյանից հետաքրքրվեց, թե ինչ վիճակում է Կոնդի Ռուսթավելու ու Սիմեոն Երևանցու փողոցների հատման վայրում գտնվող մզկիթը , որը երեկ փլուզվել էր եւ ինչու այն չի ամրակայվել այսքան ժամանակ, երբ այդքան անմխիթար վիճակում է: Նա հայտեց, որ մեր զանգի պահին մզկիթի մոտ է գտնվում, եւ այս պահին իրենք դեռեւս տեղեկատվության ամբողջացման խնդիր ունեն, քանի որ առայժմ ուսումնասիրություններ են կատարում, եւ իրենց ուշադրության կենտրոնում է գտնվում հարցը:
«Ամենամեծ փլուզումը տեղի է ունեցել 1988 թվականին, իսկ ընթացքում, ինչպես բնակիչները փաստեցին, անընդհատ փլուզումներ են տեղի ունենում եւ հիմնականում համեմատաբար փոքր չափերով: Երեկվա փլուզման արդյունքում էլ մի քանի քար է ընկել: Բայց հուշարձանը շատ անմխիթար վիճակում է գտնվում, առկա են ճաքեր: Մթնոլորտային տեղումների, յուրաքանչյուր ծանր տեխնիկայի կամ անգամ ավտոմեքենայի շարժից կարող է ինչ-որ քարեր պոկվեն, մի խոսքով՝ ամրակայման լուրջ կարիք կա»,-հայտնեց Հովսեփյանը՝ 1687 թվականի կառույց հանդիսացող մզկիթի մասին, որը հանրապետական նշանակության հուշարձան է համարվում եւ ընդգրկված է հուշարձանների ցուցակում:
Aravot.am-ի հարցին՝ ինչու հուշարձանը պատշաճ ուշադրության չի արժանացել, մեր զրուցակիցը այսպես պատասխանեց. «Ընդհանրապես օրենսդրությամբ՝ հուշարձանների պահպանությունը, որոնք տրված են սեփականության կամ օգտագործման իրավունքով, դրված է օգտագործողների եւ սեփականատերերի վրա, իսկ այն կառույցները, որոնք պետական են՝ համապատասխանաբար պետության միջոցներն են ուղղվում դրանց: Բացի դրանից, բավական սուղ են պետական միջոցները եւ բազմում հուշարձաններ կան ամրակայման կարիք ունեցող:
Ինչ վերաբերում է Կոնդի մզկիթին, այստեղ լուրջ խնդիր կա՝ սեփականության հետ կապված: Ես ուսումնասիրեցի ու տեսա, որ մզկիթը սեփականության իրավունքով տրված է մի քանի ընտանիքի, որոնք այդտեղ են բնակվում: Ժամանակին նույնիսկ 15 ընտանիք է եղել այդտեղ: Հարցեր կան, օրինակ՝ արդյոք դա պե՞տք է սեփականության իրավունքով տրվեր, թե ոչ՝ հաշվի առնելով, որ այն օտարման ոչ ենթակա հուշարձանների պետական ցուցակում է: Նախ պետք է պարզել, թե ինչ հանգամանքներում է այդպես եղել»: Պարոն Հովսեփյանից տեղեկացանք նաեւ, որ հուշարձանի սեփականատերերը հայեր են:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը` wikipedia.org-ի