Լրահոս
Օրվա լրահոսը

«Սա կարող է ճնշում լինել ոչ հաճո ՀԿ-ների նկատմամբ». Նաիրա Զոհրաբյանը՝ ՊԵԿ-ի նոր օրենքից մտահոգված է՝ ամեն թուղթ ու գրիչի համար պիտի ՊԵԿ-ին տեղյա՞կ պահեն

Փետրվար 03,2020 15:10

Այսօր ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի հանձնաժողովի նիստում քննարկվեց «Հասարակական կազմակերպությունների մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը:

ՊԵԿ փոխնախագահ Էդվարդ Հովհաննիսյանն ասաց, թե այդ նախագծի համաձայն ինչ տեղեկատվություն են պարտավոր ներկայացնել ՀԿ-ները՝ տարեկան հաշվետվության մեջ: Ըստ այդմ, նրանք հարկ վճարողի հաշվառման, գտնվելու վայրի, հեռախոսահամարի, գործադիր մարմնի ղեկավարի անվան, գործունեության նպատակների եւ այլ տեղեկատվության հետ պետք է ներկայացնեն նաեւ կազմակերպության անդամների, ինչպես նաեւ այն կամավորների թիվը, որոնց աշխատանքի տեւողությունը գերազանցում է շաբաթական 20 ժամը՝ հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ: Նաեւ ՀԿ-ները պետք է ներկայացնեն իրականացրած նիստերի քանակը, իրականացրած ծրագրերի մասին տեղեկատվություն, դրամական կամ գույքային տարեկան մուտքերի քանակը, օգտագործված միջոցները եւ կամ շարժական, անշարժ գույքը, ձեռնարկատիրական գործունեության մասին եւ մի շարք այլ տեղեկություններ:

ՊԵԿ փոխնախագահն ասաց, որ ՀԿ-ների օրենքով նախատեսված թափանցիկության դրույթով պայմանավորված՝ կարեւորվել է նաեւ ՀԿ-ների գործունեության մասին հանրային իրազեկվածության խնդիրը:

Հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը հարցրեց՝ ՀԿ-ները հարցնում են՝ որ ասում եք գույքի մասին տեղեկությունները հայտնեն՝ տետր, թուղթ, գրիչ, դա գույքայի՞ն է, թե՞ ոչ: Եթե դա չհրապարակվի, կարո՞ղ է ճնշման լծակ դառնա ՀԿ-ի վրա, սահմանը ո՞րն է, ամբո՞ղջ տեղեկատվությունը պետք է տրամադրվի: Հովհաննիսյանը պատասխանեց. «Պահանջվում են այնպիսի տեղեկություններ, որոնք ընդհանուր պատկեր կապահովեն կազմակերպության գործունեության վերաբերյալ: Գույքի վերաբերյալ տեղեկությունը, այո, ընդարձակ է: Եթե կազմակերպությունը սեփական գույքի ծախսման վերաբերյալ ներկայացնի որեւէ իքս գումար, դա կգնահատվի տվյալ գործունեության համար, հաշվի առնելով աշխատողների քանակը, ողջամի՞տ են, թե՞ ոչ: Եթե այնպիսի ծախսային թիվ ներկայացվի, ոչ կասկածի տեղիք կտա, կորոշվի»:

Նաիրա Զոհրաբյանն էլ արձագանքեց, որ այս ոչ հստակությունն է, որ մտավախություն է առաջացնում ՀԿ-ների մոտ առ այն, որ ճնշման գործիք կլինի, որը կկիրառվի ոչ հաճո ՀԿ-ների նկատմամբ: ՊԵԿ փոխնախագահն էլ պատասխանեց, որ իրենք նպատակ չունեն որեւէ ՀԿ-ի ճնշել:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829