«Շատ վատ է, որ կաշառքի գործով մեղքը մասամբ ընդունած եւ երեխաների ապօրինի որդեգրման գործով անցնողն ազատության մեջ է: Մենք դժգոհ ենք եւ պահանջում ենք, որ նրան կալանավորեն, որ ասի մեր երեխաների տեղը»,- առողջապահության փոխնախարար Արսեն Դավթյանի եւ «Հանրապետական ծննդատան» տնօրեն Ռազմիկ Աբրահամյանի կաշառքի գործով հերթական դատական նիստից առաջ լրագրողների հետ զրույցում այսօր ասաց 2019թ.-ին «Հանրապետական ծննդատանը» երեխա ունեցած եւ նրան այդպես էլ չտեսած Հայկուհի Խաչատրյանը, որը «Հայոց մայրեր» շարժումն է նախաձեռնել:
Հիշեցնենք, որ Ռազմիկ Աբրահամյանը մեղադրյալ է նաեւ երեխաների ապօրինի որդեգրման գործով:
https://www.facebook.com/aravot.am/videos/229849394685608/
Հայկուհի Խաչատրյանը նշեց, որ երեխաներին չտեսած մայրերի պայքարը չի դադարելու. «Բողոքող մայրերի արդեն 700 դիմում ուղարկել ենք թրաֆիքինգի բաժին, թեեւ միայն ես եմ տուժող ճանաչված: Նրանք էլ հույս ունեն, որ տուժող կճանաչվեն, եւ ամեն մանրուքը կբացահայտվի»:
Կարդացեք նաև
Խաչատրյանը նաեւ տեղեկացրեց, որ օրերս Աջափնյակի Քաղաքացիական կացության ակտերի գրասենյակում միջադեպ է տեղի ունեցել. «Ինչ-որ կին եկել է ու փաստաթղթեր կարել: Ասել են՝ թաղապետարանից է եկել ՔԿԱԳ, պարբերաբար գալիս է: Այսինքն, ինչ-որ մեկը կարող է գալ եւ մեր փաստաթղթերի հետ գործ ունենա՞լ: Չի բացառվում, որ նա ուղղորդված լինի Ռազմիկ Աբրահամյանի կողմից»:
Ավելի վաղ Հայկուհի Խաչատրյանը գրառում էր արել այն մասին, որ նշյալ ՔԿԱԳ-ում ականատես են եղել մի կնոջ կողմից նոր գրանցամատյանների կազմելուն, եւ այդ կինը, մայրերին տեսնելով, ինչ-որ իրեր եւ փաստաթղթեր ձեռքին՝ շտապել է հեռանալ:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ