Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Կորոնավիրուսի մասին ապատեղեկատվություններն աճում են երկրաչափական պրոգրեսիայով

Փետրվար 03,2020 11:14

Կորոնավիրուս. կեղծ լուրերի նոր ալիք ամբողջ աշխարհում

Ապատեղեկատվությունը նոր կորոնավիրուսի մասին տարածվում է վիրուսից արագ։ Անհիմն և անապացուցելի տեղեկությունները վիրուսի ծագման, վարակակիր և մահացած մարդկանց թվաքանակի և հիվանդության կախարդական բուժման մասին ողողված են ողջ համացանցով։ Մասսայական կեղծ տեղեկությունները առիթ դարձան, որպեսզի Facebook-ը միջոցներ ձեռնարկի կորոնավիրուսի վերաբերյալ ապատեղեկատվության տարածումը սահմանափակելու համար։ Ընկերության հայտարարության մեջ նշվեց, որ պլանավորվում է կիրառել փաստագիտական ստուգման ալգորիթմը, որը կօգնի բացահայտելու ստահոդ տեղեկությունները և սահմանափակելու դրանց բազմացումը:

Տեղեկատվության ստուգման կենտրոնը ներկայացնում է, թե ինչ ապատեղեկատվություններ են տարածվել վիրուսի մասին՝ սկսած դեկտեմբերի 31-ից, երբ Չինաստանի իշխանությունները կորոնավիրուսի համաճարակի մասին հայտնեցին Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը։

Կորոնավիրուսը՝ նոր դավադրություն աշխարհի դեմ

Սկսենք դավադրությունների տեսությունից։ Ամենամեծ աղմուկ հանած կեղծ գրառումը Isaiah Rastetter անունով օգտատիրոջն էր։ Վերջինս հունվարի 22-ին գրել էր, թե կորոնավիրուսը արտոնագրված է, իսկ դրա պատվաստանյութը՝ արդեն իսկ ստեղծված։ Օգտատիրոջ կարծիքով՝ ԶԼՄ-ների միջոցով տարածվում է վիրուսի մասին լուրը, որպեսզի մարդիկ ահաբեկվեն և գումարներ ծախսեն՝ դեղամիջոցների գնման համար։

Այս տեղեկությունը լայն տարածում գտավ թե՛ լրատվամիջոցներում, թե՛ սոցիալական ցանցերում։ Նույն ենթատեքստով եղան նաև այլ հրապարակումներ, որոնք հեգնում և կասկածի տակ էին դնում կորոնավիրուսի գոյությունը։

Պնդումը, թե վիրուսի կամ «վիրուսի մասին լեգենդի» տարածումը հատուկ է արվում՝ դեղամիջոցների մասսայական վաճառքի համար, դավադրության տեսությունների շարքին է դասվում։ Պետք է փաստել, որ Isaiah Rastette-ի գրառումից կարճ ժամանակ անց Չինաստանի իշխանությունը հայտարարեց վիրուսի բռնկման կենտրոնի՝ Ուհան քաղաքի տրանսպորտային ենթակառուցվածքների աշխատանքի դադարեցման մասին։ Քաղաքում հայտարարվեց կարանտին. սա նշանակում էր, որ չի կարելի հեռանալ Ուհանից հանրային տրանսպորտով, մուտքը քաղաք ևս սահմանափակված է, ավիաչվերթները, գնացքների և ավտոբուսների մեկնումը քաղաքից ժամանակավորապես դադարեցվեց։ Ձեռնարկված քայլերը խոսում են այն մասին, որ իշխանությունն արել է հնարավորը՝ վիրուսի տարածումը կանխելու համար։

Ինչ վերաբերում է պատվաստանյութի ստեղծմանը՝ պետք է նշել, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը, և հեղինակավոր շատ մասնագետներ բազմիցս խոսել են այն մասին, որ քայլեր են ձեռնարկվում պատվաստանյութի ստացման ուղղությամբ, բայց երբևէ չի եղել պաշտոնական հայտարարություն արդեն իսկ ստեղծված պատվաստանյութի մասին։ Հայկական լրատվադաշտում ևս քիչ չէին տեղեկությունները, թե գիտնականները կորոնավիրուսի դեմ նոր պատվաստանյութ են հայտնագործել։

TikTok-ը՝ կեղծ լուրեր տարածման նոր աղբյուր

Թվում է, թե մասսայական սոցիալական ցանցերից շատերը (Facebook, Twitter, Youtube և այլն) արգելափակած Չինաստանում ապատեղեկատվության հոսքերը պետք է քիչ լինեին, սակայն շատ միֆերի սկզբնաղբյուրները հենց այդ երկրից էին։ Այս ընթացքում կեղծ տեղեկությունների հսկայական մասը եկել է դեռահասների շրջանում հայտնի, չինական TikTok հարթակից, որտեղ հրապարակվել են հարյուրավոր տեսահոլովակներ՝ ապակողմնորոշող հաղորդագրություններով։ Տեսանյութերից մեկի հերոսը հայտարարել էր, որ ամեն 100 տարին մեկ Չինաստանի կառավարությունը տարածում է նմանօրինակ վիրուսներ՝ հասարակության նկատմամբ վերահսկողությունը պահելու համար։

Մեկ այլ տեսանյութում նշվում էր, թե վիրուսը ստեղծվել է Microsoft-ի նախկին գործադիր տնօրեն Բիլ Գեյթսի կողմից։

Տեսություններ՝ կորոնավիրուսի ծագման մասին

Հունվարի 22-ին ԱՄՆ-ում արձանագրվեց կորոնավիրուսի առաջին դեպքը։ Նույն օրը Jordan Sather անունով յութուբերը իր թվիթերյան գրառման մեջ նշել էր, որ կորոնավիրուսի արտոնագիրը ներկայացվել է դեռևս 2015թ.-ին։ Իբրև ապացույց՝ նա տեղադրել էր Փիրբրայթի համալսարանի արտոնագիրը։ Եվ քանի որ ամերիկյան «Բիլ և Մելինդա Գեյթսերի բարեգործական հիմնադրամը» տարիներ շարունակ ֆինանսավորել է վիրուսների դեմ պայքարը, շատերը կապ գտան այս հիմնադրամի և Փիրբրայթի համալսարանի միջև՝ Ուհանում բռնկված վիրուսի հետքերը տանելով դեպի Միացյալ Նահանգներ։

Իրականում այս տեղեկությունը հաստատող որևէ ապացույց չկա։ Հիշյալ փաստաթուղթը պարզապես ցույց է տալիս, որ 2015 թ.-ին ներկայացվել է արտոնագիր` կորոնավիրուսի լաբորատոր տարբերակի մշակման համար, որի նպատակը՝ շնչառական վարակների և հիվանդությունների բուժումն էր միայն։

«2019-nCoV» վիրուսը օձերի և չղջիկների վիրուսների հիբրիդ

Հունվարի 22-23-ն ընկած ժամանակահատվածում աննախադեպ տարածում գտավ տեսակետը, թե «2019-nCoV» վիրուսը օձերի և չղջիկների վիրուսների հիբրիդ է։ Այս տեղեկությունը հայտնվեց նաև հայկական մամուլում։ Լրատվականները, սակայն, չէին հայտնում ինֆորմացիայի աղբյուրը։ Օգտագործվում էր միայն հին ու բարի «գիտնականների ուսումնասիրությամբ», «գիտնականների պնդմամբ» եզրույթը։

Վիրուսի՝ օձի և չղջիկի հիբրիդ լինելու վարկածից հետո՝ սոցիալական ցանցերը լի էին քննադատություններով՝ ուղղված չինացիների սննդակերպին։ Այդ օրերին համացանցում սկսեց շրջանառվել մի քանի տարվա վաղեմության տեսանյութ, որտեղ մի չինուհի համտեսում է եփված չղջիկ՝ նշելով, որ այն հավի մսի համ ունի։ Մարդիկ գրում էին, որ չնայած վիրուսային համաճարակին՝ Ուհանում շարունակում են չպահպանել սննդակարգը։

Այս տեսանյութը, սակայն, արվել էր ոչ թե Ուհանում կամ Չինաստանում, այլ խաղաղօվկիանոսյան Պալաու կղզի-պետությունում՝ 2016 թվականին։ Հարկ է նշել նաև, որ վիրուսի առաջացման պատճառների մասին տարատեսակ վարկածներ կան, բայց դրանցից և ոչ մեկը մինչ օրս չի հաստատվել ո՛չ Առողջապահության համաշխարհային կազմակերպության, ո՛չ էլ Չինաստանի կողմից։

Ուռճացված թվեր՝ զոհերի և վարակակիրների մասին

Որքան էլ մեծ է կորոնավիրուսի տարածման արագությունը, այնուամենայնիվ զոհերի և վարակակիրների թվաքանակի մասին տարբեր լրատվականներում հրապարակված տեղեկությունները հաճախ մի քանի անգամ ուռճացված են ներկայացվում։

Այսպես, օրինակ, ամերիկյան Hal Turner Show-ն դեռևս հունվարի 23-ին գրել էր, թե Չինաստանում կորոնավիրուսից մահացել է 112 000 մարդ, մինչդեռ պաշտոնական տվյալներով թիվը չէր գերազանցում 30-ը։

Հարկ է նշել, որ վիրուսի տարածման և իրական թվերի մասին կարող եք տեղեկանալ հետևելով Ջոն Հոփկինսի անվան համալսարանի՝ Համակարգերի գիտության և ինժեներական կենտրոնի (CSSE) կողմից մշակված ինտերակտիվ քարտեզին: Համագործակցելով մի շարք գիտական կենտրոնների հետ՝ այդ թվում ԱՀԿ-ի, կազմակերպությունը հավաքագրում եւ ներկայացնում է տեղեկատվություն վարակակիրների, մահացության դեպքերի եւ ապաքինվածների մասին։

16 ժամում կառուցված հիվանդանոցի լուրերը ևս կեղծ էին

Հունվարի 24-ին համացանցում տարածվեց Ուհան քաղաքում կառուցվող նոր հիվանդանոցի մասին տեսանյութը։ Լրատվամիջոցները գրում էին շինարարությունը մեկ շաբաթում ավարտելու՝ չինացիների մտադրության մասին։ Հունվարի 27-ին չինական Global Times-ն ու People’s Daily-ին գրեցին, թե հիվանդանոցի առաջին մասնաշենքը կառուցվել է 16 ժամում։

Ցավոք, նկարում պատկերվածը ոչ թե հիվանդանոցի նորակառույց մասնաշենքն էր Ուհանում, այլ մոդուլային բազմաբնակարան շենք՝ Ցինդաոյում։ Իսկ նկարները վերցված էին made-in-china.com կայքից։ Իսկ Ուհանում հոսպիտալի կառուցապատման աշխատանքները դեռևս շարունակվում են։ Գործընթացին կարելի է հետևել նաև օնլայն։

Շուրջ մեկ ամիս է՝ կորոնավիրուսի մասին ապատեղեկատվությունները աճում են երկրաչափական պրոգրեսիայով։ Մեկ հոդվածով հնարավոր չէ ամփոփել այն բոլոր կեղծ լուրերը, որոնք տարածվել են այս օրերին։ Տեղեկատվության ստուգման կենտրոնը հետևում է թեմայի շուրջ զարգացումներին և հարկ եղած դեպքում կրկին կանդրադառնա տարածվող կեղծիքներին։

Տեղեկատվության ստուգման կենտրոն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829