«Դարի գործարքի» թիրախները․ լիբանանյան եւ հայկական հայեցակետեր
Դարի գործարքի քաղաքական թայմինգը վերլուծաբանական առումով որոշակի հունավորման է առաջնորդում։ Թե՛ ԱՄՆ-ի եւ թե՛ Իսրայելի ղեկավարները վերընտրության խնդիր են դիմագրավում։ Եթե առաջինը կարիք ունի հրեական լոբբիստական խմբերի ամբողջական զորակցության, ապա երկրորդը կարիք ունի անբաժանելի Երուսաղեմի ամրագրումը կատարող ամերիկյան որոշման՝ ներքին ընտրական շուկայի վրա իբրեւ կարեւոր պահանջարկ կայանալու։
Գործարքը երկկողմանիորեն իր ազդեցություննն է ունենալու անպայման եւ այս առումով Վաշինգտոնի եւ Թել Ավիվի հաշվարկները քաղաքական տրամաբանության վրա են հենվում։ Ընտրական նպատակներով կատարված այս թիրախավորումը սակայն անպայման հետընտրական ժամանակահատվածում նույն ուժգնությամբ չի կարող հետապնդվել։ Երեք գերակա ուղղություն է ներառվել խնդրո առարկա գործարքում։ Առաջինը Երուսաղեմի անբաժանելիությունն է։ Երկրորդը՝ պաղեստինյան հիմնական բնակավայրերի վրա իսրայելյան գերիշխանության հաստատումը եւ երրորդը՝ պաղեստինցի գաղթականների տեղի երկրներում վերջնական բնակեցումը։
Հանգուցալուծման միտող ցանկացած գործարք սակայն սկզբունքով տեղի է ունենում հակամարտող կողմերի միջեւ։ Այստեղ խոսքը միակողմանի գործարքի մասին է։ Մինչ հատկապես նման տարողությամբ նոր համաձայնություն ենթադրում է երկկողմ ձեւաչափ, թեկուզ միջնորդավորված կամ աւելի ճիշտը՝ երաշխավորված։ Այստեղ համաձայնությունը մի կողմի եւ գլխավոր երաշխավորի միջեւ է։
Կարդացեք նաև
Երկրորդ կարեւոր դիտարկումն այն է, որ Վաշինգտոնն ու Թել Ավիվը այս ձեւով ոչ միայն երրորդ կողմի հաշվին որոշում են կայացնում, այլ ոտնահարում են նախկին միջազգային համաձայնագրերը։ Օսլոյից Քեմփ Դեյվիդ եւ ապա միջազգային տարբեր ատյաններում կատարված վերաբանաձեւումներն այս ձեւով առ ոչինչ են հայտարարվում՝ Միջին արեւելյան տարածաշրջանն առաջնորդելով դեպի նոր ցնցումներ։
Լիբանանյան դիտանկյունից երրորդ ուղղությունը հավելյալ լուսարձակներ է հրավիրում իր վրա։ Դա վերաբերում է ուղղակիորեն Լիբանանում տեղակայված պաղեստինցի գաղթականների լիբանանյան հասարակության ամբողջական ներառմանը։ Այստեղ եւս թայմինգը որոշ հուշումներ է ընդգծում։ Ֆինանսատնտեսական խոր տագնապ ապրող Լիբանանը նման որոշման ընդառաջ գնալու դեպքում կստանա համապատասխան լայնածավալ օժանդակություն։ Մինչ գործարքը բախվում է համալիբանանյան եւ համաարաբական մերժման եւ դժգոհության. Հեզբոլլա-Վաշինգտոն քաղաքական պատերազմը առաջին կողմի դեպքում նոր ուժերով համալրվելու նախադրյալներ է ամփոփում։ Վաշինգտոնի այս որոշումը մերժում են լիբանանյան բոլոր կողմերը։ Նաեւ՝ արաբական աշխարհը։
Պաղեստինցների՝ Լիբանանում վերջնական բնակեցումը եթե մի կողմից կանխարգելում է պաղեստինյան տարածքների վրա ժողովրդավարական պատկերի կարեւոր փոփոխությունը, մյուս կողմից ծառայում է սուննի համայնքի նշանակալի բազմապատկմանը՝ ի հակակշիռ շիա դավանանքին հետեւող եւ քաղաքական հզոր գործոնի հանգամանք ունեցող զանգվածին։ Տնտեսական օժանդակությունների տրամադրման պայմանականությունը թվում է, որ պիտի չսահմանափակվի միայն իրանամետ կազմակերպության չեզոքացման ակնկալիքով, այլ նաեւ պաղեստինցիների վերջնական բնակեցումով։ Մինչ այդ պիտի շարունակվեն տնտեսական սեղմումները։
Երկրորդ ուղղությունը հայկական դիտանկյունից հուշում է զգուշավոր մոտեցում՝ իրադարձություններին գնահատական տալու կամ ընդհանրապես մեկնաբանելու պահին։ Պաղեստինյան տարածքների վրա իսրայելյան գերիշխանությունն ընդունելու ամերիկյան որոշումը հերթական անգամ ոտնահարում է միջազգային իրավունքը, հատկապես ազգերի ինքնորոշման իրավունքի սկզբունքը։ Միջազգային նախադեպեր չպետք է վերստեղծել դարեր շարունակ ժողովրդով բնակված տարածքների բռնակցում կատարելու կամ հակամարտողի գերիշխանությունը ճանաչելու։ Ինքնորոշման իրավունքի հարգումը այլոց դեպքում անհրաժեշտ քայլ է սեփական իրավունքները պաշտպանելու համար։
Պարզ է, որ շահերի համընկումներն առաջնորդում են գործարքների։ Գործարքների իրականացումները եւս ենթարկվում են տարբեր ելեւէջների, երբեմն նույնիսկ առկախումների։ Խնդիրը՝ հայկական ոսպնյակով առարկայական դիտարկումներ կատարելն ու ըստ այնմ կողմնորոշվելն է։
Շահան ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ
«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր