ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանը քիչ առաջ հրապարակված որոշմամբ մերժեց իր դեմ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմի ներկայացրած բացարկի միջնորդությունը, իսկ դա նշանակում է, որ ՀՀ սահմանադրական կարգի տապալման համար մեղադրվող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատախազության բողոքի քննությունը կշարունակի նախագահել Արմեն Դանիելյանը։
Հիշեցնենք, որ նախորդ նիստում Քոչարյանի պաշտպանները բացարկի միջնորդություն էին ներկայացրել Դանիելյանին` գտնելով, որ նա չի կարող անաչառ լինել։
Քոչարյանի պաշտպաններից Հովհաննես Խուդոյանը նախաքննության ընթացքում միջնորդություն էր ներկայացրել` պահանջելով տրամադրել Մարտի 1-ի մայր գործով բոլոր նյութերը։ Սակայն քննիչը մերժել էր: Փաստաբանը բողոք էր ներկայացրել դատարան, և 2019 թ․ նոյեմբերին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Արման Հովհաննիսյանի նախագահությամբ, բավարարել էր բողոքը՝ պարտավորեցնելով ՀՔԾ-ին Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններին տրամադրել Մարտի 1-ի մայր գործով բոլոր նյութերը։ Դատախազությունը բողոքարկել է դատարանի նշված որոշումը, այդ բողոքն էլ քննության ընթացքում է։
Հիշեցնենք, որ 2019թ.-ին դատավոր Արմեն Դանիելյանը բեկանել էր Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատավոր Դավիթ Գրիգորյանի՝ Ռոբերտ Քոչարյանին Արցախի ներկա և նախկին նախագահների անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու և Ռոբերտ Քոչարյանի և մյուսների վերաբերյալ գործի վարույթը կասեցնելու և ՍԴ ուղարկելու մասին որոշումները։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ