Լրահոս
Տնկվել է շուրջ 2500 ծառ
«Իբր պետություն»
Օրվա լրահոսը

Հարևան Իրանի տվայտանքը` հանրապետություն, թե կրոնապետություն

Փետրվար 03,2020 09:55

Իրանում այս օրերին տոնում են Իսլամական հեղափոխության հաղթանակի 41-ամյակը: 1978 թվականի երկրորդ կեսից Իրանում արդեն հեղափոխական մթնոլորտ էր. արքայի կողմից հայտարարված ռազմական հատուկ դրությունն այլևս անզոր էր կասեցնել ժողովրդի խուռներամ շարքերի հեղափոխական երթը. Մոհամեդ Ռեզա շահը 01 փետրվարի 1979 թվականին ճարահատյալ կերպով լքեց երկիրը, իսկ ժողովրդական շարժման առաջնորդ Իմամ Խոմեյնին վերադարձավ աքսորից: Տաս օր հետո` 11 փետրվար 1979 թվականին արքայական բանակը հանձնվեց և հեղափոխությունը հաղթանակեց:

Հեղափոխական միլիոնավոր զանգվածների ղեկավարները, որոնք ճնշող մեծամասնությամբ իսլամ կրոնականներ էին, իսկ փոքրաթիվ մասը` ազգայնականներ կամ ձախակողմյաններ, հաղթանակից ընդամենը մեկ ամիս հետո կանգնեցին նոր վարչակարգ ընտրելու երկընտրանքի առջև: Առաջարկված հանրաքվեում բնականաբար բոլորը մերժեցին թագավորական վարչակարգը, բայց փոքրամասնությունն անզոր գտնվեց ընդդիմանալու հեղափոխության խարիզմատիկ ղեկավար Իմամ Խոմեյնիի որոշման և հիմնվեց «Իսլամական Հանրապետություն»:

Փորձագետների կարծիքով նոր Սահմանադրություն գրող Բանիմացների (Սահմանադիր) Ժողովը հենց սկզբից հակասության մեջ ընկավ. նրանք ի վերջո մշակեցին մի Սահմանադրություն, որտեղ երկրի տեր ու տիրակալն է Կրոնապետ-Առաջնորդը` իր անսահման լիազորություններով, իսկ Նախագահը սահմանափակ լիազորություններով վարչապետանման մի պաշտոնատար անձ: Երկիրն ունի ընտրովի մարմիններ` Իսլամական Խորհրդարան և Բանիմացների Ժողով. երկու զինված ուժեր (բանակ և հեղափոխության պահակազոր), Ոստիկանություն, Աշխարհազորայիններ, Դատական Ուժ, Սահմանադրության Պահապան Խորհուրդ (Սահմանադրական Դատարան), Անվտանգության Խորհուրդ, Վարչակարգի Արդյունավետության Խորհուրդ և այլ մարմիններ` երբեմն նաև միմյանց խաչաձևող:

Իմամ Խոմեյնին մահացավ հեղափոխությունից տաս տարի հետո, ապա երկրի բարձրագույն ատյանի` ազդեցիկ հոգևորականներից բաղկացած Բանիմացների Ժողովի կողմից առաջնորդ ընտրվեց մեկ այլ կրոնապետ` պրն Խամենեին. վերջինս պետությունը ղեկավարում է մինչ օրս` 31 տարի:

Իրանը մինչ այժմ ունեցել է հանրապետության յոթ նախագահ. նրանք համարյա բոլորն էլ բախվել են կրոնապետերի ստեղծած օրինական և արհեստական արգելքներին: Երկրի զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարն է կրոնապետը, նրան է վերապահված բանակի ու հեղափոխության պահապան կորպուսի հրամանատարների` Դատական ուժի բոլոր ղեկավարների և պետական Ռադիո-հեռուստատեսության տնօրենի նշանակման և ազատման իրավունքը: Ֆինանսական գործունեություն ծավալող տասնյակ պետական հաստատություններ միմիայն առաջնորդին են ենթարկվում: Արտաքին քաղաքականության ուղղությունները հիմնականում մշակվում է երկրի առաջնորդի գրասենյակում:

Թեև երկրում ընտրություններ կազմակերպելու լիազորություններն օրենքով վերապահված է Ներքին Գործերի Նախարարության, բայց Սահմանադրության Պահապան Խորհուրդն ունի անսահմանափակ իրավասություններ և կարող է մերժել նախագահի կամ խորհրդարանի ընտրությունների և այլ տեսակի ընտրությունների թեկնածուներին: Այդ Խորհրդի լիազորություններն ամրագրված է Սահմանադրությամբ և կոչվում է «Հայեցողական- էսթեսվաբի استصوابى discretionary control»:

Իրանում հաջորդ ամիս տեղի են ունենալու խորհրդարանական ընտրություններ: Համաձայն լուրերի` Սահմանադրության Պահապան Խորհուրդը մերժել է հարյուրավոր թեկնածուների գրանցումը` այդ շարքում նաև գործող խորհրդարանի անդամների մոտ մեկ երրորդին: Փորձագետների կարծիքով մերժվածները հիմնականում բարեփոխականներ են, իսկ ծայրահեղ կրոնականները ձգտում են հաջորդ խորհրդարանը լրիվորեն իրենց ազդեցության տակ պահել: Այս խորհրդի նման գործելակերպը զայրացրել է անգամ նախագահ Ռոհանիին. նա այս շաբաթ երկու անգամ անդրադարձել է այս խնդրին` կիրակի 02 փետրվարին Իմամ Խոմեյնիի շիրմի մոտ և օրեր առաջ նահանգապետերի և կուսակալների հավաքի ժամանակ:

Պրն Ռոհանին հայտնել է. «Իմամ Խոմեյնու գծած ուղուց հեռացել են նրանք, ովքեր ժողովրդին հուսահատեցնում են և չեն թողնում,որ ընտրեն ըստ իրենց ճաշակի»:

Նա Ներքին Գործերի Նախարարության աշխատողների հավաքի ժամանակ դարձյալ ակնարկելով Սահմանադրության Պահապան Խորհրդի գործունեության, ասել է .

«Հանրապետություն բառը մեր Սահմանադրությունում կա, բայց վախենում եմ մի օր այդ հանրապետություն բառն էլ հանցանք համարեն. հանրապետություն, հանրապետության նախագահ և հանրապետականություն բառերը մեր սահմանադրությունում կա: Մեր առաջին հանրաքվեն մեզ համար որոշել է իսլամական հանրապետություն և հենց այդ առաջին հանրաքվեն մեզ սովորեցրել է երկու բան` իսլամություն և հանրապետություն: Ժողովրդավարության և ազգային պետականության համար մեծագույն վտանգը ընտրությունը արարողակարգի վերածելն է, այսինքն նշանակել նախապես և սրբագործել ընտրական տեղամասում»:

Մե հարևան երկրում 41-ամյա այս բանավեճը դեռ շարունակվում է` հանրապետություն, թե կրոնապետություն. իմ կարծիքով, Իրանում դեռևս այս դիլեման լուծված չէ և կողմերը ելքեր են փնտրում: Առջևում լուրջ մարտահրավերներ են` արևմուտքի հետ լարված հարաբերություններ, միջուկային էներգիային վերաբերող բանակցություններ, պատժամիջոցներ, ընտրություններ և երկրի առաջնորդի ծերություն:

Իսլամական Հանրապետության Սահմանադրության լրամշակումն անխուսափելի է թվում, նոր սահմանադրություն` կրոնապետերի իրավասությունների սահմանափակումով և ժողովրդավարական ինստիտուտների հզորացումով:

Տիգրան ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829