Լրահոս
Օրվա լրահոսը

Չինական նոր տարին՝ դպրոցում 

Փետրվար 03,2020 12:00

Երեւանի Գագիկ Ստեփանյանի անվան դպրոցում տոնական տրամադրություն էր։ Այստեղ, ուր ուսուցանվում է չինարեն լեզուն, նշվում էր տարվա սկիզբը Արեւելյան տոնացույցով։

Հետաքրքիր սյուժե էր ներկայացվում. հայ աշակերտը ավանդական Նոր տարին եւ Սուրբ ծնունդը Հայաստանում նշելուց հետո գնում է Չինաստան՝ իր հասակակից բարեկամների հետ նշելու նոր տարին՝ ճանաչելու երկիրը, տոնական ավանդույթները, կերակուրները, ազգային երգ-երաժշտությունը։


Հետո այդ ամենին ականատես եղան բոլոր նրանք, ովքեր ներկա էին դպրոցականների ցուցադրած տեսարաններին՝ փոքրիկ բեմականացումների տեսքով։ Աշակերտները ոչ միայն հասկացել էին իրենց չին բարեկամների տոնական տրամադրությունը, այլեւ իրենց ասելիքը արտահայտում էին չինարեն լեզվով եւ ինչպես մասնագետներն էին հավաստում՝ բավականին գրագետ արտասանությամբ։

Չինարենով բարեմաղթանքներ եւ երգեր հնչեցին, պարեցին, ինչպես կանեին իրենց չինացի հասակակիցները՝ ուրախ ու ջերմ տրամադրություն հաղորդելով ներկաներին՝ ուսուցիչներին, իրենց ծնողներին ու հասակակիցներին։

Բնականաբար, այս ամենի հետ կապված գնահատանքի խոսքեր հնչեցին Հայաստանում գործող Կոնֆիցիուսի ինստիտուտի չինական կողմի տնօրեն Վան Չանծուենի, հայաստանյան կողմի տնօրեն Գոռ Սարգսյանի, դպրոցի խորհրդի նախագահ Հովհաննես Հովհաննիսյանի, ՀՀ կրթության նախկին նախարար Սերգո Երիցյանի, դպրոցի շրջանավարտների միության նախագահ Սեյրան Ավագյանի, դպրոցի տնօրեն Գարեգին Ներսեսյանի կողմից։

Նրանք ընդգծեցին, որ շատ են կարեւորում հայ-չինական հազարամյակների պատմություն ունեցող կապերի անընդհատ զարգացումը, միջմշակութային, այդ թվում եւ կրթական կապերի ընդլայնումը, որին առանձնահատուկ նշանակություն է տալիս չինական կողմը՝ զարգացնելով չինարենի ուսուցումը Հայաստանում։

Արդյունքին ականատես եղան ներկաները՝ տեսնելով, թե ինչպես են հայ աշակերտները արտահայտում իրենց ասելիքը չինարենով։ Եվ պատահական չէր, որ շնորհակալության խոսքեր հնչեցին՝ հասցեագրված Հայաստանում Չինաստանի դեսպանատանը եւ արտակարգ եւ լիազոր դեսպան Թիան Էրլունին։ Հենց նրանց աջակցությամբ էլ  Գագիկ Ստեփանյանի անվան դպրոցում շուրջ 600 աշակերտներ ուսուցանում են չինարենը եւ այսպիսի հաջողություններ ունեն։ Այդ մասին վկայեց միջոցառմանը ներկա՝ Հոնկոնգի դպրոցի հայազգի տնօրեն Վահագն Վարդանյանը, ով վկայեց, որ ինչ-որ տեսավ ու լսեց, հաջողություն պետք է համարել չինարեն լեզվի ուսուցման առումով։

Բանասիրական գիտությունների դոկտոր Սերգո Երիցյանն էլ հաղթանակներ մաղթեց չին ժողովրդին կորոնավիրուսի դեմ պայքարում՝ շնորհավորելով ու հաջողություններ մաղթելով նոր տարում։

Փոքրիկ հրավառությունից հետո հանդիսույթի բոլոր մասնակիցները եւս շնորհավորեցին միմյանց՝ համարելով բարեկամ ժողովրդի տոնը իրենցը:

Կարինե ՏԻՏԱՆՅԱՆ
Լուսանկարները՝  Սամվել Եղոյանի

«Առավոտ» օրաթերթ
01.02.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829