Լրահոս
Օրվա լրահոսը

Վառելափայտի վաճառքում ինչպիսի խաբեությունների են դիմում

Փետրվար 03,2020 13:30

Ես լիովին համամիտ եմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ բնապահպանների հետ, որ պետք է վերջ տրվի ապօրինի անտառահատումներին եւ, որպես վառելափայտ, հատվեն չորացած, ոչ պիտանի ծառերն ու ճյուղերը: Սակայն կա եւս մեկ այլ մտահոգություն, որ օր ու գիշեր հանգիստ չի տալիս ինձ:

Տարիներ շարունակ մարդիկ վառելափայտ են գնում  բեռնատարներով փայտ տեղափոխող-վաճառողներից: Այն առեւտրականներից, որոնք «մասնագիտացել» են խաբեբայության տարատեսակ ձեւերի մեջ:

Վաճառվող վառելափայտի կոճերի (գերան) երկարությունը տատանվում է 70-80 սմ միջակայքում: Սակայն վաճառողների  պնդմամբ՝ անտառներում իրենց, իբր, մեկ մետրի հաշվարկներով են տալիս: Նաեւ ասում են, թե մետրանոց փայտանյութն ո՞վ կտա իրենց եւ որ դրանք շինափայտի «տակ» են գնում, իսկ, եթե ճանապարհին մեկը բռնեց, իրենց վերջը կտա:

Անտեղյակների մոտ խղճահարություն է առաջանում, իսկ տարիներով խաբվածները հասկանում են, որ սկսվել է բացվել վաճառողի գլխապտույտ հարուցող խաբեությունների կծիկը:

Իսկ գոռգոռոցն էլ հաստատում է նրա «թիկունքի ամրությունը»: Իսկ երբ գնորդն առարկում է, որ մյուս չափերի միջոցով պակասը լրացնեն, պատասխանում են՝ էլ ի՞նչ կուզես:  Ամենապարզ թվաբանական հաշվարկը ցույց է տալիս, որ միայն այս զոռբայության միջոցով տասը խորանարդ մետր փայտի արժեքի մեջ արդեն իսկ երկու խորանարդ մետր արժեք ավելի են շորթում:

Զոռբայությանը հաջորդում է աչքակապությունը՝ բարդ թվաբանությամբ: Վաճառողը պարտադրում է գնորդին, որպես չափ ընդունել մեքենայի թափքի լայնությունը:

Մեքենայի թափքի հետնամասում էլ այնպես կիպ են դարսում փայտը, որ թվում է՝ բեռնված ողջ փայտանյութի մեջով ասեղ չի անցնի: Սակայն դատարկելիս պարզ երեւում է, որ ծուռ ու անկանոն շարվածքներն առաջացրել են «արջաչափ» փչակներ:

Որպեսզի գնորդը չնկատի, վարորդը նրան մի կողմ է հրավիրում՝ «զրուցելու», կամ սուրճ է խնդրում, որի ընթացքում մյուս աճպարարն արագ դատարկում, վերջացնում է: Ու, երբ ձեռնածուները գռփած հավելավճարներով հեռանում են, պարզվում է, որ տասը խորանարդ մետր վառելափայտի դիմաց գնորդը ստացել է 5-6 խմ փայտ: Եթե ընդունենք, որ մեկ խմ-ի արժեքը 20 հազար դրամ է, պարզվում է՝ խեղճ ու կրակ գնորդից խաբեբաները թռցրել են մոտ 80 հազար դրամ: Իմիջիայլոց, եթե գնորդն առաջարկի վառելափայտը դատարկելուց հետո դարսել եւ վերաչափել, վաճառողները զայրանում են ասելով՝ դու փայտ առնող չես, ո՞վ նման ձեւով փայտ կտա:

Ու անմիջապես հեռանում են: Հեռանում են, քանի որ ավելի քան համոզված են՝ կգտնվի մեկ ուրիշը, ով ստիպված կհամաձայնի իրենց թելադրած պայմաններին: Քանի որ մարդիկ պատրաստ են անգամ տնտեսության միակ կովը վաճառել փայտ գնելու համար:

Քանի որ երեխան առանց կաթի էլ յոլա կգնա, իսկ սառնամանիքին մեկ ժամից ավելի չի դիմանա: Թե ովքե՞ր են այս թալանչիներին «զինել» ու բաց թողել մեզ վրա: Հետաքրքիր է, նրանցից որեւէ մեկն ունի՞ փայտի առք ու վաճառքով զբաղվելու թույլտվություն:

Վերջերս վառելիքի շուկայում հայտնվել է այլընտրանքը՝ բրիկետը, որն ավելի նախընտրելի է թե՛ տեղափոխման, թե՛ գնի եւ թե՛ ջեռուցման ընթացքում օգտագործելու տեսակետից:

Սակայն հակառակ գովազդների, որտեղ ասվում է, որ մեկ տոննան հավասարազոր է վեց խմ վառելափայտի կալորիականությանը, փորձարկումները ցույց են տվել, որ այն մոտ կիսով չափ է համապատասխանում իրականությանը: Որքան էլ շարունակենք, «շղթան» չի վերջանա այնքան ժամանակ, մինչեւ օրենքով «դեմը չառնվի»:

Հնարավոր չէ՞ պատկան մարմինները վառելափայտի առք ու վաճառքի մասին օրենք ընդունեն, որի համաձայն՝ գնորդն իր մարզային կառույցին վճարի որոշակի քանակության ապրանքի արժեք, ստանա կտրոնը եւ իր միջոցներով տեղափոխի այն:

Համոզված եմ, որ նման քաղաքակիրթ մեթոդների պարագայում գնորդը խաբված չի զգա, հնարավորինս կվերանան ապօրինի անտառահատումները, իսկ ճանապարհներին՝ ստուգումներ իրականացնող հսկիչների թիվը:

Սպարտակ ՄԱԹՈՍՅԱՆ
ՀՀ Ժուռնալիստների միության անդամ

«Առավոտ» օրաթերթ
01.02.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829