Ասում է «Էլեկտրիկ Երեւան» գործով տուժողի ներկայացուցիչը
Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանին բողոքով դիմել է «Էլեկտրիկ Երեւան» գործով տուժող Արթուր Քոչարյանի ներկայացուցիչ, փաստաբան Ռոբերտ Ռեւազյանը:
Տուժողը երեք ժամից ավելի ապօրինաբար պահվել էր ոստիկանության Էրեբունու բաժնում: Փաստաբան-ներկայացուցիչը խնդրում է ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթը կասեցնելու եւ ՀՀ գլխավոր դատախազության 12.08.2019թ. բողոքը մերժելու մասին որոշումները վերացնել եւ վերականգնել անձի խախտված իրավունքները եւ ազատությունները:
Հիշեցնեմ, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում 2015թ. հուլիսի 2-ին ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ, 164-րդ հոդվածի 2-րդ եւ 185-րդ հոդվածի 1-ին մասերով հարուցվել էր թիվ 62217915 քրեական գործը, էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ Երեւանի Բաղրամյան պողոտայում «Ոչ թալանին» քաղաքացիական նախաձեռնության կազմակերպած հավաքի, ապա դրան հաջորդած նստացույցը դադարեցնելու նպատակով 2015թ. հունիսի 23-ին իրականացված հատուկ միջոցառումների ընթացքում, ինչպես նաեւ հետագա օրերին, պետական հատուկ ծառայություն իրականացնող անձանց դիտավորությամբ իրենց լիազորությունների շրջանակից դուրս գալու առթիվ:
Կարդացեք նաև
Բաղրամյան պողոտայում, Ազատության հրապարակում, հարակից տարածքներում եւ ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումներում հավաքի մասնակիցների եւ իրադարձությունները լուսաբանող մեր գործընկերների նկատմամբ ոստիկանությունը կիրառել էր բռնություն, հավաքի մասնակիցները ստացել էին մարմնական վնասվածքներ, վնասվել կամ ոչնչացվել էին տեսաձայնագրող սարքերը:
Տուժողի ներկայացուցիչ, փաստաբան Ռոբերտ Ռեւազյանը երեկ «Առավոտին» տեղեկացրեց, որ 2019թ. մարտի 4-ին որոշում է կայացվել քրեական գործով վարույթը կասեցնելու մասին՝ որպես մեղադրյալ ներգրավման ենթակա անձինք հայտնի չլինելու պատճառաբանությամբ:
Փաստաբանը հիշյալ բողոքի դեմ բողոք էր ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն, իսկ ապրիլի 15-ին դատախազը որոշում է կայացրել ՀՀ ՀՔԾ թիվ 62217915 քրեական գործով վարույթը կասեցնելու մասին որոշումը վերացնելու մասին։ Ռ. Ռեւազյանը հայտնեց, որ հուլիսի 24-ին ՀՀ ՀՔԾ խոշտանգումների եւ մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչության պետի տեղակալ Վ. Ավետիսյանը որոշում է կայացրել տուժող Արթուր Քոչարյանի 2015 թվականի հունիսի 23-ին ոստիկանության Էրեբունու բաժնում երեք ժամից ավելի պահելու համար ոստիկանության ծառայողների նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնել՝ վերջիններիս արարքում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ։
Ըստ Ռ. Ռեւազյանի, քննիչի որոշմամբ արձանագրվել է, որ նշված օրը բերման են ենթարկվել ավելի քան 200 հավաքի մասնակիցներ խուլիգանություն կատարելու կասկածանքով, սակայն նշված քրեական գործի շրջանակներում հարցաքննվել են վկայի դատավարական կարգավիճակով:
«Առավոտին» Ռ. Ռեւազյանն ասաց. «Եթե անձը բերման է ենթարկվել ոստիկանություն խուլիգանություն կատարելու կասկածանքով, ապա պետք է ապահովվեր որպես կասկածյալ իր իրավունքները եւ պարտականությունը, այդ թվում՝ կազմվեր ձերբակալության մասին արձանագրություն: Եթե անձը բերման է ենթարկվել որպես վկա, ապա վկային ոստիկանությունը իրավունք չուներ բերման ենթարկելու:
Երկու դեպքում էլ ակնհայտ է, որ ոստիկանության գործողությունները կատարվել են օրենքի կոպիտ խախտումներով, որ էական վնաս է պատճառել տուժողին՝ վերջինս ապօրինի զրկվել է ազատությունից, նրա նկատմամբ դրսեւորվել է անմարդկային վերաբերմունք՝ շուրջ 10 ժամ շարունակ գտնվել է ոստիկանների հսկողության տակ առանց սնվելու եւ հանգստանալու, հագուստը եղել է թրջված եւ չորացել է ոստիկանությունում, միջամտել են նրա անձնական կյանքին՝ նրան տարել են փորձաքննության եւ փորձանմուշներ են վերցրել մեզից եւ մազից, ստուգել են ալկոհոլ եւ թմրանյութ օգտագործած լինելու հանգամանքը, ինչպես նաեւ վերցրել են մատնահետքեր, վերցրել են 2 հեռախոսները, դրամապանակը եւ ինֆորմացիոն կրիչը»:
Հարցին, թե տուժողի վերաբերյալ վարույթն իրականացնող մարմինը որոշմամբ արձանագրել է, որ տասը, թե՛ երեք ժամ են պահվել, Ռ. Ռեւազյանը տեղեկացրեց, որ Արթուր Քոչարյանը ոստիկանության բաժնում է գտնվել 2015 թվականի հունիսի 23-ին, ժամը 7։00-ից (ըստ արձանագրության) մինչեւ քննիչի մոտ հարցաքննության ավարտը՝ ժամը 16։20-ը։ Առկա է փաստ, որ անձը առանց որեւէ իրավական կարգավորման մոտ 10 ժամ պահվել է ոստիկանության բաժնում՝ առանց պատշաճ իրազեկվածության։
«ՀՀ քրեական դատավարությունը նախատեսում է բերված անձին պահել առավելագույնը երեք ժամ, որից հետո պետք է առաջադրվի մեղադրանք կամ անձը ազատ արձակվի, որը, սակայն, տեղի չի ունեցել։ Միայն այն փաստը, որ անձը պահվել է ոստիկանության բաժնում սահմանված ժամից ավելի, ուղղակիորեն հանգեցնում է անձի՝ Քրեական դատավարության օրենսգրքով երաշխավորված իրավունքների անհիմն սահմանափակման։ ՄԻԵԿ 5-րդ հոդվածը սահմանում է մարդու հիմնարար իրավունքներից մեկը՝ ազատության եւ անձնական անձեռնմխելիության իրավունքը։ Սույն հոդվածի համաձայն՝ «Յուրաքանչյուր ոք ունի ազատության եւ անձեռնմխելիության իրավունք։ Ոչ ոքի չի կարելի ազատությունից զրկել այլ կերպ, քան հետեւյալ դեպքերում եւ օրենքով սահմանված կարգով»:
Մեր դիտարկմանը, թե ոստիկանները ցուցմունք էին տվել, որ բերման ենթարկվածներին ոստիկանական բաժիններում 3 ժամից ավելի պահելու դիտավորություն չեն ունեցել, որ աշխատանքային ծանրաբեռնվածության պատճառով նրանց վերաբերյալ անհրաժեշտ փաստաթղթերի կազմման համար տեւական ժամանակ է պահանջվել, եւ որ բերման ենթարկվածները «նախընտրել են սպասել հարցաքննության իրենց հերթին», զրուցակիցս պատասխանեց. «Նախ ցանկանում եմ նշել, որ ոստիկանական բաժինները սպասասրահներ չեն, իսկ հարցաքննությունը հերթագրված գործընթաց չէ, որ անձինք սպասեն իրենց հարցաքննության հերթին:
Քրեական դատավարությունը նախատեսում է անձանց հարցաքննության կանչելու կարգը, իսկ ոստիկանների ցուցմունքները պարզապես լրացուցիչ անգամ փաստում են տուժողի եւ մնացած բերման ենթարկվածների եւ նրանց իրավունքների ու ազատությունների հանդեպ դրսեւորված անբարեխիղճ վերաբերմունքը: Որեւէ աշխատանքային ծանրաբեռնվածություն չի կարող արդարացնել անձանց նկատմամբ դրսեւորած անօրինական գործողությունները:
Միեւնույն ժամանակ ցանկանում եմ անդրադառնալ այն փաստին, որ Արթուր Քոչարյանի ազատությունը ապօրինի սահմանափակելուց բացի, խախտվել են վերջինիս հիմնարար այլ իրավունքներ եւս, որոնք նույնպես պետք է ենթարկվեն գնահատման»։
Ի դեպ, դատախազն իր օգոստոսի 12-ի որոշման մեջ նշել էր, թե Ա. Քոչարյանը ցուցմունք է տվել, որ ոստիկաններից մեկը խորհուրդ է տվել քիչ էլ սպասել, մինչեւ քննիչն իրենց հարցաքննի, որպեսզի հետո հարցաքննության համար նորից չգան։ Ինքը համաձայնել է, եւ րոպեներ անց իրեն ուղեկցել են քննիչի մոտ, եւ ցուցմունք տալուց հրաժարվելուց հետո, ստանալով իր իրերը, ժամը 16-ի սահմաններում հեռացել է ոստիկանության Էրեբունու բաժնից. «Սրանից դատախազը հետեւություն է արել, որ ոստիկանը խորհուրդ է տվել, այլ ոչ թե հարկադրել է սպասել քննիչին»։
Բողոքաբերի գնահատմամբ, դատախազը Ա. Քոչարյանի համաձայնությունը անբարեխղճորեն ներկայացրել է այնպես, կարծես այդ համաձայնությունը վերաբերում էր Ա. Քոչարյանի՝ ոստիկանների հսկողության տակ գտնվելու ողջ ժամանակահատվածին։
Ինչ վերաբերում է խուլիգանություն կատարելու կասկածանքին, ապա, ըստ բողոքաբեր կողմի, բաժիններ տարված անձանց արարքում նույնիսկ առերեւույթ խուլիգանության հատկանիշներ չկային, հակառակ դեպքում կստացվի, որ խաղաղ հավաքների յուրաքանչյուր մասնակից կարող է մեղադրվել խուլիգանության մեջ:
ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ
Հ.Գ. Հոդվածը պատրաստ էր տպագրության, երբ տեղեկացանք, որ «Էլեկտրիկ Երեւանի» գործով հունվարի 16-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ոստիկանության 7-րդ վարչության բաժնի պետի նախկին տեղակալ Արման Ավագյանին: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը:
«Առավոտ» օրաթերթ
01.02.2020