Լրահոս
Օրվա լրահոսը

Սերգեյ Շաքարյանցը կաթեցրեց իր բաժին թույնը. Վահրամ Աթանեսյան

Փետրվար 02,2020 20:22

Քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը, հայտարարելով, որ Շուշիում հայերի եւ ադրբեջանցիների համատեղ բնակության գոտի ստեղծելու հարցը Մնացականյան-Մամեդյարով հանդիպմանը  քննարկված լինելու  մասին Դավիթ Շահնազարյանի ասածին ամեն ոք ազատ է հավատալ կամ ոչ, այնուամենայնիվ հարկ է համարել կաթեցնել իր բաժին թույնը. «Ուղղակի հայ հասարակությունը շատ լավ գիտի. ավելի լավ, քան Դավիթ Շահնազարյանը, հազիվ թե որևէ մեկը գիտի վարչապետ Փաշինյանի «կնքահոր» (քաղաքական իմաստով), այսինքն՝ Լևոն Տեր-Պետրոսյանի կեղտոտ բնավորությունն ու կեղտոտ մտքերը: Մենք հույս ենք հայտնում, որ ազգը թույլ չի տա, որ տեղի ունենա ազգային դավաճանություն, և անհրաժեշտության դեպքում ոտքի կկանգնի դավաճանների դեմ»:

Թե ի՞նչ կապ ունի Լեւոն Տեր-Պետրոսյանը ներկայիս բանակցային գործընթացի հետ՝ թողնենք Շաքարյանցի խղճին: Բայց չենք կարող չանդրադառնալ Լեւոն Տեր-Պետրոսյանի բանակցած՝ ԼՂ կարգավորման փուլային անվանված տարբերակի՝ խնդրո առարկային վերաբերող բաժնին. «Սույն համաձայնագրի երեք կողմերը, այսպիսով` վերջ դնելով հակամարտության պատերազմական կողմին, համաձայն են Մինսկի խորհրդաժողովի համանախագահների օժանդակությամբ բարեխղճորեն շարունակել բանակցությունները ԵԱՀԿ գործող նախագահի կողմից համապատասխանաբար հրավիրված այլ կողմերի հետ հակամարտության մյուս բոլոր կողմերի անհետաձգելի ու համապարփակ կարգավորմանը հասնելու նպատակով, այդ թվում` քաղաքական կողմը, ինչը ներառում է ԼՂ կարգավիճակի որոշումը և Լաչինի, Շուշիի ու Շահումյանի հետ կապված խնդիրների լուծումը. այսպիսի կարգավորումը բանակցությունների ճանապարհով իրականանալուց և վերոհիշյալ կողմերի ստորագրումից հետո ենթակա է ճանաչման միջազգային հանրության կողմից հնարավորինս արագ հրավիրվելիք Մինսկի խորհրդաժողովի ժամանակ:

Ինչպես տեսնում ենք, Լեւոն Տեր-Պետրոսյանի «կեղտոտ» բնավորության շնորհիվ համաձայնագիրը պետք է ստորագրեին հակամարտության երեք կողմերը՝ ԼՂՀ-ն, Ադրբեջանը եւ Հայաստանը: Այսինքն, Ադրբեջանն այդ համաձայնագրով Լեռնային Ղարաբաղը ճանաչում էր որպես պայմանագրի կողմ, ինքնուրույն սուբյեկտ: Այսօր հայ դիվանագիտությունը ջանքեր է գործադրում Լեռնային Ղարաբաղը բանակցող կողմ ճանաչելու ուղղությամբ եւ մերժվում եւ համանախագահներից, եւ, իհարկե, Ադրբեջանից:

Իսկ Լեւոն Տեր-Պետրոսյանի «կեղտոտ» մտքերն այն էին, որ Շուշի ադրբեջանցիների վերադարձի հարցն Ադրբեջանը պետք է քննարկեր Լեռնային Ղարաբաղի հետ, եւ համաձայնությունը կարող էր ձեռք բերվել պարիտետի սկզբունքով՝ հայ բնակչությունն էլ պետք է վերադառնար Շահումյան: Սա է իրողությունը: Թե ինչ եւ ինչպես են բանակցել Տեր-Պետրոսյանի հաջորդները՝ նույնպես հայտնի է: Իսկ թե ինչի հնարավոր կլինի հասնել՝ ցույց կտա ժամանակը, եթե խոսքը բանակցվող կարգավորմանն է վերաբերում: Ամեն դեպքում պատերազմն էլ տարբերակ է:

Վահրամ Աթանեսյան

Քաղաքագետ, Արցախի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829