Հունվարի 30-ին Արցախում մահացած զինծառայող Վահրամ Ավագյանի հարազատները նրա դագաղը ծննդավայր Հայթաղ գյուղից ոտքով բերում են Երեւան՝ Պաշտպանության նախարարություն: Ավելի վաղ բախումներ էին տեղի ունեցել զինծառայողի հարազատների ու ոստիկանների միջեւ, որոնք փակել էին մայրուղին:
Վահրամը ապրում էր Էջմիածնում, եւ ըստ տեղեկությունների, նրա հետ զորամասի մի խումբ տղաներ էջմիածնի մասին «տղայական» խոսակցություններ էին ունեցել, որոնց մասնակից էր եղել նաեւ ԱԺ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի` Շմայսի որդին: Զինծառայողի մահվան գործով ձերբակալվածներից մեկը հենց Առաքել Մովսիսյանի որդին է:
Ոստիկանները փակել էին Արգավանդի խաչմերուկը։ «Մեռաք գյուլլելով… Չի կարող ժամը 2-ին մեր զինվորը մահանա, ժամը 8-ին բերեն մեզ տան, տաք-տաք մեր դագաղը տվել են մեզ…»,-ասաց զինծառայողի հարազատներից մեկը: Նրանց տեղեկացրին, որ շուտով տեղում կլինի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:
Զինծառայողի հարսը՝ Աստղիկ Վարդանյանը նշեց, որ ամուսնու եղբոր հետ է մեծացել. «Իմ հինգ տարեկան քյորփա երեխեն ասում է՝ կգնամ սպանողին կսպանեմ, ինչի պիտի արդարություն չլինի, ու իմ երեխեն էդպես ասի։ Ինքը՝ Վահրամը տենց բան չէր անի, ինքը ունի ամեն ինչով ապահոված ընտանիք, գլխին հինգ-վեց ախպեր: Ինքը էն տղեն չէր, որ կարողանային ծեծեին, կոտրեին… Ինքը թույլ չէր, մենակ իր մոր խաթեր տենց բան չէր անի… Վերջին օրը իր հետ խոսել ենք… Ինքը հունվարի երեքին եկել էր, տասնհինգին գնացել էր, ինքը շատ ուրախ էր, մարդն եկել էր տոն էր նշում իր ծնողների հետ, ինքը նման բան անելու ոչ մի դրդապատճառ չուներ: Ինքը կամքից թույլ մարդ չէր, դա սարքած է։ Մինչեւ չհաստատվի, որ ինքը ինքնասպան չի եղել, ու չպատժվի մեղավորը, մենք չենք հանգստանալու…»:
Զոհվածի հարազատներին ասացին, որ շուտով իրենց մոտ կգա Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը: Նրանք զայրացան, որ թող իրենց նախարարությունում սպասի, բայց որոշեցին սպասել նախարարին:
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ