Տավարի լյարդը կարող է լինել ոչ միայն օգտակար, այլեւ՝ համեղ: Նույնիսկ նրանք, ովքեր չեն սիրում այս մթերքը, մեծ է հավանականությունը, որ այս տարբերակով պատրաստված ուտեստը կհավանի: Կարեւոր պայման է, որ լյարդը լինի շատ թարմ:
Անհրաժեշտ մթերքները
Տավարի լյարդ («սեւ թոք»)- 500 գրամ
Աղ, սեւ պղպեղ, չորացրած ծիթրոն- ըստ ճաշակի
Կարդացեք նաև
Ձիթապտղի յուղ- 4-5 ճաշի գդալ
Խնձոր-2 հատ
Կարմիր սոխ-1 հատ
Գազար-1 հատ
Բալզամիկ քացախ-3 ճաշի գդալ
Պատրաստման եղանակը
Տավարի թոքը մաքրել վրայի թաղանթից եւ խոռոչներից: Մաքրելու հեշտ ձեւը կարող եք տեսնել այստեղ:
Կտրատել բարակ շերտերով՝ լանգետի մսի նման: Թասիկի մեջ աղ, սեւ պղպեղ, ծիթրոն անել, մի փոքր ձիթայուղ ցանել: Լյարդի «լանգետները» շարել այդ խառնուրդի վրա, վրայից նորից աղ, պղպեղ, ծիթրոն եւ ձիթայուղ անել, շարել մնացած կտորները: Այդպես՝ մինչեւ լյարդի կտորները վերջանան եւ բոլորը համեմվեն:
Թողեք մնա առնվազն կես ժամ, կարող է սառնարանում մնալ մինչեւ մեկ-երկու օր:
Գրիլ թավան լավ տաքացրեք: Կեղեւեք, լվացեք, լավ չորացրեք եւ բարակ շերտերի բաժանեք խնձորը, գազարը եւ սոխը: Սկզբում թավայի վրա երկու կողմից խորովեք միրգ-բանջարեղենը, ապա՝ լյարդի կտորները:
Լյարդը չթողնեք շատ եփվի, որպեսզի չպնդանա եւ համը չկորցնի: Եթե լավ բարակ եք շերտատել, ապա յուրաքանչյուր կողմից առավելագույնը 2 րոպե թողեք մնա:
Խորոված միրգ -բանջարեղենը շարեք ափսեի մեջ, վրան աղ, սեւ պղպեղ, չորացրած ծիթրոն եւ ձիթապտղի յուղ ցողեք, ինչպես նաեւ՝ բալզամիկ քացախ: Լյարդի կտորները դասավորեք կողքը եւ մատուցեք: Լյարդի վրա էլ կարող եք մի փոքր բալզամիկ քացախ անել, շատ համեղ է լինում: Կարող եք խնձորի կամ գազարի փոխարեն սերկեւիլ վերցնել:
Բարի ախորժակ:
Պատրաստեց Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆԸ